Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԻՐԻՏԸ» ՓՆՏՐՈՒՄ Է ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ

Հուլիս 09,2009 00:00

Ի պատասխան դրան, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյան էլ ասում է. «Իմ տեղը պարզ է, իզուր կապիկություն մի արեք»:

«Նաիրիտ գործարանը» դիմել է դատարան՝ ընդդեմ «Ջանկօգ-քիմ» ընկերության եւ փորձում է մոտ 6 մլն 530 հազար դրամ պարտքը ետ ստանալ: Երեկ նշանակված դատական նիստը չկայացավ, քանի որ «Ջանկօգ-քիմ» ընկերությունից ոչ ոք չէր ներկայացել դատարան: Նշենք նաեւ, որ դատարանի կողմից այդ ընկերությանը ուղարկվող ծանուցագիրը ետ է եկել, իսկ ծրարի վրա մակագրված է եղել, որ «այդ հասցեում նման իրավաբանական անձ գոյություն չունի»:

«Առավոտի» հետ զրույցում «Նաիրիտ գործարանի» իրավաբանական ծառայության պետ Արմեն Աբովյանը վստահեցրեց, որ 2004-ին գործարանը «Ջանկօգ-քիմի» հետ առուվաճառքի մի շարք գործարքներ է կատարել՝ վաճառելով աղաթթու, կաուստիկ սոդա եւ այլ ապրանքներ, ինչի արդյունքում «Ջանկօգ-քիմը» պարտքեր է կուտակել: Նշենք, որ ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրենն է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, իսկ 2004-ին «Նաիրիտի» փոխտնօրենը եղել է Հարություն Առաքելյանի եղբայր Աշոտ Առաքելյանը: Փաստորեն, եղբայրների միջեւ «եղբայրական» գործարքներ են եղել եւ, ասենք, ինչպես եղբայրը եղբորից պարտքը չի պահանջում, այնպես էլ այս դեպքում գործարանի տնօրինությունը աչք է փակել 6 մլն-ից ավելի պարտքի վրա:

Ըստ Ա. Աբովյանի, «Մենք դատարանին ներկայացրել ենք մեր ձեռքի տակ եղած ապացույցները, բոլոր հաշվապահական փաստաթղթերը, որոնք վկայում են այդ փաստը: Շատ կարեւոր էր, որ այդ ՍՊԸ-ն էլ ներկայացներ իր փաստաթղթերը դատարանում, որպեսզի ճշտվեր, թե ով ում է պարտք: Գուցե մե՞նք ենք սխալ, ի՞նչ իմանանք, հազար տեսակի գործարք է եղել, մի խոսքով, որպեսզի պարզվեր ամեն ինչ՝ պետք է ներկայանային դատարան»: Եվ քանի որ «Ջանկօգ-քիմից» ոչ մեկը չներկայացավ դատարան, ուստի «Նաիրիտի» ներկայացուցիչը հետախուզության միջնորդություն է խնդրել դատարանից, վերջինս էլ բավարարել է միջնորդությունը եւ հետախուզում հայտարարել: Պարոն Աբովյանի ներկայացմամբ՝ ԴԱՀԿ-ն պետք է զբաղվի այդ խնդրով եւ հայտնաբերի «Ջանկօգ-քիմին»: Մեր այն հարցին, եթե այդպես էլ չհայտնաբերվի այդ ընկերությունը, «Նաիրիտի» պարտքերը կման օդո՞ւմ, իրավաբանն ասաց. «Հարցը կասեցված պետք է մնա այնքան ժամանակ, մինչեւ բոլոր գործողությունները չկատարվեն»: Այն հարցին էլ՝ եթե պարզվի, որ ընկերությունը լուծարվել է, ապա այդ դեպքում պարտքերն ինչպե՞ս են մարվելու, պարոն Աբովյանն ասաց. «Լուծարումից 2 ամիս առաջ ընկերությունը բոլոր գործընկերներին պետք է տեղեկացնի այդ մասին, որպեսզի պարտքի վերաբերյալ հարցերը լուծվեն: Մեզ ոչ մեկը ոչինչ չի տեղեկացրել: Իսկ եթե սնանկ է ճանաչվում՝ այդ մասին էլ պետք է տեղեկացվեինք, ինչը կրկին չի եղել: Ամեն դեպքում, ԴԱՀԿ-ն հարցումներ է կատարելու մի շարք կառույցներում՝ պետռեգիստր, պետավտոտեսչություն եւ այլն, որպեսզի պարզվի, թե այդ ընկերության հետ ինչ է եղել»: Մինչ դատարան դիմելը, Ա. Աբովյանը վստահեցրեց, որ փորձել են ընկերության հետ հարցերը լուծել, այսպես ասած՝ բարիդրացիական ճանապարհով, սակայն իրենց էլ չի հաջողվել հայտնաբերել «Ջանկօգ- քիմին»:

Թեեւ դատարանին եւ «Նաիրիտին» չէր հաջողվել «հայտնաբերել» «Ջանկօգ- քիմի» տնօրեն եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին, «Առավոտը» բավականին հեշտությամբ հեռախոսով կապվեց վերջինիս հետ, որն էլ խնդիրը այսպես մեկնաբանեց. «Տարօրինակ է, ո՞նց չեն կարողանում գտնել, դուք ասեք իմ տեղն ու հեռախոսահամարը: Այո, գործարքներ արել եմ, բայց 6 միլիոն պարտք չունեմ: Հարցը ունի հեշտ լուծում, իմ համարը իրենց տվեք, ուզում են դատի տան, ինչ կապիկություն ուզում են՝ թող անեն: Ասեմ, որ «Ջանկօգ-քիմը» լուծարվել է, թերթում հայտարարություն ենք տվել՝ ով ինչ պարտք ու պահանջ ունի՝ թող ներկայանա: Այնպես որ, իզուր թող կապիկություններ չանեն»: Մեր այն հարցին, թե լուծարվել է՝ սնանկ ճանաչվելո՞ւ ճանապարհով, պարոն Առաքելյանն ասաց. «Չեմ էլ հիշում, դա ձեզ պե՞տք է: Ինձ, օրինակ, պետք չէ»:

Մինչ «Նաիրիտ գործարանը» իր պարտքերն է պահանջում, ՀՌԱԿ ատենապետն էլ «Նաիրիտին» է մեղադրում՝ փողերի լվացման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել