Կապանում տեղացող հորդառատ անձրեւից արտակարգ իրավիճակ է ստեղծվել քաղաքի Երկաթուղայինների փողոցում: Սողանքային գոտու պաշտպանիչ հողաշերտը 7-8 մ բարձրությամբ լցվել է առանց այդ էլ մաշված հեղեղատարի վրա եւ ճնշման պատճառով ջարդել ու խցանել այն, ինչի արդյունքում երկու մեծ ջրափոսեր են առաջացել փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ՝ վտանգ առաջացնելով հարեւանությամբ գտնվող անհատական տների համար: Դեպքի վայրում իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, որոնց ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի կանխվի հողային շերտի տեղաշարժը: Դեպքի մասին տեղյակ է պահվել կառավարությանը: Այժմ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում կատարվում են նախագծանախահաշվային աշխատանքներ՝ ստեղծված իրավիճակի հետեւանքները վերացնելու նպատակով: Իսկ սողանքի հարակից տների բնակիչները պատմում են, որ դեպքի հետեւանքով իրենց այգիները ջրի տակ են մնացել, թերեւս ավելի շատ նրանց այժմ հետաքրքրում է իրենց անվտանգությունը:
Ի դեպ, անձրեւները Կապանում շարունակվում են: