Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հուլիս 08,2009 00:00

\"\"Բուհերում դա պատճառաբանում են կոմունալ վարձերի աճով

Ցանկացած ուսումնական տարվա ավարտին բուհերի տարբեր ֆակուլտետների դեկանատներում ամենից հաճախ հնչող արտահայտություններից է. «Էրեխեք, եթե ուսման վարձը մեկ օր էլ ուշացնեք՝ արդեն դուրս եք մնում համալսարանից»: Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս երեւույթը լավ օրից չէ: Ծնողները սոցիալական ոչ բավարար ապահովվածության պատճառով են ծայրը ծայրին հասցնելով ուսման վարձ վճարում, բուհերում էլ անհամբեր են, քանի որ աշխատակիցների աշխատավարձերի հիմնական մասը գոյանում է հենց ուսման վարձավճարներից:

Իսկ այս ուսումնական տարվանից որոշ բուհերում կբարձրանան մագիստրատուրայի ուսման վարձավճարները: Այս փաստը շատ է մտահոգել թե՛ ծնողներին, թե՛ բակալավրիատն ավարտած այն ուսանողներին, որոնք ցանկություն ունեն ուսումը շարունակել մագիստրատուրայում: Ճիշտ է, ուսանողների շրջանում «Առավոտի» կատարած հարցումը ցույց տվեց, որ վարձավճարների բարձրացումը մագիստրատուրա դիմորդների կորուստ չի ենթադրում, բայց մտահոգություն, այնուամենայնիվ, կա: «Առավոտը» նաեւ այցելեց մի քանի բուհեր, պարզելու, թե բարձրացումը որ բուհում ինչ չափերի է հասնում եւ ինչով է պայմանավորված: Զրուցեցինք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) գիտության եւ ասպիրանտուրայի գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի հետ: ՀՊՃՀ-ի մագիստրատուրայում ուսման վարձավճարները բարձրացել են նախկին վարձավճարի 5%-ի չափով: Ս. Աղբալյանը այս մասին խոսելով շեշտեց, որ հումանիտար եւ ճարտարագիտական մասնագիտություններով ուսում կազմակերպելը բավականին տարբեր բաներ են: Նա մանրամասնեց. «Մեր ուսումնական բեռնվածքի ստվար մասն իրականացվում է լաբորատորիաներում: Իսկ լաբորատոր դասընթացների իրականացման ժամանակ մենք օգտագործում ենք վառարաններ, որոնց ջերմաստիճանը հասնում է մինչեւ 1000-2000 աստիճանի: Բնական է, օգտագործվում է նաեւ էլեկտրաէներգիա, քիմիական լաբորատորիաներում օգտագործում ենք նաեւ բնական գազ: Ինժեներական մասնագիտություններով ուսման կազմակերպումը էժան հաճույք չէ, օրինակ՝ Էլեկտրաէներգետիկայի ֆակուլտետի ուսանողների համար հզոր մոտորներ պիտի աշխատեցնես, որ մագիստրանտները փորձեր կատարեն, արդյունք ստանան: Փորձերի համար էլ նյութեր են պետք: Իսկ հումանիտար ֆակուլտետների ուսանողները կարող են նստել գրադարանում եւ աշխատել: Ու քանի որ կոմունալ վարձերը թանկացել են, ուստի այդ 5%-ի ավելացումը կապված է հենց այդ ծախսերի ավելացման հետ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ այդ թանկացումներով պայմանավորված՝ պետական աջակցությունը բուհին ավելացե՞լ է: Պարոն Աղբալյանը պատասխանեց. «Ունենք գիտական թեմաներ, որոնցում մասնակցում են մեր ուսանողները. թեմաներում ընդգրկվածության 25%-ը պարտադիր պիտի լինեն ասպիրանտներ եւ մագիստրոսներ: Մենք նաեւ ներգրավում ենք 4-րդ կուրսի լավագույն ուսանողներին: Ուստի պետությունը, այնքանով, որքանով ֆինանսավորում է լաբորատոր թեմաները, բնականաբար նպաստում է դրանց կատարմանը»: Երեւանի պետական համալսարանում որոշ մասնագիտությունների գծով մագիստրատուրայի վարձավճարները թանկացել են 50 000 դրամով: ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Եթե մենք թանկացման բոլոր պատճառները հաշվի առնեինք, ապա բարձրացումներն անհամեմատ ավելի շատ կլինեին: Ինչպես նշեցինք, խնդիրներից առաջինը կոմունալ վարձերի բարձրացումն է: Վարձավճարների փոքր-ինչ բարձրացման մյուս պատճառը համալսարանի աշխատակիցների ցածր աշխատավարձերն են, որոնք չեն բավարարում հատկապես համալսարան նոր մտնող երիտասարդներին: Ասպիրանտներ ընդունում ենք, պաշտպանում են, բայց չեն ցանկանում աշխատել համալսարանում, քանի որ դրսում նրանց ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում»: Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունե՞ն, որ վարձավճարների բարձրացման պատճառով դիմորդներ կկորցնեն: Պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ բարձրացումով դիմորդներ կկորցնենք»: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), որն անցյալ տարվանից է անցել եռաստիճան կրթական համակարգի, մագիստրատուրայի ուսման վարձավճարները չի թանկացրել: ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը տեղեկացրեց. «Մի շարք մասնագիտությունների համար, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ են վայելում, մագիստրատուրայի վարձավճարը 470 հազար է, բակալավրիատից 20 հազարով ավելի: Մյուս բոլոր մասնագիտությունների համար բակալավրիատի վարձը 400 հազար է, իսկ մագիստրատուրայինը՝ 420 հազար»: Հետո էլ Յու. Սուվարյանը նկատեց. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, ինչպե՞ս կարելի է մտածել ուսման վարձերի բարձրացման մասին: Իհարկե, մեր միջոցները չեն բավարարում, ցանկալի կլիներ՝ ուսման վարձերը բարձրացնեինք, քանի որ դրա հաշվին ենք շատ հարցեր լուծում, բայց միեւնույն ժամանակ հաշվի ենք առնում, որ ճգնաժամի պատճառով ուսման վարձ վճարողներն էլ են իրենց վատ զգում: Ուստի վարձը բարձրացնելու փոխարեն մի քիչ կսեղմենք մեր աշխատավարձային վճարումները եւ կփորձենք գտնել հովանավորներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել