Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌԱՊԵՏՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼ Է

Հուլիս 08,2009 00:00

«Չափազանց լուրջ եմ վերաբերվում անտառի խնդրին. սա ամենեւին հերթական ակցիա չէ, այլ հետեւողական պայքարի սկիզբ: Վերջերս աշխատանքից հեռացվել են 3 օրինախախտ անտառապետներ, իսկ մեկ շաբաթ առաջ Իջեւանում իմ ուղարկած մոնիտորինգի խումբը հայտնաբերել է 59 կաղնու եւ արժեքավոր այլ ծառատեսակների ապօրինի թարմ հատում: Եվ այդ գործով այժմ դատախազությունն է զբաղվում: Ոչ ոք չի հավատա, թե առանց «անտառի» մարդու գիտության՝ հնարավոր է ծառ հատել եւ վաճառել: Միանշանակ՝ պատժվելու է ցանկացածը, ում ձեռքը կբարձրանա ապօրինի ծառ հատելու: Դա ես համարում եմ ոտնձգություն պետության դեմ: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ խստիվ արգելված է երկրից գերան արտահանելը եւ սահմանված է խիստ հսկողություն: Անտառը մնալու է իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- օրերս Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա կարեւորեց անտառի պահպանման եւ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խնդիրը՝ հորդորելով անտառին վերաբերվել որպես մեր սերունդների սեփականություն:

Նշենք, որ Լոռիում գործում է 5 անտառտնտեսություն, որտեղ տարբեր ծրագրերով այս տարի 270 հա անտառվերականգնման աշխատանքներ կկատարվեն: Ցածր վարձատրության պատճառով գյուղատնտեսության որոշ օղակներում աշխատուժի պակաս կա. մարդիկ հրաժարվում են աշխատել:

Պարոն Ալավերդյանը խոսեց նաեւ անտառի փրկության եւ զարգացման ծրագրի բաղադրիչների մասին, ներառյալ անտառամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական ներդրումները, գազիֆիկացումը, առանց բնավճարի՝ թափուկների տրամադրման կարգը, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների համար էական տուգանքներն ու պատիժները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել