Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական տունը անօրինական են համարել

Հուլիս 08,2009 00:00

\"\"«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միայնակ ծերերին ու անճար մարդկանց արհամարհում են»,- մոտ 2 տարի քաղաքապետարանի հետ գործ ունենալուց հետո նման եզրակացության է հանգել 84-ամյա Լենա Թադեւոսյանը: Նա իր 55 տարվա տունը սեփականաշնորհելու համար գրեթե մեկ տարի ընկած է քաղաքապետարանի դռները: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է տիկին Լենայի դժգոհություններին (19.05.2009, 27.05.2009):

Նշենք, որ Լենա Թադեւոսյանը փորձում է իր Սեբաստիա 17ա հասցեի տունը սեփականաշնորհել: Նա այդ գործընթացի համար ունի բոլոր համապատասխան փաստաթղթերը: Բացի այն, որ քաղաքապետարանը տիկնոջը մի քանի անգամ տարել-բերել ու դիմումներին ոչ մի ընթացք չի տվել, տիկին Լենան նաեւ դժգոհում է, որ իրեն պատկանող տնամերձից տարիներ առաջ հողամաս են զավթել եւ ապօրինի օբյեկտ կառուցել, ինչի դեմ որքան էլ պայքարել է՝ արդյունքի չի հասել. «Հիմա ո՞վ է միայնակ, ծեր կնոջը բանի տեղ դնում: Ես բոլոր փաստաթղթերն ունեմ, որ հողամասն իմն է ու ինձանից զավթել են, հիմա էլ ձգձգում են ու տունս էլ չեն սեփականաշնորհում, ով գիտի՝ մի օր էլ տունս կզավթեն: Ամեն բողոքից հետո գալիս-ստուգում են ապօրինի կառույցը, բայց մեկ է, էդ օբյեկտը ծաղկում է՝ քանդվելու փոխարեն»: Տիկնոջ տան չափագրումների եւ սեփականաշնորհման գործը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությանը, որն էլ կրկին անտեսել է 84-ամյա կնոջը:

Վերջերս էլ Գ. Բեգլարյանը որոշել է վերջապես սեփականաշնորհել տիկին Լենայի տունը: Սակայն, չգիտես ինչու, քաղաքապետարանը տան սեփականաշնորհման որոշում է կայացրել ոչ թե տիկնոջ՝ դեռեւս խորհրդային տարիներից ունեցած փաստաթղթերի հիման վրա, այլ մինչ 2001 թվականը տնօրինած ապօրինի կառույցները սեփականաշնորհելու մասին որոշումով: Քաղաքապետարանն անհասկանալի պատճառներով որոշել է, որ տիկինը մինչ օրս ապօրինի է տնօրինել այդ տունը եւ «մեծահոգաբար» որոշել է 55 տարվա տունը սեփականաշնորհել, իսկ հարեւանությամբ գտնվող ապօրինի կառույցով, որի համար տիկինը արդեն 2 տարի տարբեր ատյաններ է դիմում, քաղաքապետարանն այդպես էլ չի զբաղվում:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից: Վարչության նորանշանակ պետ Զավեն Առաքելյանը մեզ հորդորեց մոռանալ իրեն, եւ միայն լրատվական ծառայության միջոցով պատասխաններ ստանալ: Նշենք, որ իրավաբանական վարչության պետից պարզաբանում ստանալու համար մեզ ուղղորդել էին հենց լրատվական ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել