Վերջին շրջանում «Առավոտը» բազմաթիվ ծնողներից ահազանգեր եւ պարզաբանումներ տալու խնդրանքներ է ստանում՝ կապված այս տարվա 9-րդ դասարանցիների հետ: Բանն այն է, որ 2001-ին աշակերտները դպրոց ընդունվեցին՝ պայմանով, որ պիտի սովորեն 11 տարի: Սակայն հետագայում նրանց ուղղակի «թռցրեցին» եւ մինչեւ հիմա նրանք իրենց մասին ասում են՝ «սովորում եմ թռնովի 9-րդ դասարանում»: Հետագայում, երբ մեր հանրակրթությունը թեւակոխեց 12-ամյա կրթության փուլ, այս երեխաների ճակատագիրը անհասկանալի մնաց: Եվ հիմա ծնողներին, ուսուցիչներին, 9-րդցիներին անհանգստացնում են այն խոսակցությունները, որ, ամենայն հավանականությամբ, իրենք 2 տարի հետո, երբ փաստացի 10 տարի սովորած կլինեն, իսկ ձեւականորեն կավարտեն 11-րդ դասարանը, իրականում չե՛ն ավարտի 11-րդ դասարանը, ինչպես, ասենք, այս տարվա 11-րդցիներն ավարտեցին՝ սովորելով ընդամենը 10 տարի: 2001-ին ընդունվածները կսովորեն եւս մեկ տարի՝ 12-րդ դասարանում:
Պարզաբանում խնդրեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից: Նա ասաց. «2011 թվականին մենք իրոք շրջանավարտի խնդիր կունենանք: Դա ոչ թե նոր որոշում է, այլ այդպես է ստացվում. կրթական բարեփոխումները, որ իրականացվում են, բերում են նրան, որ 2011-ին մեր շրջանավարտների թիվը կտրուկ պակասելու է: Այդ տարի չեն ավարտելու, որովհետեւ թռիչքը բացառվում է: Այս պահին մենք թռիչքը բացառում ենք, որովհետեւ թռիչքը նշանակում է, որ մենք պետք է ֆորմալ իրենց տանք եւս մեկ տարի եւ համարվի, որ իրենք սովորել են, բայց դա պիտի արվի հանրակրթության որակի հաշվին, իսկ հանրակրթությունն այն տեղը չէ, որի հաշվին պետք է լուծվեն բարձրագույն կրթության խնդիրները: Մենք կփորձենք այդ խնդրին լուծումներ գտնել, արդեն իմ հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որը պետք է բուհերի ռեկտորների խորհրդի հետ միասին քննարկի առաջարկներ 2011-ին ընդառաջ, որպեսզի կարողանանք արդեն այդ տարվա համար ապահովել բարձրագույն կրթական համակարգը համապատասխան միջոցներով՝ մարդկային, նյութական եւ այլն, որպեսզի այդ մեկ տարվա բացը, որ չորս տարի տեւելու է իրենց մոտ, իրենք կարողանան կոմպենսացնել, չունենան կրճատումներ, սոցիալական խնդիրներ, բայց դա չի արվի ի հաշիվ հանրակրթության»: