Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ՝ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հուլիս 08,2009 00:00

Այս սկզբունքով է ստեղծագործելիս առաջնորդվում երիտասարդ գեղանկարիչը

\"\"Նկարիչների միությունում հուլիսի 3-ից ցուցադրվում են ծնունդով գյումրեցի երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի 37 աշխատանքները: 2003-ից ՀՀ նկարիչների միության անդամի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում: Նկարչի վառ երեւակայությամբ գեղեցիկն ընկալելու եւ վերարտադրելու զգայական կարողությամբ ստեղծած պատկերները զարմացնում են նրբաճաշակությամբ ու մարդու հանդեպ սիրով: «Առավոտին» զարմացրեց ժամանակի գորշ քաոսից նրա արարած \"\"ներդաշնակությունը: Մեր դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ գեղանկարները կարծես հետադարձ հայացք են Վերածննդի դարաշրջանի բարքեր ու կենցաղ, Տ. Բարխանաջյանը համակարծիք լինելով, նախ նշեց, որ ինքն այլեւս դատապարտված է իրականության հետ հարաբերվելու արվեստի լեզվով՝ Ռեմբրանդտի, Վեռմերի, Բուշեի, նրանց մշտական ներկայությամբ եւ ազդեցությամբ: Հետո էլ հավելեց. «Այսօրվա մարդը կարիք ունի անհապաղ վերանալու ռոբոտային մտածողությունից եւ վերադառնալու մարդկային իրական կերպարին (նկատի ունի անկեղծությունը, ազնվությունը, անշահախնդրությունը եւ այլն- Ս. Դ.)»:

Մեր զրուցակիցը փաստեց. «Միության շենքի երկարատեւ վերանորոգումից հետո արդեն մեկ տարի է՝ ինչ երեք ցուցասրահները «անգործ» չեն մնում: Մյոււս կողմից, արվեստի նվիրյալը, չեմ կարծում, որ կարողանա նստել ու սպասել… Բազմիցս մասնակցել եմ խմբակային ցուցադրումների Երեւանում, Կանադայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում…»: Դիտարկմանը, թե նման ցուցադրություն կազմակերպելիս նկարիչը նկատի է ունենում կոնկրետ լսարան եւ կոնկրետ ընկալող, արդյոք վաղօրոք արվեստագետը մտածե՞լ էր դրա մասին, Տ. Բարխանաջյանն ասաց. «Նկարներս ենթադրվող հասցեատեր չունեն, եւ հենց այս անհատական ցուցահանդեսի միջոցով եմ ուզում պարզել, թե ովքեր են նրանք կամ գուցե չկա՞ն… Բավարարված եմ զգում աշխատանքներիս ցուցադրությունից մինչ այս օրը, որովհետեւ տեսնում եմ սպասածիցս ավելի այցելու: Իսկ ընդհանրապես, անհատական նման միջոցառումները հնարավորություն են տալիս ինքդ քեզ կողքից նայելու ու շփվելու զանազան կարծիքների հետ»: Հիմա շատ են ասում, որ բարձր արվեստը, այդ թվում՝ նաեւ գեղանկարչությունը, ապրուստի միջոց չէ, ինչը չի տեղավորվում բիզնես հասկացության մեջ: Ուզեցինք լսել երիտասարդից՝ նկարչությունը միջոց դառնո՞ւմ է ապրելու համար: Տ. Բարխանաջյանի պատասխանը ենթատեքստով էր. «Ստիպված եմ ջանքեր գործադրել այլ աշխատանքով չզբաղվելու համար: Մյուս կողմից էլ փորձում եմ համատեղել բարձր արվեստը կոմերցիոն մտածողության հետ, քանի որ առանց վերջինի չես կարող չենթարկվել աշխարհի այսօրվա օրենքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել