Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը երեկ այցելեց Արագածոտնի մարզ եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղավ Աղձք, Վարդենուտ, Արա, Մուլքի գյուղերում՝ ծանոթանալու ՀԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին: Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման (RESCAD) ծրագրի շրջանակներում Աղձքում գազիֆիկացման աշխատանքներ են ընթանում՝ անցկացվելու է 1860 գծամետր՝ միջին ճնշման եւ 2340 գծամետր՝ ցածր ճնշման գազախողովակաշար: Ծախսվելու է 16 միլիոն դրամ, որից 9,725 միլիոնը համայնքի ներդրումն է: Ըստ «Գազկոմշին» ՍՊԸ տնօրեն Մաքսիմ Միսակյանի, աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին: Ապարանի տարածաշրջանի Վարդենուտ եւ Արա գյուղերում, Կենսական ճանապարհների բարելավման ծրագրի (LRIP) շրջանակներում ասֆալտապատվում է 3.5 կմ ճանապարհ: Իսկ Մուլքիում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ASIF) ծրագրին ՀԲ տրամադրած 8 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ կառուցվել է խմելաջրի պոմպակայան՝ անհրաժեշտ սարքավորումներով: