Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՀԱՐ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՌ ՓՈՂՈՑՈՒՄ Է

Հուլիս 09,2009 00:00

89-ամյա Գոհար Թորոսյանը երկրաշարժից հետո հանգրվանեց մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում

\"\"\"\"
Այսպիսին էր Գ. Թորոսյանը, երբ մարզում էր Գյումրիի մարզիկներին:
Իսկ հիմա այս տարեց կնոջը չեն ճանաչում:

Այս հյուրանոցում Ադրբեջանից եկած փախստականների նման ծվարել էին գյումրեցի աղետյալները: Միայնակ թոշակառու Գ. Թորոսյանը բնակարան ստանալու համար հաշվառվել էր Գյումրիում:

Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մարտական գործողություններին մասնակցելու համար բազմակի շքանշանակիր ու մեդալակիր: Գ. Թորոսյանը իր ողջ կյանքը նվիրաբերել է հայրենական սպորտին, 1970թ. մայիսի 9-ից սպորտի վաստակավոր մարզիչ է, ղեկավարել է բասկետբոլի եւ վոլեյբոլի Հայաստանի հավաքականները:

2006թ. Գոհար Թորոսյանին դատարան հրավիրեցին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ապա քաղաքացիական վերաքննիչ դատարանը Գ. Թորոսյանին չվտարելու մասին որոշում ընդունեցին: Սակայն դատարանի որոշումը հաշվի չառնելով՝ 2006թ. դեկտեմբերի 28-ին «Էրեբունի» հյուրանոցում Գ. Թորոսյանի իրերը 1-ին հարկ էին նետել, իսկ կացարանի դուռը մեկընդմիշտ կողպել: Գ. Թորոսյանը հայտնվեց փողոցում: Մարդիկ նախատոնական տրամադրության մեջ էին, եւ չգտնվեց մեկը, որ իր հարկի տակ ընդունի տառապյալ կնոջը: Թոշակը ստանալուց հետո փողոցում Գ. Թորոսյանը սայթաքեց եւ կոտրեց ձեռքը: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, եւ քանի որ անտեր կին էր, թեւը ծուռումուռ կպցրին ու նորից ուղարկեցին… փողոց:

Եղան մարդիկ, որ իրենց տները ժամանակավոր, 1-2 օրով վարձով տալիս էին նախկին փառապանծ մարզիկին (Գյումրիում լեգենդներ են պատմում այս մարզուհու մասին: Տասնյակ թերթեր երազում էին նրա սպորտային հաջողությունների մասին գրել):

Սակայն անցյալը չի ջերմացնում նրան: Մոռացված Գոհար Թորոսյանը 7000 դրամ աղքատության նպաստ էր ստանում, որը ներկայումս «բարձրացել» է՝ դառնալով 10000 դրամ:

Գյումրիից՝ 88-ի երկրաշարժից հետո, նրան չեն կանչել, չեն առաջարկել որեւէ հասցե, բնակարան: «Չգիտեմ ինչքան կապրեմ: Բայց ուզում եմ ինձ փողոցից կտրեն: Չեմ ուզում փողոցում մնալ»,- ասում է այլեւս հուսահատության եզրին հայտնված Գ. Թորոսյանը:

Նա նամակներ է ուղարկել հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, կառավարություն:

Գ. Թորոսյանը հուսահատության պահին ակնարկում է, թե իր կյանքին մտադիր է վերջ տալ:

Սակայն մի՞թե հայրենի մարզաշխարհում հայտնի այս անունը, տասնյակ պարգեւներ հայրենիքին բերած կինը արժանի չէ ուշադրության: Վերջին ուշադրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել