Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի գյուղապետը պատասխանում է փաստաբանին

Հուլիս 08,2009 00:00

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ պրն Խաչիկ Մարոզյանին

Ես 1991թ.-ից անընդմեջ գյուղապետ եմ ընտրվել եւ, կարծում եմ, դա Ձեզ բավարար հիմք պետք է տար մի քիչ խորհելու եւ նման կարգի հրապարակային ելույթներից առաջ, նախ՝ որպես փաստաբանի, առաջնորդվել փաստերով եւ ոչ թե կեղծ հույզերով, որի կարիքը այստեղ չկա։

Մենք գնահատում ենք Ձեր մտահոգությունը մեր գյուղացի Արեւիկ Առաքելյանի գործի վերբերյալ: Բայց ինչո՞ւ եք մտածում, որ գյուղապետն ու գյուղապետարանի աշխատակիցները, որոնք շատ լավ ծանոթ են Արեւիկի սոցիալական ու ընտանեկան պայմաններին, նրա նկատմամբ ցուցաբերել են անարդարացի վերաբերմունք։

Դուք ինքներդ եք նշում, որ գյուղապետը, որպես անապահով ընտանիք գոյատեւելու համար, նրան տրամադրել է այդ հողակտորը:

Պարոն փաստաբան, Դուք ամեն տեղ նշում եք, որ ես խախտել եմ Հողային օրենսգրքի 72 հոդվածը, իսկ Արեւիկ Առաքելյանը եղե՞լ է, արդյոք, բարեխիղճ օգտագործող, 16 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ այդ հողակտորի համար հարկ վճարե՞լ է (1994-2007 թթ.-ին):

Չգիտեմ ինչ նկատառումներով, աճուրդից մեկ տարի անց, 2008թ. որոշեց, որ ինքը բարեխիղճ վճարող է: Վճարման անդորրագիրը օգտագործելով որպես հիմք, երկու անգամ դատական հայց եք ներկայացրել Վեդու տնտեսական դատարան, այնուհետեւ բողոքարկել եք վարչական դատարան, երկուսից էլ մերժում ստացել՝ բավարար հիմքեր չունենալու պատճառով։

Երբ անդորրագիրն այլեւս որպես դատական փաստարկ պետք չեկավ՝ մեկ տարի հետո սկսեցիք մեղադրել գուղապետարանին՝ հողի հարկի սխալ գանձման համար։ Մինչեւ 2007թ. Արեւիկ Առաքելյանի հողակտորը եղել է 3-րդ կարգի վարելահող, որի հողի հարկը հաշվարկվում է հետեւյալ ձեւով՝ կադաստրային արժեք՝ 121800*15%*0,17հա*13տարի=40365 դրամ, սա կարող եք ճշտել ցանկացած հարկային տեսչությունում։ Արեւիկը նշել է, որ ինքը օգտագործել է 0.17հա։

29.12.2006թ. կառավարության 2373 որոշմամբ, Արարատի համայնքի հողատարածքների նոր քարտեզագրմամբ այդ հողատարածքը վերափոխվել է գյուղատնտեսական այլ հողի, որի կադաստրային արժեքի 1 հեկտարը կազմել է 28.750 դրամ, աճուրդի ժամանակ 0.275 հա մեկնարկային գին է սահմանվել 7906 դրամ, որը կադստրային արժեքի 100%-ն է:

Ինչո՞ւ չեք գրում այն մասին, որ գյուղապետը աճուրդից առաջ գյուղապետարան է հրավիրել աճուրդում այդ հողակտորի համար հայտ ներկայացրած անձանց եւ Արեւիկ Առաքելյանին ու զրուցել նրանց հետ։ Արեւիկը հրաժարվել է հայտ ներկայացնել եւ ասել է, որ ինքը շատ ուրախ կլինի, որ այդ հողակտորը գնի Սեյրան Մանուկյանը։ (Գուցե Արեւիկի կողմից ինչ-որ նկատառումներ են եղել, որոնք չեն իրականացել եւ հիմա ուզում է անհիմն մեղադրանքներով վերադարձնել կորցրածը):

Պարոն փաստաբան, ինձ մեղադրելուց առաջ դուք գյուղապետարանից ոչ մի անգամ գրավոր կամ բանավոր չպահանջեցիք աճուրդի թերթի հայտարարությունը, ինչ է, չնկատեցի՞ք հողի հարկի գանձման անդորրագրի ժամկետը (Հողային օրենսգրքի Ձեր սիրած 72 հոդվածը, որը միշտ նշում եք, մի՞թե լավ չեք ուսումնասիրել) կամ գոնե մեկ անգամ դիմե՞լ եք գյուղապետարան՝ ճշտելու հողի հարկի հաշվարկման կարգը։

Պարոն Մարոզյան, լինելով Իրավաբանների եւ հոգեբանների խորհրդի նախագահ, ես չեմ կասկածում Ձեր գիտելիքների վրա, բայց զարմանում եմ, թե փաստաբանը առանց հիմնավոր փաստարկներ ունենալու կարող է դատական հայց ներկայացնել ընդհանուր իրավասության եւ ապա՝ բողոքարկել վարչական դատարան։

Մի՞թե այդ որոշումներն էլ Ձեզ բավարար չէին հասկանալու, որ գյուղապետարանը անօրինական չի գործել:

Կարծում եմ, շատ լավ գիտեիք դատական եւ փաստաբանական՝ այդքան գնալ-գալու ծախսերը (չեմ կասկածում, որ դուք նաեւ շատ լավ գիտեիք Արեւիկի ընտանիքի սոցիալական վիճակը եւ նրա ամուսնու երկար տարիների անդամալույծ լինելը)։

Հիմա որպես գյուղապետ ես ձեզ եմ հարցնում. իսկ ո՞վ է նրան պատճառած այդքան նյութական եւ բարոյական ծախսերը փոխհատուցելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել