Եթե Հայաստանի եւ Վրաստանի՝ միմյանց նկատմամբ որոշակի դժգոհությունը Երեւանի դեպքում բացատրվում է Ջավախքի խնդրով, ապա Թբիլիսիի դեպքում ամենից առաջ կապված է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ դիմակայության հետ:
«Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Մյուս կողմից՝ պետք է միշտ հաշվի առնել, որ ինչպիսին էլ լինի հայ-վրացական հարաբերությունների ընկալումը Հայաստանում, այն զարմանալիորեն տարբերվում է Վրաստանում նույն հարաբերությունների ընկալումից, քանի որ վրացիների կողմից Հայաստանի ընկալումը մեծամասամբ տեղի է ունենում Ռուսաստանի լույսի ներքո»,- նշել է նա:
Մինասյանն ընդգծել է, որ վրացիների մոտ կարծրատիպեր, բարդույթներ, վիրավորանքներ հիմնականում դրսեւորվում են Երեւանի եւ Մոսկվայի փոխհարաբերությունների համատեքստում: Իսկ օգոստոսյան պատերազմից հետո վրացիների մոտ այդ բարդույթն առավել նկատելի է դարձել: «Միաժամանակ Աբխազիան եւ Հարավային Օսիան կորցնելուց հետո՝ վրաց հասարակության շոկային վիճակը կարելի է հասկանալ: Այդ է պատճառը, որ վրացիներն այդքան խանդով են վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում թե՛ Ջավախքում, թե՛ Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ շրջաններում»,- ասել է Մինասյանը: