Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում եմ լինել բոլորի նման»

Հուլիս 09,2009 00:00

«12 տարի առաջ մայրս մահացավ: Ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն էի զգում: Էդ օրվանից միակ մարդը, ով ինձ հասկանում էր, ում ես վստահում էի՝ հայրս էր: Բայց 5 տարի առաջ նա էլ մահացավ: Հիմա ես լրիվ մենակ եմ: Սկզբից շատ դժվար էր, բայց հիմա սովորական է դարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց 2-րդ կարգի հաշմանդամ Մելանյա Մարգարյանը: Մելանյան չի ամուսնացել, քանի որ «ինձ բոլորն ասել են, որ իմ նման հիվանդներին չի կարելի ամուսնանալ: Ես 17 տարեկան էի, որ մեր փողոցից մի տղայի էի սիրահարվել: Բոլորը ծիծաղում էին իմ վրա ու ասում, որ ոչ մեկը իմ նմանի հետ չի ամուսնանա: Ես դրանից շատ էի նեղվում: Բայց որ ամուսնացած լինեի, գոնե մենակ չէի ապրի»: Մելանյան քույր ու եղբայր ունի: Նրանք 2-ն էլ բնակվում են Ռուսաստանում. «Եղբայրս խոստացել ա, որ կամ ինքը կգա, կամ ինձ կտանի իր մոտ: Ասեց, որ չնեղվեմ, կգա ու ամեն ինչ լավ կլինի: Չգիտեմ, երբ կգա, բայց ամեն օր հույսով սպասում եմ: Իսկ քույրս երբեք չի զանգում: Ռուսաստանում ամուսնացել ա, տուն ունի, երեխա ունի: Ես էլ որ հիվանդ եմ, դրա համար էլ երեւի ամաչում ա ինձ զանգի»:

Մելանյային հաճախ այցելում է հորաքրոջ աղջիկը, կերակուր բերում, հիվանդ ժամանակ խնամում: Մելանյան անվճար երթեւեկության կտրոն ունի: Այդ կտրոնով նա ամեն օր գնում է բարեգործական ճաշարան: Նա անգամ կարդալ, գրել չգիտի: Նրան ծնողները 4-րդ դասարանից դպրոցից հանել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել