Սա նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի տպավորությունն է «Յոթի» գործերով ավարտված դատավարությունների վերաբերյալ:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված, նաեւ «Յոթի» գործից անջատված մասով ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Այսպիսով «Մարտի 1»-ի հետ կապված դատավարությունները ավարտվեցին: Թե որքանով էին «Յոթին» առաջադրված մեղադրանքները համոզիչ, եթե ոչ՝ հասարակության ու քաղաքական տեսանկյունից, ապա գոնե՝ իրավական առումով, փորձեցինք պարզել նախկին՝ պաշտոնանկ արված դատավոր Պարգեւ Օհանյանի հետ: Վերջինս մեր հարցադրմանն ի պատասխան՝ հումորով հիշեց իրավաբան դասախոսների հետ զրույցից մի հատված, երբ դասախոսները բողոքել էին, թե՝ այսօրվա ուսանողներից բան չեն հասկանում, որովհետեւ նրանք տուժողին մեղադրյալից չեն տարբերում: Նախկին դատավոր Պ. Օհանյանը հակադարձել էր՝ բայց նրանք ի՞նչ մեղք ունեն, երբ պրակտիկայում տեսնում են, որ տուժողները դատապարտվում են մեղադրյալների փոխարեն, իսկ մեղադրյալները ճանաչվում են տուժողներ, մարդիկ պարզապես շփոթության մեջ են: «Նույնը կատարվել է «Մարտի 1»-ի գործի դեպքում»,- արդեն «Առավոտի» հետ զրույցում ասաց Պ. Օհանյանը: Նրա դիտարկմամբ, մասնավորապես՝ «Յոթի» գործով բոլոր ամբաստանվողներին առաջադրված մեղադրանքներում որպես «կլիշե» օգտագործված ձեւակերպումները ուղղակի զավեշտական են, եւ դրանց օգտագործումը քաղաքական նպատակ է հետապնդել: Պ. Օհանյանը շեշտեց, որ մեղադրանքը ենթադրում է կոնկրետ ձեւակերպումներ եւ անձին ներկայացված ու քրեորեն հետապնդելի գործողության կոնկրետ մեղադրանք:
Մենք հիշեցրինք, որ օրինակ՝ Գրիգոր Ոսկերչյանին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ֆինանսավորել է, որ մարդիկ մասնակցեն Ազատության հրապարակում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներին, իսկ օրինակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին՝ այն բանում, որ նա այդ նույն միջոցառմանը ներկաներին սննդամթերքով է ապահովել: Արդյոք այդ արարքներում, եթե անգամ դրանք համապատասխանում են իրականությանը, «կրիմինալ» կա՞, եւ արդյոք դրանք կապ ունե՞ն մարտի 1-ի «զանգվածային անկարգությունների կազմակերպման» մեղադրանքի հետ: Պ. Օհանյանը տարակուսեց. «Բացարձակ: Ես այդ մեղադրանքը որեւէ կերպ մեկնաբանել դժվարանում եմ: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե արդյոք ձեր մատնանշած արարքը քրեորեն հետապնդելի՞ է: Դրա համար ուղղակի պետք է բացել Քրեական օրենսգիրքն ու տեսնել, թե դրա ցանկում այդպիսի հանցակազմ կա՞: Եթե այդ մեղադրանքները դիտարկվեին ընտրակաշառք բաժանելու համատեքստում, գուցե դա քրեորեն հետապնդելի համարվեր, բայց այդպես էլ չի»: Եթե այդպիսի արարքի մեջ մեղադրվողները իսկապես որոշած լինեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով մարդկանց գումար կամ սննդամթերք բաժանել՝ դա կհամարվե՞ր հանցանք: «Եթե շատ ուզենանք նման ձեւակերպում տալ, գուցե: Բայց դեռ ապացուցել եւ հիմնավորել է պետք, որ բաժանողն էն գլխից զանգվածային անկարգություն կազմակերպելու կամ հրահրելու դիտավորություն է ունեցել: Բայց նման ապացույց կամ դիտավորություն, համոզված եմ, չկա: Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքը հընթացս, ինքնաբուխ է եղել եւ բխել է այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ հանրահավաքի ջարդից: Մարդիկ, որ արդեն վախեցած էին, ինքնապաշտպանության նպատակներով բարիկադներ էին սարքել: Դա Փարիզի կոմունան էր: Ես մի պահ եմ այնտեղ եղել, ու դա ինձ ե՛ւ հուզեց, ե՛ւ անհանգստացրեց, նաեւ՝ ինչ-որ տեղ տհաճություն պատճառեց: Բայց այնտեղ հավաքված էին մարդիկ, որոնք նախահարձակ չէին լինում, ու հետո պարզվում է, որ նրանք են մեղավոր եղել այդ օրվա իրադարձությունների համար, հարձակում են գործել… Էդ որտե՞ղ է եղել, ո՞վ է կազմակերպել եւ ինչպե՞ս: Ի՞նչ էին կազմակերպել Սասուն Միքայելյանը կամ Հակոբ Հակոբյանը: Ոչինչ: Նման ապացույցներ նրանց գործում չկային: Նրանք, գուցե, մասնակցել էին, աջակցել էին, բայց ինչի՞ն: Առավելագույնը՝ Ազատության հրապարակի խաղաղ հանրահավաքին»:
Պ. Օհանյանը ձեռնպահ մնաց քաղբանտարկյալներին մեղադրանք առաջադրած մարդկանց դիլետանտության մեջ մեղադրելուց՝ ասելով, թե դատախազությունում կան լուրջ պրոֆեսիոնալներ, ու ենթադրեց, թե մեղադրանքներում եղած ձեւակերպումները կարող էին քաղաքական որոշակի նպատակ հետապնդել, ինչը ցավալի է. «Արդարադատության մեջ քաղաքականությունն անելիք չունի»: Նրա դիտարկմամբ, «Մարտի 1»-ի գործերով արձակված դատավճիռները համոզիչ չէին. «Այդ գործերի մեղադրանքների հիմնավորվածության, առավել եւս՝ համոզիչ լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող, թեեւ մեր դատական համակարգը չի էլ փորձում ավելի համոզիչ լինել»: Նախկին դատավորի մատուցմամբ, մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված գործերը, մասնավորապես՝ «Յոթին»-ը, ՄԻ Եվրոպական դատարան մտնելու դեպքում կարող են լուծվել ի շահ նախկին ամբաստանվողների: