Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ԿԱ

Հուլիս 08,2009 00:00

Բելգրադում շարունակվում է համաշխարհային 25-րդ ունիվերսիադան: Հայաստանը ուսանողական սպորտի այս կարեւորագույն մարզական միջոցառմանը մասնակցում է չորս մարզաձեւից՝ ձյուդո (5 հոգի), թեքվանդո (3), սուսերամարտ (3) եւ սեղանի թենիս (3):

Ունիվերսիադան մեկնարկել է հուլիսի 2-ին: Արդեն անցել է վեց մրցակցային օր, սակայն մրցավայրից մեզ հետաքրքրող ու հավաստի օպերատիվ տեղեկատվություն չկա: Ստիպված ենք աշխատանքային օրվա առնվազն երկու երրորդը վատնել ինտերնետային կայքերում «թափառելու» վրա՝ կցկտուր ինչ-որ տեղեկություն քուջուջ անելու հույսով: Բայց, որքան մենք ենք հասկանում, դա էլ օպերատիվ լրատվություն հաղորդելու լավագույն միջոցներից չէ:

Լավ էր, որ ՀԱՕԿ-ի կայքում այս անգամ հնարավոր եղավ հայթայթել մեզ համար հաճելի մեկ լուր. թեքվանդոյում մեր հանրապետության ներկայացուցիչ Արման Երեմյանը 74 կգ քաշային կարգում նվաճել է ունիվերսիադայի բրոնզե մեդալ: Լիարժեք օպերատիվ տեղեկատվության բացակայության պատճառով Բելգրադում կատարված վերջին իրադարձությունների մասին նորություններ հաղորդել ի վիճակի չենք: Այս հարկադրական իրավիճակը մեզ համար վաղուց արդեն սովորական երեւույթ է: Այս խնդրի մասին տարբեր ժամանակներում գրել ու հազար անգամ բանավոր տեղեկացրել ենք Հայաստանի մարզական ղեկավարներին: Բայց արդյունք, ինչպես համոզվում ենք այսօր, չկա: Պատասխանատուները, որոնք պետք է նաեւ ամենաշահագրգիռը լինեին, պարզապես չեն հասկանում, ավելի ճիշտ՝ ի վիճակի չեն հասկանալ, որ բոլոր ժամանակներում աշխարհում ամենաթանկ ապրանքը ինֆորմացիան է:

Իհարկե, աշխատում ենք մրցումների պաշտոնական կայքէջից հնարավորին չափ թարմ տեղեկատվություն քաղել եւ մարզասերին փոխանցել, սակայն ամեն անգամ չէ, որ դա հնարավոր է լինում՝ կապված նաեւ ժամային գոտիների տարբերության եւ տպագրության սուղ ժամկետների հետ:

Օրինակ, ուսանողական համաշխարհային մարզական խաղերի «ub2009.org» կայքէջում երեկ տեղադրված տեղեկատվության համաձայն (պնդել, որ դրանք ամենաթարմն են, չենք կարող), մեր ձյուդոիստներն արդեն իսկ պետք է որ առաջին մենամարտերն անցկացրած լինեին, սեղանի թենիսիստները թիմային պայքարում երեք պարտություն են կրել՝ Ավստրալիայից, Հունգարիայից եւ Կորեայից եւ «G» խմբում զբաղեցրել են վերջին տեղը, իսկ խոցասուսերակիրները թիմային պայքարի 1/32 եզրափակիչում պետք է որ հանդիպեին Մեծ Բրիտանիայի հավաքականի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել