Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները

Հուլիս 08,2009 00:00

\"\"Կուսակցությունը քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտներից մեկն է։ Այն, ըստ էության, պետություն-հասարակություն կապող օղակն է։

Որքան էլ որոշ արեւմտյան տեսաբաններ խոսեն կուսակցությունների «մահվան» եւ պետության կառավարման գործընթացում դրանց դերի նվազման մասին, միեւնույն է, փորձը ցույց է տալիս, որ քաղաքական գործընթացներում ամենակարեւոր դերակատարումը, ի վերջո, վերապահված է քաղաքական կուսակցություններին։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարացող պետություններում սկզբնական շրջանում գրանցվում են բազմաթիվ կուսակցություններ: Միեւնույն ժամանակ, ժողովրդավարության կայացման եւ զարգացման ընթացքում տեղի է ունենում քաղաքական ուժերի խոշորացման գործընթաց, ինչը բնական է, եթե քաղաքական կուսակցությունները իրականում ձգտում են մասնակցել երկրի կառավարման գործընթացին եւ լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները, այլ ոչ թե կուսակցությունը դիտում են որպես բիզնես-կառույց, որը դեպքից դեպք, ընտրություններին մասնակցելու պատրվակով, կարող է այս կամ այն դոնոր կազմակերպությունից որոշակի գումար ստանալ եւ պահպանել սեփական գոյությունը՝ մինչեւ մյուս ընտրություններ: Հայաստանում, իհարկե, քիչ չեն նման «քաղաքական ուժերը», սակայն նպատակահարմար չենք գտնում դրանց անդրադառնալ, քանի որ նման կազմակերպությունները երկրի կառավարման գործընթացներում գրեթե զրոյական դերակատարում ունեն եւ ոչինչ չեն որոշում: Այս քաղաքական ուժերին չենք անդրադառնում նաեւ ելնելով այն մտքից, որ քննարկման ենթակա կարող են լինել միայն այն կուսակցությունները, որոնք քիչ թե շատ, լավ թե վատ իրականացնում են կուսակցություններին բնորոշ գործառույթներ եւ դրանով իսկ կարողանում են որոշակիորեն իրենց ազդեցությունն ունենալ քաղաքական գործընթացներում:

Վերոշարադրյալից բխում է բնական հարց, իսկ ի՞նչ պետք է անեն կուսակցությունները եւ ո՞ր գործառույթներն են, որ այս կազմակերպություններին տարբերակում են, ասենք, հասարակական կազմակերպություններից կամ քաղաքացիական հասարակության այլ կառույցներից: Քաղաքականության տեսությանը հայտնի կուսակցության հիմնական գործառույթներն են.

* պայքարը իշխանության, այն իրականացնելու կամ վերահսկելու համար,

* կուսակցական գաղափարախոսության մշակումը, քարոզչության իրականացումը եւ հասարակական կարծիքի ձեւավորումը,

* հասարակության կամ նրա առանձին մասի քաղաքական դաստիարակության իրականացումը,

* մեծ սոցիալական խմբերի ակտիվացումը եւ ինտեգրացումը,

* մեծ սոցիալական խմբերի շահերի վերհանումը, ձեւակերպումը եւ հիմնավորումը,

* կուսակցության, պետական տարբեր մարմինների եւ ոչ պետական այլ կազմակերպությունների համար կադրերի պատրաստումը եւ առաջադրումը։

Հաջորդ հոդվածներում փորձ կանենք մանրամասնել վերոնշյալ գործառույթների էությունը եւ պարզել, թե Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններից որոնք են իրականացնում այս գործառույթները: Մի բան պարզ է. քանի դեռ հայաստանյան քաղաքական կուսակցությունները չեն իրականացնում հենց քաղաքական կառույցին բնորոշ գործառույթներ՝ կուսակցության եւ առավել եւս կուսակցական համակարգի կայացման մասին խոսակցությունները դեռ երկար են մնալու որպես բանավեճի առարկա: Սակայն բանավեճի, որը ոչ մի կերպ որեւէ օգուտ չի կարող բերել մեր հասարակությանը, քանի դեռ հասարակությունը իր առօրյա կյանքում չի զգացել կուսակցությունների ուղղակի ներկայությունը, քանի որ կուսակցությունները կոչված են ներկայացնելու ոչ թե մի քանի հոգու կենսական խնդիրներն ու շահերը, այլ՝ հասարակական մեծ խմբերի: Սրա մասին առավել մանրամասն դեռ կխոսենք:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել