Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ՞Ն

Հուլիս 09,2009 00:00

Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի ոդիսականը

Արդեն 4 տարի «Առավոտն» անդրադառնում է Գյումրիի կենտրոնում մի խումբ անօթեւանների ֆինանսներով կառուցված Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի «սկանդալային» պատմությանը: Ինչպես նշել էինք, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, համագործակցելով «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախկին նախագահ Հովհաննես Փորսուղյանի եւ հաշվապահ Սահականույշ Սարգսյանի հետ, անօրինական կերպով վաճառել էր այս շենքի 6 բնակարան:

Ու չնայած մեր օրաթերթը նրա կեղծիքների մասին բազմաթիվ փաստաթղթեր էր հրապարակել, նույնիսկ ներկայացրել էինք բնակիչների հայտարարությունը նրա կողմից կեղծ անձնագիր օգտագործելու մասին, սակայն վերոհիշյալ տիկինը շարունակում է մնալ անպատիժ, անձեռնմխելի: Ավելին. նա օրումեջ գործեր է հրամցնում մարզի ոստիկաններին ու քննիչներին: Վերջիններս էլ հաճույքով գնում են այս տիկնոջ բողոքների հետեւից: Սայաթնովացիների ներկայացմամբ, Հ. Մելքոնյանը այնպես է խճճել այս շենքի պատմությունը, որ մինչ օրս գլուխ չեն հանում՝ մի ինտրիգից հայտնվելով մեկ ուրիշի մեջ: Այժմ էլ, ըստ բնակիչների, գործին խառնվել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, որը, ըստ նրանց, հովանավորելով կեղծարարներից մեկին՝ հաշվապահ Սահականույշ Սարգսյանին, ամեն կերպ խոչընդոտում է իրենց բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:

Բանն այն է, որ բնակարանների սեփականաշնորհման գործընթացն այս շենքում հեշտ չստացվեց. բնակիչները բողոք ներկայացրին վարչապետին, այնուհետեւ «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախագահ Մկրտիչ Գրիգորյանը ստիպված եղավ դիմել վարչական դատարան: Դատարանն էլ օրինական լուծում տվեց հարցին՝ վճռելով «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 9/9 ա հասցեում գտնվող շենքի նկատմամբ, 23.02.1998 թվականին ստեղծված եւ 2002-ին վերագրանցված Գյումրիի «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի անվամբ, այնուհետեւ վերջինիս կողմից տրված տեղեկանքների հիման վրա գրանցել կոոպերատիվի անդամների սեփականության իրավունքը բնակարանների նկատմամբ»: Վճռի կատարման համար նախ անհրաժեշտ է չափագրել շենքի բոլոր բնակարանները: Ու քանի որ շենքի 2 բնակիչ՝ կոոպերատիվի նախկին հաշվապահ Ս. Սարգսյանի քույրը՝ Աիդա Սարգսյանն ու թիվ 35 բնակարանի անհայտ բնակիչը (կոոպերատիվի անդամներին հավաստիացրել են, որ այն ձեռք է բերել Շիրակի մարզպետ) չեն բացում իրենց դռները կադաստրի աշխատակիցների առջեւ, ուստի բնակիչների բողոքներից հետո գործին խառնվել են դատական ակտերի հարկադիր կատարողները: «ԴԱՀԿ աշխատակից Բադիշյանը Աիդայի քրոջից՝ Սահականույշից խնդրում էր գալ ու 29/30 մի մուտքով բնակարանի դուռը բացել չափագրման համար, սակայն այդ պահին ԴԱՀԿ աշխատակցին զանգեց Շիրակի մարզպետը՝ հրահանգելով դադարեցնել ապօրինի գործողությունները: ԴԱՀԿ աշխատակիցն ասաց, որ կա ուժի մեջ մտած վճիռ, ու իրենք կատարում են դատարանի վճիռը, սակայն մարզպետը հրահանգեց իր մոտ բերել դատարանի վճիռը ու ԴԱՀԿ-ին չթողեց շարունակել իր գործողությունները: ԴԱՀԿ աշխատակիցները, հլու-հնազանդ ենթարկվելով մարզպետի հրամանին, հեռացան: Մեր բնակարանների սեփականաշնորհումը, բնական է, ձեռնտու չէ նախկին հաշվապահին, ոստիկաններին գործ տվող Հասմիկ Մելքոնյանին, ովքեր իրենց բռնած կլիենտներին նորից հույս են տվել, թե շուտով մեր բնակարանները իրենցը կլինի: Աիդայի խնամին, ում մոտ գտնվում էր թիվ 35 բնակարանի բանալին, մեզ ասաց, որ գնանք ու բանալին Շիրակի մարզպետից ուզենք, մեզ հավաստիացնում են, որ դա պատկանում է «անօթեւան» Լիդա Նանյանին: Թող գա, դուռը բացի ու չափագրման գործընթացին չխոչընդոտի: Ի՞նչ է նշանակում՝ մարզպետը խանգարում է դատարանի վճռի իրականցմանը: Ինչո՞վ է պետական բանկից խարդախության համար հեռացված ու կալանքի տակ գտնված հաշվապահը վայելում մարզպետի հարգանքը, որ կարելի է էդքան բնակիչների իրավունքները ոտնահարել՝ Սահականույշին հովանավորելու համար»,- զայրացել են բնակիչները: Վերջիններս Շիրակի մարզպետի դեմ բողոք են հղել ՀՀ վարչապետին:

«Առավոտը» Շիրակի մարզպետ Լ. Նանյանից եւս հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս տհաճ պատմության մեջ շոշափվում իր անունը: Մարզպետը մեզ վստահեցրեց, որ ինքը որպես քաղաքացի ընդհանրապես կապ չունի տվյալ շենքի հետ. «Երբեւէ որեւիցե մեկը չի կարող ասել, թե ես ինչ-որ կապ ունեմ էդ շենքի հետ, բայց որպես մարզպետ, ինձ դիմել են քաղաքացիներ եւ բողոքներ ունենք տարբեր ատյաններից ստացված, որոնք հետաքրքրվել են, թե ինչ է կատարվում այդ շենքում: Պարզ է, որ այս դեպքում որպես պաշտոնյա, ես պարտավոր եմ հետաքրքրվել այդ շենքով: Բայց ես հավաստիացնում եմ, որ այդտեղ բնակարան չունեմ, ի՞նչ է, ես տուն չունե՞մ, որ գնամ այդտեղից բնակարան ձեռք բերեմ: Եվ հետո, որ բնակիչներն ասում են, թե ես ճնշումներ եմ գործադրել ԴԱՀԿ աշխատակիցների վրա: Եթե իմ ասելով լինի, մենք ունենք կալանքի տակ գտնվող գյուղապետարաններ, որոնց հարցով կարող էի ԴԱՀԿ-ին ասել, որ հանեն իրենց կալանքը եւ մեր գյուղապետարանները կարողանան գազիֆիկացման համար համաֆինանսավորում իրականացնեն: Իսկ ես յուրաքանչյուր հարցով կարող եմ հարցնել, հետաքրքրվել, յուրաքանչյուր վճիռ պահանջել, որպեսզի ներկայացնեն՝ տեսնենք ինչ իրավունքներով, ինչ օրինականությամբ են աշխատանքներն իրականացնում, ոչ միայն էդ շենքում, այլ տարբեր շենքերում: Իսկ ես այդ շենքում ճանաչում եմ ոչ միայն կոոպերատիվի հաշվապահ Սահականույշ Սարգսյանին, այլ գրեթե բոլորին, որպես քաղաքացի իրավունք ունեն ինձ դիմելու բոլորը, կապ չունի՝ նա հաշվապահ է կամ, ասենք, չաշխատող մարդ է»: Նա վստահեցրեց, որ ինքը հաշվապահին չի հովանավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել