Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Հուլիս 08,2009 00:00

Ընտրությունները՝ համաժողովրդական սրբություն

\"\"Հունիսի 9-ին «Երեւան» հյուրանոցի սրահներից մեկում «Սիվիլիտաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Երեւանի քաղաքային ընտրությունների քննարկմանն էին հրավիրել մտավորականների: Ամեն անգամ հարցը դեմ էր առնում ժողովրդավարական ընտրությունների անցկացման անհաջողության պատճառներին: Նախկին արտգործնախարարը դիմում է ներկաներին՝ որո՞նք են դրանք: Ելույթ ունեցողները ասես դիտավորյալ խոսում էին ամեն ինչի մասին, բացի բուն պատճառներից: Տվյալներ էին բերում համատարած ընտրակեղծիքի, ընտրողների կողմից կաշառվելու, խարդախությունների մասին: Ելույթ ունեցողներից մեկը հավատացնում էր, որ 120 հազար ձայների կեղծում է իրականացվել: Կարծում եմ, որ այդ անձնավորությունը պետք է դատարանում փորձի պաշտպանել իր տեղեկության ճշմարտացիությունը: Քննարկմանը նախկին արտգործնախարարը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ երկրում արդեն 15 տարի է, ինչ բոլոր ընտրություններում խախտվում է ընտրողի իրավունքը, ու այս բնագավառում ոչ մի առաջընթաց չի արձանագրվում: Իշխող վերնախավը մուտանտի նման ընտրությունից ընտրություն ավելի ու ավելի է հարմարվում ժողովրդավարական երեւալու պայմաններին: Սակայն վատ քողարկված ձեւով անում է ամեն ինչ, որ անցկացնի իրեն հարմար թեկնածուին:

Պատճառներ որոնելիս պետք չէ մեղավորներ փնտրել կուսակցությունների, իշխանությունների, խմբավորումների մեջ: Այդ ամենը մեր հասարակության ծնունդն է, նրա զարգացման մակարդակի արդյունքը: Ընտրախախտումները ավելի շուտ հասարակական երեւույթ են: Խախտում էին ՀՀՇ-ի իշխանության ժամանակ, խախտում էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, խախտում են այսօր: Հիշում եմ, ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակը Վազգեն Սարգսյանը քննարկում էր, մեկ առ մեկ որոշում՝ ում թույլ տալ ընտրվելու, ում՝ ոչ: Թեկնածուները նախապես գիտեին, թե ով է «ընտրվել»: Իսկ 1996-ի նախագահական հայտնի ընտրություններից հետո, դեռ ընտրության արդյունքները չհայտարարած, նույն պետական այրը հեռուստատեսությամբ հայտարարեց՝ ժողովուրդ, որ 100%-ով էլ քվեարկեք, միեւնույն է, մերն է անցնելու: Իրոք, իմ կարծիքով 65%-ով ընտրությունը շահած անձնավորությունից խլեցին նախագահական աթոռն ու տվեցին գործող նախագահին: Երկու տարի հետո Վազգեն Սարգսյանը «ուղղեց» իր սխալն ու նոր ընտրախախտումներով նախագահական աթոռը մեկ ուրիշին տվեց: Սա վկայում է, որ ընտրախախտումը մեր երկրում հասարակական հիվանդության է վերածվել, որը շտապ բուժման կարիք ունի:

Ընտրողը արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ, միեւնույն է, ընտրելու իրավունքը վերցնելու են իրենից, իշխանությունները «ընտրելու» են իրենց հարմար թեկնածուին: Անկախության առաջին օրվանից երկրի խորհրդարանը նման ընտրությունների արդյունքում լցվում է քրեական տարրերով: Մարդիկ պայքարում են խորհրդարան մտնելու համար, որպեսզի անարգել գործեն իրենց գործարարության ասպարեզում, կարողանան խախտել օրենքները: Անկախության առաջին տարիներին ԱԺ անդամներից քանի՜- քանիսը ապրանք էին ներկրում առանց մաքսատուրքի:

Ինքս էլ որոշակի կենսափորձ եմ կուտակել ընտրությունների առումով: Ազգային ժողովի ընտրություններում իմ թեկնածությունն էր առաջադրվել Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում: Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Ամիրյանը հանձնաժողովի մի երիտասարդ անդամի ուղարկել էր ինձ հետ բանակցելու: «Եթե քո անվան դիմաց գրվի ցանկացած թիվ, ոչ ոք կասկածի չի ենթարկի, քանի որ դու մեծ հեղինակություն ունես»,- ասաց երիտասարդը: «Իսկ դա ի՞նչ արժե»,- դիմեցի ես, կռահելով, թե ինչ է ուզում տղան: «Քսանհինգ հազար դոլար»,- հնչեց պատասխանը: «Բայց ես այդքան փող չունեմ»,- ասացի ես: «Պարտք վերցրու, Ազգային ժողովի անդամ դառնալով՝ դու մեկ ամսում կվաստակես այդ գումարը,- ինձ դաս տվեց ընտրական հանձնաժողովի 20-ամյա անդամը,- մի կոճակ սեղմելը հինգ հազար դոլար արժե, հարյուր ու մի հարցերով գործարարները քո օգնությանը կդիմեն»: Ինձ մնում էր հայտնել, որ սխալ հասցեով է դիմել: Հետո տեղեկացա, որ թեկնածուներից մեկը $65 000 է ծախսել ու դարձել պատգամավոր, ապա եւ նախարարի տեղակալ, այժմ՝ գերհզոր գերատեսչության ղեկավար: Իհարկե, հիմա 25 կամ 65 հազարը քմծիծաղ կառաջացնի կաշառակերների մոտ, քանի որ զրոներ են ավելացել: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին ընտրություններից առաջ այդ թեկնածուի թիմի «տղաները» գողացան, տարան հանրահայտ «կուկուռուզնիկը», ատրճանակի փողը մտցրին խեղճի բերանը՝ սպառնալով, որ «կցրեն գանգը»: Չգիտեմ, մեր քրեածին հեռուստաֆիլմերում նման տեսարաններ կա՞ն, թե՝ ոչ: Սարսափ ապրած հանձնաժողովի նախագահին հանդիպել էի վերջերս: Ասաց, որ այդ դեպքից հետո ինչ-որ անհայտ հիվանդություն է ստացել: Տեղամասերում ես ներկայացուցիչներ ունեի: Երեկոյան բյուլետենների հաշվառումից հետո նրանք ինձ մոտ եղան ու պատմեցին, թե ինչպես լույսերը մարում էին, տեսնում էին արկղերը անհետացած: Կես ժամ հետո բերում էին արկղը, նոր միայն սկսում էին կեղծ «ձայների» հաշվառումը:

1998թ. Մարտունիի դպրոցի տնօրեն ընկերոջս հյուր էի գնացել: Նա հպարտանալով պատմեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ է եղել, բյուլետեններով լեցուն արկղը տարել, թաղել է անտառում՝ մի փոսի մեջ, դրա փոխարեն նոր, կեղծ բյուլետեններով լցված արկղ են բերել, սկսել հաշվառումը: Երբ ես նրան բացատրեցի, թե ինչպիսի սխալ է ժողովրդի ձայնի կեղծումը, որի հետեւանքները կարող են շատ ծանր նստել երկրի վրա, ներողություն խնդրեց, խոստացավ այլեւս նման բան չանել: Բայց նրան այլեւս նման հանձնարարություն չառաջարկեցին:

Ընտրախախտումներ տեղի են ունենում բոլոր մակարդակներով: Հասարակությունն արդեն վարժվել է դրան, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում եւս նա ընտրելու իրավունք չուներ: Խախտումներով են անցնում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Գյուղապետերը նախապես կոռուպցիոն ճանապարհով ձեռք են բերում իրենց պաշտոնները, նոր միայն «կազմակերպում» ընտրությունը: Այն, անշուշտ, բարոյական անկման ծնունդ է, իր հերթին խորացնում է բարոյական անկումը: Հույս ունենալ, թե Ազգային ժողովը ինչ-որ որոշումով կփորձի շտկել իրավիճակը, անմտություն կլինի: Ցավոք, Հանրային խորհուրդը, հաշվի առնելով նրա կազմը, եւս ի վիճակի չի լինի լրջորեն զբաղվել այս խնդրով:

Կարծում եմ, որ անհրաժեշտ է հանուն արդարության համաժողովրդական շարժում սկսել: Այս շարժմանը կարող են միանալ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ: Նախ պետք է ընդունել, որ ընտրության գործընթացը համաժողովրդական սեփականություն է: Այն պետք է կազմակերպեն, անցկացնեն եւ հսկեն հասարակական կազմակերպությունները: Անհրաժեշտ է ընտրությունները, ընտրական արկղերը սրբության սրբոց համարել, ընտրախախտումը՝ սրբապղծություն եւ հայրենադավություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել