Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՑՎՈՂՆԵՐԸ ՊԱՀԱԿ ԵՆ ՆՍՏՈՒՄ

Հուլիս 08,2009 00:00

Եթե քնեն՝ շենքն իրացնող կազմակերպությունը բնակիչներին դուրս կանի

\"\"\"\"

2007 թվականից հանուն պետության գերակա շահի իրացվող տարածք հայտարարված Տերյան 127 շենքում արդեն մնացել է 3 ընտանիք: Այս բնակիչներն էլ, ինչպես իրենք են հավաստիացնում, իրենց բնակարաններում մնացել են «երեսի զոռով»: Չնայած դրան, շենքի տարածքը գնած «Ռեգիոն ինվեստ» ընկերությունը արդեն սկսել է հաստատության քանդման աշխատանքները: Շենքում մնացած 3 ընտանիքների անդամները, իրենց բնակարան հասնելու համար, ստիպված են անցնել խարխուլ մուտքով, շնչել աղտոտ նկուղի հոտը եւ թռչկոտել միջանցքում թափված շինաղբի վրայով: Շենքի վերջին՝ 3-րդ հարկում բնակվող Լալա Բդոյանի բնակարանն էլ օրումեջ լցվում է անձրեւաջրերով, քանի որ դիմացի տան կտուրն արդեն քանդել են: «Ես պայմանագիր չեմ կնքել «Ռեգիոն ինվեստի» հետ, քանի որ այն, ինչ կատարվել է Հյուսիսային պողոտայում, գրեթե նույնը կրկնվում է այստեղ: Իրացվող տարածք հայտարարվելուց անմիջապես հետո մեզ ներկայացվեցին պայմանագրերի նախագծեր, որոնք անմարդկային են՝ բառիս բուն իմաստով: Նրանք ստիպում էին մեզ հենց տեղում պայմանագիր կնքել, 2 տարի վարձով բնակվել, մինչեւ մեր նոր շենքը պատրաստ կլինի: Սակայն ես դա չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում վարձով ապրել, ինչո՞ւ ես պիտի տուն ունենամ եւ վարձով ապրեմ: Պայմանագիր կնքածները 2 տարի պիտի վարձով ապրեին, այդ 2 տարուց մեկուկեսն արդեն անցել է, սակայն նրանց շենքը պատրաստ չէ: Այն մարդիկ, ովքեր պայմանագիր չեն կնքում, նրանց գործը գնում է դատարան, որտեղ մեր շահերը ներկայացնում է քաղաքապետարանը, այլ ոչ թե մենք: Բոլորն էլ տեղյակ են, որ այսքան ժամանակ ոչ մի դատավճիռ հօգուտ իրացվողի չի կայացվել: Սեփականատերն էլ մեզ վախեցնում է՝ ասելով, որ դատարան կդիմի, որից հետո մենք՝ ուզենք-չուզենք, պետք է պայմանագիր կնքենք: Կարելի է ասել, որ շենքի ժողովուրդը դատարանից վախենալով պայմանագիր կնքեց»,- մեզ հետ զրույցում պատմեց Լ. Բդոյանը: Նա անգամ իր պատուհանից «SOS Իրացում» բառերով պաստառ է կախել դեպի դուրս, սակայն դա ոչ ոքի չի հետաքրքրել, բացի լրագրողներից: Նա համոզված է, որ «իրացման գոտին» արդեն դատավճիռ է. «Ընկել ես դրա տակ՝ արդեն պրծում չունես: Մեր հույսը միայն Եվրոդատարանն է, սակայն չգիտենք, մինչեւ այդ ողջ կմնա՞նք՝ թե՝ ոչ»: Տիկին Լալան հրաժարվել է սեփականատիրոջ հետ պայմանագիր կնքել, քանի որ առաջարկած գումարը իրեն չի բավարարել. «Ես գումար չեմ ուզում, ես ասել եմ իրենց, որ ինձ կենտրոնում 2 տուն առնեն-տան, քանի որ այս շենքում ես 2 բնակարան ունեմ: Նրանց բրոքերները կենտրոնում 2 փոքր բնակարան գտան եւ դրանց առքի գումարը կազմեց իրենց առաջարկած գումարի կրկնակին: Ասացին՝ եկեք Դավիթաշեն, ես էլ ասել եմ, որ չեմ ուզում ուրիշ տեղ, միայն կենտրոնում եմ ուզում»: Նրան 1քմ-ի համար առաջարկել են $850, իսկ 2 բնակարանի ընդհանուր տարածքը 110 քմ է: «Դա այն ժամանակ են $850-ով հաշվել, այժմ երեւի $600-ով պետք է հաշվել: Մենք 4 հոգով ենք բնակվում մեր բնակարանում, 2 տղաներս էլ նշանված են, պիտի ամուսնանան շուտով, սակայն որտե՞ղ են նրանք ապրելու: Խնդրեմ, ինչպես է պետությունը մտածում նորաստեղծ ընտանիքների մասին: Այսօր 2 տուն ունենք, սակայն հանգիստ խղճով նրանց դրսում են ուզում թողնել»: Նա դժգոհություններով դիմել է տարբեր ատյաններ, սակայն բոլոր դիմումները ուղարկվել են Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ: «Ես անընդհատ դիմումներս ուղարկելիս գրում եւ ընդգծում եմ, որ չուղարկեն ԾԻԳ, քանի որ դա փակուղի է, սակայն՝ իզուր: Ես շեշտում եմ, որ մեր իրավունքները խախտված են, դա էլ դեր չի խաղում»,- ասաց տիկին Բդոյանը:

Շենքի 26-րդ բնակարանի սեփականատեր Գոհար Սուքիասյանն էլ է մնացել իր 2 սենյականոց տանը: Նրան էլ, իր կարծիքով, արժանի փոխհատուցում չեն առաջարկել: «$29 600 են մեզ առաջարկել: Այն ժամանակ էլ մեկ սենյականոց բնակարանը արժեր $150 հազար, այդքան գումարով ի՞նչ գնեմ: Դավիթաշենում առաջարկել են, մենք հրաժարվել ենք, քանի որ կենտրոնի տանը արժանի փոխատուցում չէ»,- դժգոհում էր տիկին Գոհարը: Բացի այդ, նրան անհանգստացրել է եւս մի հարց. «Մեր շենքում որոշ տարածքներ արդեն քանդվել են: Ինձ թող ցույց տան մի օրենք, ըստ որի՝ բազմաբնակարան շենքում, որտեղ դեռ 3-4 ընտանիք ապրում է, քանդման աշխատանքներ կարող են իրականացնել: Շենքի միջանցքների հատակը փայտե են, դրանք էլ են հանել, բայց ո՞վ է նրանց իրավունք տվել ընդհանուր օգտագործման տարածքները քանդել: Մեզ ասում են, որ նախկին բնակիչներն են իրենց հետ տարել, բայց դա բացարձակապես սուտ է, իրենց ինչին էր պետք»: Տիկին Գոհարի խոսքերով, հենց սկզբից երեւացել է, որ ամեն ինչ կեղծ է. «Քանի որ գլխի վրա շուռ տված էին կազմակերպում գործարքները: Նրանք որոշել էին, որ այս շենքի բնակիչների համար պետք է մեր շենքից մի փոքր ներքեւ գտնվող հանրակացարանի փոխարեն շենք կառուցեն, սակայն այդ հանրակացարանում փախստականներ են ապրում եւ նրանց ոչ ոք ոչինչ չէր ասել: Նրանք մեզնից են տեղեկացել, որ իրենց շենքն էլ է իրացվելու: Հիմա նրանք դեռ շենքում են ու այդ շենքը քանդում են: Հանրակացարանի բնակիչներին էլ խոստացել էին, որ Քանաքեռում են իրենց համար շենք կառուցելու, սակայն նրանք տեսել են այդ վայրը, անգամ փոս փորած չկա՝ շենքի համար»:

Նրանք ամեն րոպե սպասում են, թե երբ են իրենց էլ վտարելու: Ամեն գիշեր շենքի բնակիչներից մեկը պահակ է նստում, որպեսզի իրենց վտանգող գործողություններ չարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել