Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գռեհկությունը՝ քաղաքական բանավեճերի փոխարեն

Հուլիս 08,2009 00:00

Հայաստանը բանավեճերի կուլտուրա չձեւավորած պետությունների շարքը կիսում է աֆրիկյան հետամնաց պետությունների հե՞տ:

«Չկա քաղաքական բանավեճ, փոխարենը կա առատ հայհոյախոսություն». երեկ «Գռեհկությունը քաղաքական բանավեճի փոխարեն» քննարկմանը այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա համոզմամբ, քաղաքական բանավեճերի բացակայությունը ԱԺ, կառավարության եւ դատական համակարգի հստակ աշխատանքի բացակայության արդյունք է: «Արդարադատությունը մեր երկրում անհուսալիորեն կաղում է եւ նախքան ԵԽԽՎ բանաձեւերով բարեփոխումներ իրականացնելը, մենք առաջին հերթին պետք է բարեփոխենք մեր սահմանադրական նորմերը, որպեսզի իրական կյանքը համապատասխանի նորմերին»,- համոզված է Ա. Մինասյանը: ԱԺ պատգամավորը համաձայն է, որ այսօր չկան ազատ խոսքի քննարկումներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդական հաստատությունների համակարգում ամրապնդելու մարդկանց տեսակետները: Ըստ Ա. Մինասյանի՝ այժմ նույնիսկ ԱԺ-ն այն վայրը չէ, որտեղ լինեն քաղաքական խորքային եւ ծավալուն քննարկումներ: «Սրանց փոխարեն շատ են փողոցային քննարկումները, փողոցային բառապաշարը, ինչն էլ դառնում է հասարակության մեջ տիրապետող: Սա մտորելու տեղիք է տալիս ե՛ւ պետական կառույցների ղեկավարներին, ե՛ւ քաղաքական ու հասարակական գործիչներին, իսկ նրանց առաջնային գործը պետք է լինի քաղաքական բանավեճեր կազմակերպելը»,- համոզված է ԱԺ պատգամավորը: Որպեսզի մեր երկրում զարգանա քաղաքական բանավեճերի կուլտուրան, պատգամավորը կարեւորեց նաեւ հասարակական ու պետական կառույցների դերի ճիշտ ընկալումը հասարակության կողմից. «Այս ընկալումը պետք է ունենա այն անձը, ով որոշում է կայացնում. պետական մակարդակով այդ որոշումը ձեւավորում է քաղաքական կամք»:

Բանախոս, «ԱՅԲԲԵՆԳԻՄ» հրատարակչության հիմնադիր նախագահ Նաիրա Մելքումյանի համոզմամբ էլ բանավեճերի բացակայությունը նպաստում է Հայաստանի դիրքերի թուլացմանը. «Այն, որ մեր երկրում չկա քննարկում ու բանավեճ՝ հայտնի է մեր հակառակորդներին եւ ներքին անհամաձայնությունները, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեպքում, կարող են արտաքին քաղաքականության համար լուրջ խնդիրներ առաջացնել. եվրոպական կառույցները քաջատեղյակ են, թե ինչ որակումներով է վերջանում ցանկացած նախաձեռնություն»: Ն. Մելքումյանի կարծիքով, ԱԺ-ում անհամաձայնությունները ծագում են միայն գաղափարախոսության ու բանավեճերի պակասից:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով էլ, մեր մշակույթում դեռ ընդունված չեն քաղաքակիրթ բանավեճերը, դրանց սկզբնավորմանը կարող են նպաստել հատկապես ընտրությունները. «Տարիների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ընտրությունների ժամանակ մրցակից թեկնածուները ոչ մի կերպ չեն կարողանում համախմբվել նույն սեղանի շուրջ եւ խոսել նույն թեմայից, բայց փոխարենը նրանց մոտ լավ է ստացվում իրար հետեւից հայհոյելը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ բացատրություն չկարողացավ տեսնել քաղաքական հանդիպումներում երկուստեք հայհոյախոսությունների առիթով. «Քաղաքական հակամշակույթը այսպիսի լայնարձակ հնարավորություններ է ձեռք բերել հատկապես իշխանությունների հանդուրժողական ու զուսպ վարքի բացակայության դեպքում, հիմա ով ավելի սուր հայհոյանքներ է օգտագործում՝ դառնում է ընդդիմադիր գործչի լավ օրինակ»: Ա. Իշխանյանի խոսքով, Հայաստանը բանավեճերի կուլտուրա չձեւավորած պետությունների շարքը կիսում է աֆրիկյան հետամնաց պետությունների հետ: Նա նաեւ ասաց, որ կողմնակից է սուր քննադատությանը, բայց հայհոյախառն որակումներից ազատվելու ելք դեռեւս չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել