Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ հարցին խառնվում է անգամ հիդրոօդերեւութաբանը

Հուլիս 09,2009 00:00

Եղանակն էլ կրկին բարենպաստ չէր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եկան ասուլիսից մոտ 20 րոպե առաջ՝ այն պահին, երբ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրազնին անցկացնում էին մետաղորսիչի տակով եւ բացելով ստուգում էին մեր պայուսակները, ընդհուպ՝ դրամապանակները: Համանախագահների ասուլիսի փորձառու լուսաբանող գործընկերներիցս մի քանիսն ասացին, որ միշտ գործում է նույն սցենարը. համանախագահները միշտ իրենցից գոհ եւ չափազանց ուրախ են ներկայանում ասուլիսին, կարծես լավ են զգում, որ ասուլիսին այդքան մեծ թվով լրագրողներ են մասնակցում: Սակայն, արդյունքում, միշտ տվյալ ասուլիսը լինում է ձեւական մի բան: Երեկ էլ բացառություն չէր: Համանախագահներին դեսպանատան մուտքի մոտ դիմավորեց ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն, եւ նրանք երեքով բարձր ծիծաղելով եւ զրուցելով մտան ներս: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լուսանկարել եւ տեսանկարել։ Ի նշան լրագրողների բողոքի՝ ասացին, որ միշտ էլ այդպես է եղել, պետք չէ զարմանալ: Համանախագահներն արդեն մի քանի րոպե տեղավորվել էին սրահում, մինչդեռ դրսում մեզ դեռ զննում էին: Ի վերջո, հայտարարված ժամից հինգ րոպե անց սկսվեց ասուլիսը, որից մենք ոչինչ ավելին չիմացանք, քան գիտեինք մինչ այդ: Ամենից «ուրախն» առաջին այն պահն էր, երբ մսյո Ֆասիեն բացատրեց, թե ինչու իրենք չգնացին Ստեփանակերտ:

Ըստ մեր ֆրանսիացի բարեկամի՝ պատճառը «հիդրոօդերեւութաբաններն էին»: Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ ներկայացնելու են իրենց վերջին առաքելության հաշվետվությունը. «Երեկ երեկոյան ենք ժամանել Երեւան, իսկ աշխատանքային մեր ժամանակացույցով երեկվա համար նախատեսված էր այցելություն Ստեփանակերտ: Բայց, դժբախտաբար, հիդրոմետեորոլոգիական ծառայությունների պատճառով այնտեղ՝ Ստեփանակերտում անհարմար գտան, պայմանները չներեցին, որպեսզի մեր ուղղաթիռը այնտեղ վայրէջք կատարի»: Այս նախադասությունից հետո մի քանի լրագրողներով քմծիծաղեցինք: Նկատելով մեր արձագանքը՝ մսյո Ֆասիեն ասաց. «Ես նկատում եմ, որ ձեզանից ոմանք ծիծաղում են, բայց ավելացնեմ, որ իզուր են ծիծաղում, ամեն դեպքում կոչ եմ անում բոլորին զանգել Սահակյանին (երեւի նկատի ունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին- Մ. Ե.) եւ նրանից հարցնել այն խոսակցության մասին, ինչ մենք ունեցել ենք իր հետ»:

Համանախագահը ասաց, որ «այնտեղ» (Ստեփանակերտ) գնալ եւ գալը մեկ օրից ավելի ժամանակ է պահանջում, եւ իրենք հաջորդ անգամ «նմանատիպ անհաջող դրսեւորումից խուսափելու համար» կնախատեսեն ավելի երկար ժամանակ՝ ցամաքային ճանապարհով գնալ Ղարաբաղ եւ ետ գալ: Ավելի ուշ Մեթյու Բրայզան, պատասխանելով իր՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին հարցին՝ ասաց, թե իրեն դեռ ոչ մի տեղ չեն նշանակել, եւ անձամբ Հիլարի Քլինթոնն է իրեն ասել, որ առայժմ ամենից կարեւոր հարցը իր համար պետք է լինի ԼՂ հարցը: Համանախագահներն իրար հերթ չտալով՝ բացատրեցին, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները՝ Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, պետք է որ հասկանալի լինեին, բա էլ ի՞նչ ասի, հո չի՞ ասելու՝ ուզում է Ղարաբաղը տեսնել Հայաստանի կազմում, նա այդպես է խոսում Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստելու համար:

Ըստ համանախագահների, Ալիեւ-կրտսերը հիմա ավելի մեղմ բաներ է ասում, օրինակ ասում է, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Համանախագահները նշում էին Ալիեւի այն արտահայտությունը, որ Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, քանի որ իրենք հասկանում են Ղարաբաղի ժողովրդի անվտանգության վերաբերյալ մտահոգությունը, եւ սա համարեցին Ալիեւի համար նոր տոնայնություն, որը չի եղել նախկինում: Միաժամանակ Բրայզան ասաց, որ իհարկե՝ խոսքերը դեռ քիչ են, եւ հարկավոր է ստեղծել անվտանգության մթնոլորտ, քանի որ այժմ մթնոլորտը այդպիսին չէ, որ վստահություն լինի Ղարաբաղի անվտանգության կապակցությամբ: Համանախագահները նշեցին՝ հակամարտության կարգավորումը տեսնում են երեք սկզբունքով՝ ուժի բացառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել