Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՇՓՎԵՑԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հուլիս 08,2009 00:00

Ադրբեջանցին գոհ էր Հայաստանից

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Բրաբիոն» ֆլորա սերվիսի «Բրաբիոնը՝ խաղաղության ծաղիկ» 9-րդ միջազգային փառատոնը։ Ըստ «Բրաբիոն» ֆլորա սերվիսի PR մենեջեր Ծովինար Սարգսյանի, փառատոնին մասնակցում են հակամարտող երկրներ. «Այս անգամ փառատոնին ներկայացված է 6 պետություն՝ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան եւ Հայաստան։ Այսինքն՝ այն երկրները, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն միմյանց միջեւ, բացառությամբ Իրանի»։ Ինչպես նշեց Ծ. Սարգսյանը, փառատոնի ժյուրիի կազմը ոչ պրոֆեսիոնալ է. «Ժյուրիի կազմում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ հոգեւորականներ, պետական պաշտոնյաներ, զինվորականներ։ Ժյուրիի այս ալտերնատիվ կազմը մի փոքր խորհրդանշական է, քանի որ փորձել ենք տարբեր ոլորտներից նեկայացուցիչներ ընդգրկել, որպեսզի շփումների շրջանակը ավելի լայն լինի։ Ներկա են նաեւ ծաղկարվեստի մարդիկ՝ տարբեր երկրներից»։ Ինչպես նախկին տարիներին, այս տարի եւս կայացավ ֆլորիստների մրցույթ՝ հանդիսատեսի ներկայությամբ։ «Յուրաքանչյուր երկրից ներկայացված է մեկ ֆլորիստ եւ հենց նրանց միջեւ էլ կկայանա մրցույթը»,- մեկնաբանեց Ծ.Սարգսյանը։ Տարբեր երկրների պրոֆեսիոնալ ֆլորիստները ոչ պրոֆեսիոնալ մրցույթում բեմի վրա, հանդիսատեսի աչքի առջեւ պատրաստեցին ազատ թեմաներով ծաղկե կոմպոզիցաներ։ Սակայն երեկոն ուներ խորագիր՝ «Լավ հարեւանը լավ բարեկամից էլ լավ է», որի ներքո ֆլորիստները զարդարեցին բեմում տեղադրված «բակը»։ Ծ. Սարգսյանի խոսքով, «Սա մի խորհրդանշական բակ է, որտեղ միմյանց հարեւանությամբ ապրում են տարբեր բնույթի մարդիկ։ Ամեն մեկին տրված է բակի մեկ «պարագա»՝ ջրհոր, վրան, մանղալ, որոնք պետք է մրցույթի մասնակիցները զարդարեն իրենց երեւակայությամբ։ Արդյունքում դառնալու է բոլորի ուժերով պատրաստված գեղեցիկ բակ»։ Ըստ 23 անձից բաղկացած ժյուրիի կազմի որոշման, փառատոնի ֆլորիստների մրցույթում հաղթող չեղավ, բայց դիպլոմներ եւ մրցանակներ տրվեցին բոլոր 6 մասնակիցներին։

Նշենք նաեւ, որ «Բրաբիոնի» կողմից նախապես «խոստացված» ասուլիսը, որը պետք է կայանար միջոցառումից առաջ՝ անհասկանալի պատճառներով այդպես էլ չկայացավ. նաեւ լրատվամիջոցներին չթույլատրվեց զրուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակիցների հետ: Այնուամենայնիվ, «Առավոտին» հաջողվեց զրուցել մասնակից ֆլորիստներից մի քանիսի հետ։ Ադրբեջանի մասնակիցը՝ Աերադ Նադրոն, առաջին անգամ էր Հայաստանում։ Եվ ինչպես ինքը նշեց, իրեն այստեղ ջերմ են ընդունել. «Եկել եմ այստեղ խաղաղ նպատակներով, հույս ունեմ, որ այն կօգնի ինձ եւ իմ հասակակիցներին ազատվել այն թշնամանքից, որոնք բույն են դրել մեր մեջ։ Շատ կուզենայի բարեկամություն տեսնել պետությունների եւ հատկապես ժողովուրդների միջեւ։ Այստեղ՝ Հայաստանում, ի զարմանս ինձ, շատ ջերմ ընդունեցին, օդանավակայանից սկսած ինձ միայն ժպտում էին։ Ամբողջ օրվա ընթացքում տեսնում եմ միայն բարի եւ ուրախ հայացքներ, դա ինձ շատ զարմացրել է եւ ուրախացրել: Կարծես բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանից եմ եւ ոչ ոք ինձ սխալ հայացքով չի նայում եւ մատով ցույց չի տալիս»։

Շուրջ 5 տարի Հայաստանում ապրող եւ սովորող իրանցի ֆլորիստ Աֆրո Մուստաֆոյն էլ գտնում է, որ ծաղիկը կարող է օգնել մի կողմ թողնել քաղաքականությունն ու լինել ջերմ հարեւաններ. «Ծաղիկը կլինի մի սիմվոլ, որի ընթացքում կարող ենք միասին քննարկել բոլոր չլուծված հարցերն ու կարողանալ միասին մի ազգ դառնալ: Ես եկել եմ այստեղ իմ հնարավորություններն ու մտահղացումները ցույց տալու համար։ Հայաստանի հետ շատ կապված եմ եւ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Չգիտեմ, այս մրցույթից հետո գուցե եւ գնամ, բայց ուրախ եմ, որ մասնակցում եմ այս փառատոնին եւ Հայաստանում իմ աշխատանքները գնահատվել են»։

«Առավոտը» զրուցեց նաեւ ժյուրիի անդամների հետ։ Ռուսաստանի ներկայացուցիչ, հոգեւորական հայր Արսենին հիացած եւ զարմացած է Հայաստանի ծաղկարվեստի նկատմամբ հայերի մեծ ուշադրությունից։ Նրա խոսքով, ուրիշ ոչ մի երկրում բնության ու ծաղիկների նկատմամբ նմանատիպ վերաբերմունք չկա. «Չգիտեմ ինչպես եմ գնահատելու պրոֆեսիոնալ ֆլորիստների աշխատանքը՝ ինքս այդ բնագավառում մասնագետ չլինելով, սակայն այսօր համոզվեցի, որ գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ գեղեցիկը ծաղիկն է, բնությունը, որոնք խաղաղության խորհրդանիշն են։ Հետաքրքիր է մասնակից պետությունների ընտրությունը։ Գուցե ծաղիկների լեզվով նրանք կարողանան միմյանց հետ ընդհանուր եզրեր գտնել, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ լեզու գտնել»։

Իրանի ներկայացուցիչ՝ գրականագետ Շիրին Արղունին էլ շեշտեց. «Ծաղիկների լեզվով շփվելը յուրահատուկ հաղորդակցության միջոց է։ Իրանում այսպիսի միջոցառումներ լինում են, իհարկե, բայց ոչ նմանատիպ ճոխությամբ։ Հաճելի է նման փառատոնի մասնակցելն ու ժյուրիի անդամ լինելը»։

«Բրաբիոնը՝ խաղաղության ծաղիկ» միջազգային փառատոնում այս տարի իրենց մասնակցությունն ունեցան նաեւ զինվորականներ։ Հաշվի առնելով այն, որ ժյուրիի կազմում մեծ թվով ընդգրկված էին նաեւ զինվորականներ, այդ առիթով ժյուրիի անդամները, հրավիրված հյուրերը, մասնակից ֆլորիստները միջոցառման նախօրեին հյուրընկալվել էին հայկական զորամասերից մեկում, որտեղ նախաճաշել են զինվորականների հետ: «Նույն կերակուրն են կերել, ինչ ամեն օր տրվում է զինվորներին, շփվել, մասնակցել են նաեւ զինվորական վարժանքներին, որոնք ցուցադրվել են հատուկ հյուրերի համար։ Մասնավորապես՝ զինվորական վարժանքներից հիացած էին ադրբեջանցին եւ թուրքը: Նրանք ծափահարում էին եւ շատ զարմացած էին հայ զինվորների պատրաստվածությամբ եւ արիությամբ։ Սա «Բրաբիոնի» կողմից կազմակերպված հատուկ նախատեսված այցելություն էր, որը գուցե եւս մեկ խաղարարար շեշտադրություն լինի հակամարտող եւ խնդիրներ ունեցող պետությունների միջեւ»,- հավելեց Ծ. Սարգսյանը։

Նշենք նաեւ, որ փառատոնի պարբերաբար տրվող «Բրաբիոն ազգային մրցանակն» այս անգամ բաժին հասավ գրող Պերճ Զեյթունցյանին՝ նրա մեծ ավանդի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել