Լրահոս
Օրվա լրահոսը

2010 թվականը, հավանաբար, կսկսենք մաքուր էջից

Հուլիս 08,2009 00:00

\"\"Երեկ «Առավոտի» հետ ստորեւ ներկայացվող հարցազրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:

– Առաջին հարցը. դուք ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող 4-րդ վարչության պետի տեղակալն եք ու զբաղվում եք ազգային չարիք հանդիսացող այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են թմրաբիզնեսն ու թրաֆիքինգը: Իբր, դա քիչ էր, ձեր ուսերին վերցրիք նաեւ մի այնպիսի ծանր մարզաձեւ, ինչպիսին հեծանվային սպորտն է: Ինչո՞ւ:

– Ես հեծանվորդ եմ եւ կարող եմ ասել, որ վատ արդյունքներ չեմ ունեցել: Իմ ամբողջ կյանքը կապված է այս մարզաձեւի հետ: Ակտիվ սպորտը թողնելուց հետո էլ հեծանիվը իմ մշտական ուղեկիցն է: Հիմա էլ ինձ հուզում է իմ մարզաձեւի ներկան ու ապագան: Հեծանվային սպորտում Հայաստանը միջազգային չափանիշներով մեծ հաջողություններ է ունեցել, որոնք այսօր արդեն ինչ-որ չափով հիշողություն են, որի հետ հաշտվելն ինձ համար հեշտ չէ: Երբ համաձայնեցի ընտրվել մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, մտերիմներիցս շատերը դրան համաձայն չէին: Բայց ընտրությունն արդեն կատարված էր: Հարցրիք ժամանակի՞ մասին: Դեռ դպրոցական տարիներից օրս անցնում է համապատասխան (խիստ) ռեժիմով: Ինձ սովորեցրել եմ՝ հասցնել ամեն ինչ, բայց ոչ՝ մեկը մյուսի հաշվին: Ներքուստ հավատացած եմ, որ մասնագիտական պարտականություններիս կատարումը կկարողանամ զուգորդել նոր պարտականություններիս հետ, ու ոչ մեկը չի տուժի:

– Նախագահ ընտրվելուց հետո հայտարարեցիք, որ ձեր առաջնային նպատակներից մեկը տեղի եւ սփյուռքի ներուժերի միատեղումն է եւ ֆեդերացիայի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելը:

– Լրացնեմ. խոսքը միայն սփյուռքի հայկական համայնքների մասին չէ: Այսօր այնքա՜ն չօգտագործված հնարավորություններ կան՝ դրսում ապրող հայեր, ընկերներ, ծանոթություններ: Կարծում եմ, որ պետք է փորձել դրանք ի մի բերել եւ ծառայեցնել Հայաստանում մարզաձեւի շահերին: Բայց կարեւոր մի հանգամանք. երբեք խնդրողի դերում չենք լինելու, այլ պոտենցիալ գործընկերներին առաջարկելու ենք համագործակցել ներկայացվելիք կոնկրետ ծրագրերի շուրջ: Կարծում եմ, այս ռազմավարությունն ավելի արդյունավետ կլինի: Օրինակ, այսօր արդեն առաջին քայլն արվել է. մեր լավագույն մարզիկներից մեկը մոտ ժամանակներս Բելառուսում մասնակցելու է հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշարի: Ես արդեն կապ եմ հաստատել իմ գործընկերների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել տեղում ըստ ամենայնի աջակցել հայաստանցի մարզիկին եւ նրան ուղեկցող մարզչին: Շարունակության մասին եկեք խոսենք ավելի ուշ: Դրա համար ժամանակ է պետք: Մարդիկ, կազմակերպությունները նրանց հետ տարվելիք աշխատանքների արդյունքում կհասկանան, որ հեծանվային սպորտի հետ համագործակցելը փոխադարձ շահավետ աշխատանք է, առավել եւս, որ ես մտադիր եմ աշխատել օրենքի եւ օրինականության դաշտում:

– Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ձեր առաջին ելույթում խոսեցիք ֆեդերացիայի կանոնադրությունում մոտ մեկ ամսվա ընթացքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Կոնկրետ ի՞նչը նկատի ունեիք:

– Ֆեդերացիայի կանոնակարգը Հայաստանում գործող օրենքների որոշ կետերի հետ համապատասխանեցնելու կարիք ունի: Որքան շուտ դա անենք, այնքան ավելի կհարգեն մեր մարզաձեւը: Իսկ որ ավելի կարեւոր է, մեր հետագա աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպելու հնարավորություն կունենանք:

– Իսկ ե՞րբ եք նախատեսում ավելի ճիշտ ու արդյունավետ աշխատել:

– Ինձանից առաջ ֆեդերացիան ղեկավարած անձինք կազմակերպչական բավականին լուրջ քայլեր կատարել են: Ես հարգում եւ ընդունում եմ նրանց արածները: Կարծում եմ, որ հիմա պետք չեն միջամտությունները: Կան կազմված ծրագրեր, դրանց կատարման ուղիներ: Նոր ֆեդերացիայի հիմնական անելիքը տեսնում եմ մինչեւ տարեվերջ՝ սկսած 2010 թվականից, գործունեության հիմնավորված ծրագրեր մշակելու մեջ: Դրանց կանդրադառնանք արդեն աշնանը եւ հաստատելուց հետո լրիվ թափով կաշխատենք եկող տարվա հենց սկզբից: Մտածում եմ, որ առաջնային եւ հիմնական ուղղությունները կլինեն հանրապետությունում մարզաձեւի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ սկսած բազաների հիմնադրումից, սկզբնական շրջանում գոնե առաջատար մարզիկների համար ժամանակակից գույքի, համազգեստի, պահեստամասերի ձեռք բերումից, մինչեւ հանրապետությունում եւ արտերկրում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, միջազգային մրցումների մասնակցությունների թվաքանակի ավելացումը, հեծանվային սպորտի միջազգային եւ ազգային ֆեդերացիաների հետ սերտ համագործակցության հաստատումը: Եթե կարողանանք այս ընթացքում վերը թվարկածս գործերը հունի մեջ գցել, ինչին չեմ ուզում կասկածել, քանի որ ֆեդերացիայի նոր ղեկավար կազմում ընդգրկվել են իրենց գործին նվիրված մասնագետներ, 2010 թվականը կարելի կլինի սկսել նոր էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել