Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքում բերքի հույս գրեթե չկա

Հուլիս 08,2009 00:00

Վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւն ու կարկուտը բավականին մեծ վնասներ են հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը: Հատկապես տուժած Կապանի եւ Մեղրու տարածաշրջանները համապատասխան ակտ են ներկայացրել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժին: Գյուղացիական տնտեսությունները այգիներից եւ բանջարաբոստանային կուլտուրաներից բերքի հույս գրեթե չունեն: Միայն Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում 27, 22 միլիոն դրամի է հասնում անձրեւի եւ կարկուտի հասցրած վնասը: Հունիսի 12-19-ի հատվածում հինգ գյուղ արդեն ակտ է ներկայացրել Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժին: Անբարենպաստ եղանակը Քաջարան գյուղին 1,840 միլիոնի վնաս է հասցրել: Ճակատեն գյուղում վնասի չափը կազմում է 21,480 հազար դրամ: Բերքի երես չեն տեսնի Գեղիի բնակիչները՝ 2,383 հազարի վնաս էլ նրանք են կրել: Այգեգործությունից ստացած բերքով իրենց եկամուտն ապահովող Շվանիձոր համայնքի այգիներում էլ բերք չկա: Շարունակ տեղացող անձրեւները 1,350 միլիոն եկամուտից են զրկել գյուղացիներին: 68 հազարի վնաս է գրանցվել Նոր Աստղաբերդ համայնքում:

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Քաջիկ Խաչատրյանի, 2009 թվականը անբարենպաստ էր գյուղատնտեսության համար՝ նախորդ տարիների համեմատ: Նույնիսկ համեմատելն է անհնար: Նախորդ տարիներին գյուղատնտեսությունը վնաս էր կրում, այս անգամ՝ բերքը գրեթե ամբողջությամբ է տուժել: Տասը միլիարդ դրամ կազմեց գարնանային ցրտահարությունների վնասը, եւ, ինչպես տեղեկացրեց Քաջիկ Խաչատրյանը՝ սրա դիմաց գյուղացիները փոխհատուցում դեռ չեն ստացել: Անձրեւների եւ կարկուտների վնասները կփոխհատուցվեն՞, թե՞ ոչ՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետը դժվարացավ ասել: Տեղեկացրեց միայն, որ իրենք բոլոր տվյալները ուղարկում են ՀՀ գյուղնախարարություն:

Հորդառատ անձրեւները Սյունիքում շարունակվում են եւ չի բացառվում, որ վնասի չափերը մեծանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել