Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հուլիս 09,2009 00:00

«ԶԼՄ-ների մասին» օրենքում ձեր իրավունքների մասին ոչ մի խոսք չկա, դուք ամեն ինչ անում եք ավանդույթից ելնելով»,- այսպես է կարծում ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխությունների հեղինակ Վիկտոր Դալլաքյանը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մայիսի 13-ին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը: Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ինչպես նաեւ Վիկտոր Դալլաքյանի օգնականներ Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: Օրինագիծը լրամշակվել է կառավարության ներկայացրած առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա: Կառավարության ներկայացրած 16 առաջարկություններից հեղինակները ընդունել են 13-ը: Նախքան շրջանառության մեջ դնելը, օրինագծի հեղինակն այն ուղարկել է 45 ԶԼՄ-ների: Առաջարկություններ եւ դիտողություններ են ուղարկել միայն երկու տպագիր մամուլ եւ մեկ հեռուստաընկերություն:

Ըստ օրինագծի հեղինակի, «ԶԼՄ-ների մասին» գործող օրենքով, որը ընդունվել է 2003-ին, բացակայում է «Լրագրողների իրավունքների եւ պարտականությունների մասին» դրույթը, եւ այս նախաձեռնությամբ հեղինակը փորձել է ամրագրել լրագրողի իրավունքները. «Ըստ այդմ, լրագրողը ունի 12 իրավունք եւ 7 պարտականություն: Լրագրողը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս լրագրողի վկայականով այցելել տարերային եւ այլ աղետների, վթարների, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրեր, արգելոցներ, զանգվածային անկարգությունների եւ քաղաքացիների զանգվածային կուտակումների, հատուկ պահպանվող վայրեր, հանցագործության դեպքի վայր, դատավարությունների, հատուկ թույլտվությամբ՝ հատուկ պահպանման վայրեր, անարգել մուտք եւ ելք ունենալ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու եւ պատիժը կրելու վայր, ինչպես նաեւ ներկա գտնվել հանրահավաքների, ժողովների, երթերի, ցույցերի եւ այլ հավաքների: Հետաքրքիր է, որ գործող օրենքում այս ամենի մասին որեւէ խոսք չկա, ընդհանրապես լրագրողի իրավունքների մասին չկա որեւէ խոսք»,- «Առավոտին» ներկայացնելով իր հեղինակած նախագիծը՝ ասաց Վիկտոր Դալլաքյանը: Մեզ հետաքրքրեց հատկապես այն կետը, ըստ որի՝ լրագրողը իրավունք ունի անարգել մուտք եւ ելք ունենալ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրեր: Որքան մեզ է հայտնի, նման վայրեր անարգել մուտքի իրավունք մեր երկրում ունեն միայն ամենաբարձր պաշտոնյաները՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ էլի մի երկու մարդ: Ուրեմն, ստացվում է, որ մեր իրավունքն այս մասով հավասարեցվում է նրանց իրավունքի՞ն: Վիկտոր Դալլաքյանն ասաց՝ «Այո, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն, միայն ձեր նշած անձինք ունեն նման իրավունք: Բայց նշված է նաեւ, որ օրենքով սահմանված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր անարգել մուտքի ու ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց: Եվ իմ այս առաջարկությամբ ես այդ իրավունքը տվել եմ նաեւ լրագրողներին»:

Օրինագծի հեղինակը 12 կետից կազմված իրավունքներ տալով լրագրողներին՝ սահմանել է ընդամենը 7 կետից բաղկացած պարտականություններ: Իրավունքներից մեկը Վիկտոր Դալլաքյանը որակեց որպես «ռումբ». «ԶԼՄ-ների մասին» օրենքում ես ամրագրել եմ հոդված 4-ի 3-ը»: Ըստ այդմ՝ լրագրողը օրենքով իրավունք է ստանում թաքուն ձայնագրել, նկարել եւ գրառում անել. «Եթե դա չի խախտում մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, եւ եթե դա անհրաժեշտ է հասարակական շահերը պաշտպանելու համար, եւ ձեռնարկված են համապատասխան միջոցներ կողմնակի անձանց հնարավոր նույնականացումը կանխելու համար, եւ եթե գրառման ցուցադրումը կատարվում է դատարանի որոշմամբ»: Ի դեպ, այս առաջարկությունը այն առաջարկություններից է, որին կառավարությունը դեմ է արտահայտվել: «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններին զուգահեռ, պատգամավորն առաջարկել է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում: Քրօրի 164 հոդվածում երկու նորմ կա՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Նույն արարքները, որ կատարել են պաշտոնակատար անձինք պաշտոնեական դիրքը օգտագործելով, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, կամ՝ ազատազրկման՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Ի հակադրություն գործող օրենքի այդ հոդվածի, Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է վերոհիշյալ հոդվածն ընդհանրապես փոխել եւ հոդվածը վերնագրել այսպես. «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովմանը խոչընդոտելը»: Հեղինակը կարծում է, որ այս առաջարկությամբ ինքը մեծացրել է խոսքի ազատության սահմանները եւ ավելի է նեղացրել բոլոր նրանց իրավունքները, ովքեր փորձում են խոչընդոտել խոսքի ազատությունը: Ըստ այս առաջարկության, լրագրողի մասնագիտական օրինականության խոչընդոտները եւ այլ կարգի արգելքները պատժվելու են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, կամ՝ առավելագույնը մեկ տարի ազատազրկմամբ:

Պատկերացնում եմ, եթե սա դառնա գործող օրենք՝ քանի՜ պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ կտուգանվի կամ կազատազրկվի լրագրողի աշխատանքային պարտականությունները կամ խոսքի ազատության իրավունքը խոչընդոտելու մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել