Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՏՎԵԼ

Հուլիս 09,2009 00:00

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում մանրամասնեց իր այն դիտարկումը, որը հայտնել էր հուլիսի 7-ի ասուլիսի ընթացքում. այն է՝ ԱԺ-ն 2008-ի մարտի 4-ին բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ 4 պատգամավորներին կալանավորելու վերաբերյալ մի մեղադրանքով, որը հետագայում փոփոխվել է. «Ես այսպիսի օրինակ կբերեմ՝ ընդունենք, թե գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացնում ԱԺ՝ հայտնելով, որ իրենք բավարար տվյալներ ունեն, թե այսինչ պատգամավորը կատարել է սպանություն: Եվ պահանջում է, որ սպանություն կատարելու կապակցությամբ ԱԺ-ն տա իր համաձայնությունը՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար: ԱԺ-ն տալիս է այդ համաձայնությունը, բայց հետո պարզվում է, որ այդտեղ խոսքը ոչ թե սպանության մասին է, այլ առավելագույնը՝ նվազ ծանր մարմնական վնասվածք պատճառելու: Հիմա հարց է ծագում՝ եթե այդ նույն խորհրդարանը սկզբում ունենար տվյալները նվազ ծանր վնասվածքների մասին՝ արդյոք մե՞ծ չէ հավանականությունը, որ չէր տա այդ հավանությունը: Սպանությունը մի բան է, թեթեւ վնասվածքները՝ մեկ այլ բան: Տվյալ դեպքում՝ մեղադրանքի ծավալը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ եւս փոփոխվել է: Ժամանակին նրան մեղադրում էին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու (ի դեպ, քանի որ մեղադրանքի մեջ հիշատակված է ցուցարարներին պիցցա բաժանելը՝ նրա մերձավորներից մեկը դառը կատակեց, թե Խաչատուր Սուքիասյանին մեղադրում են պիցցա բաժանելով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ.- Ա. Ի.) եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ: Վերջին մեղադրանքն ամիսներ առաջ ապաքրեականացվեց ու դուրս եկավ, իսկ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների վերաբերյալ մեղադրանքն էլ փոխարինեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելով: Այսինքն՝ սա որակապես եւ փաստական հանգամանքների առումով բոլորովին այլ մեղադրանք է, որը պետք է ներկայացվեր ԱԺ քննարկմանը: Այդպես չի լինում, որ մի պերմանենտ համաձայնություն լինի եւ դրա հիման վրա ի՜նչ ուզենան՝ անեն: Ի՞նչ է, դոմինո՞ են խաղում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել