Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրերով ուտելու բան չունենք»

Հուլիս 08,2009 00:00

30-ամյա Մարիամ Թորոսյանի ընտանիքում բոլորը հաշմանդամ են, եւ ոչ ոք չի աշխատում: «Էն ժամանակ 18 տարեկան էի, երբ ամուսնացա նրա հետ: Դե, շատ երիտասարդ էի, ամեն բան չէի հասկանում: Մինչեւ ականջներիս ծայրն էլ սիրահարված էի: Նրա հիվանդության մասին գիտեի, բայց ուշադրություն չէի դարձնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամ Թորոսյանը:

Նրա ընտանիքը բաղկացած է 8 անդամից. «Ամուսինս, ամուսնուս ծնողները, եղբայրները բոլորն էլ հիվանդ են, ոչ ոք չի աշխատում»: Մարիամի ամուսինը հաշմանդամության համար թոշակ է ստանում, ինչն էլ նրանց ապրուստի հիմնական միջոցն է: «Մի ժամանակ նպաստ էլ էինք ստանում, բայց էս վերջերս կտրել են: Ասում են՝ կոմպյուտերով տեսել են, թե իբր սկեսուրս աշխատում է: Բայց նա մշտական աշխատանք չունի, մեկ-մեկ կանչում են մի օրով, բայց էդ որ մեկիս հերիքի»,- ասաց Մարիամը: Մարիամը մի աղջիկ ունի՝ Սեդան: Նա 6-րդ դասարանում է սովորում. «Դպրոցում ամեն ամիս մի առիթ լինում ա փող հավաքելու: Երեխես շատ ա նեղվում մեր վիճակից, ամաչում: Բայց ուսուցիչները երբեմն Սեդայիցս քիչ են փող վերցնում՝ իմանալով, թե ինչ պայմաններում ենք ապրում,- ասաց Մարիամը:- Ես չեմ կարող աշխատել, տան հոգսը լրիվ իմ վրա է, հիվանդներին խնամելը, կերակրելը, երեխայի մասին հոգալը: Չեմ հիշում, թե վերջին անգամ աղջիկս երբ է նոր զգեստ հագել: Սիրտս մղկտում ա, երբ տուն ա գալիս ու ասում, որ դասընկերուհիներից մեկը շատ սիրուն շոր էր հագել, կամ դասամիջոցին ինչպես են բոլորը վազում բուֆետ»: Նրանց ընտանիքի միակ հույսն ու օգնությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող բարեգործական ճաշարանն է: Մարիամն արդեն 7 տարի օգտվում է այս ճաշարանից: Ճաշարանում չի սնվում, այլ իր հետ սնունդը տուն է տանում, որ «ութս էլ գոնե մի քիչ ուտենք, որ սովամահ չլինենք: Օրերով ուտելու բան չենք ունենում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել