Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆ

Հուլիս 08,2009 00:00

«Արտակարգ իրավիճակ Տերյան 107-ում»՝ «Առավոտի» հրապարակման մեջ (հուլիսի 1) անդրադարձել էինք 20 տարի առաջ Ադրբեջանից փախած ընտանիքներին սպառնացող վտարմանը:

\"\"\"\"
\"\"\"\"

Մայրաքաղաքի Տերյան 107 հասցեն, ուր բնակվում էին նրանք, ձեռք է բերել «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն: Ապրիլի 14-ի՝ քաղաքապետի ընդունած քանդման որոշման համաձայն քառահարկ շենքից ոչինչ չի մնացել, քանի որ քանդում են ամեն ինչ, այն դեպքում, երբ այստեղ փախստական ընտանիքները դեռ ապրում են:

20 տարի Տերյան 107-ի տանիքի տակ ծվարած փախստականները մեզ ասացին, որ տեղ չունեն գնալու եւ պետությունն էլ լվացել է իր ձեռքերը՝ չառաջարկելով ոչինչ:

Երեկ տեղական կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերով բաժնի պետ Արայիկ Հարությունյանի եւ նույն գործակալության «Հանրակացարաններ» բաժնետիրականի տնօրեն Հրաչիկ Սեդրակյանի ուղեկցությամբ եղանք Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երիտասարդության փողոցում գտնվող հանրակացարանի շենքում:

Հանրակացարանի 8-րդ հարկի 804, 806, 820 եւ 829 սենյակները սպասում էին Տերյան 107 հասցեի բնակիչներ Էդուարդ Պետրոսյանի, Ալեքսինա Տեր-Մանուելյանի («Մարդ եւ իրավունք» հասարակական կազմակերպության պատասխանատու), Արթուր Գարայանցի ընտանիքներին: Նրանք ժամանակավոր կապրեն այստեղ, քանի որ փախստականների համար կառուցվող շենքի շինարարությունն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Հանրակացարանի այս սենյակները մոտ 17,4 քմ են, ունեն շուրջօրյա ջրամատակարարում, եւ ի տարբերություն 10 տարի առաջ եղածի, սանհանգույցն ու զուգարանն առանձին են. այսինքն, յուրաքանչյուր բնակիչ կօգտվի իր սենյակի սանհանգույցից:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ փախստականները հրաժարվում են գալ այստեղ՝ ժամանակավոր բնակության համար: Այդ պատճառով նրանց առաջարկվել է այլընտրանքային տարբերակ. 720 000 դրամ գումար՝ վարձակալական հիմունքներով ապրելու համար: Ի դեպ, այս հանրակացարանում դեռ ապրում են Ադրբեջանից բռնագաղթած 27 ընտանիքներ, կային նաեւ 9 իրաքցի ընտանիքներ: Մի իրաքցի օրերս է մահացել, իսկ մեկն էլ գնացել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Իրաքի մեր հայրենակիցների համար այս նույն հանրակացարանի 2-րդ եւ 3-րդ հարկերն էին վերանորոգվել՝ ՄԱԿ-ի աջակցությամբ: Մեր այն հարցին, որ եթե շենքի շինարարությունը դեկտեմբերին չավարտվի՝ ի՞նչ է նախատեսվում, Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ 4 ամսվա համար էլ կտրվի գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել