Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼԸ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՒՐՔԻԱ

Հուլիս 08,2009 00:00

Հովվապետական այցով հուլիսի 4-ին Թուրքիա մեկնած Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին երկուշաբթի օրը Անկարայում ընդունել են Թուրքիայի բարձրաստիճան մահմեդական առաջնորդ Ալի Բարդաքօղլուն եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Անկարայում Ռուսաստանի հոգեւոր առաջնորդը, ի շարս այլ հարցերի, արծարծել է նաեւ Ստամբուլի մոտակայքում գտնվող հույն ուղղափառների հոգեւոր ճեմարանը վերաբացելու թեման, ասելով, որ դա կարեւոր քայլ կհանդիսանար Թուրքիայում կրոնական ազատությունների եւ փոքրամասնությունների իրավունքներն ապահովելու ուղղությամբ: Պատրիարք Կիրիլն ասել է, որ վարչապետ Էրդողանն իր հետ զրույցում ճեմարանի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել: Մինչդեռ, ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունեյը վերջերս ասել է, թե Անկարան պատրաստ է ընդունել այդ կրթական հաստատությունը վերաբացելու մասին Եվրամիության պահանջը: Անցած շաբաթ օրը պատրիարք Կիրիլը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գլխավոր տաճարում՝ Սուրբ Գեորգիի եկեղեցում մատուցել է պատարագ, որին մասնակցել են հույն եւ ռուս ուղղափառ եկեղեցիների սպասավորները: Երեկոյան նա այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար, որը ժամանակին եղել է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը, 1453 թվականին դարձել է մզկիթ, իսկ ներկայումս վերածված է թանգարանի, որտեղ Թուրքիայի իշխանությունների կարգադրությամբ խստորեն արգելված են ժամերգություններն ու աղոթքները: Կիրակի օրը պատրիարք Կիրիլը Ստամբուլում ասել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում անպայման պետք է տեղ ունենա նաեւ քրիստոնեական-մահմեդական երկխոսությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել