Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՎՔԱՐԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Հուլիս 08,2009 00:00

\"\"Սահմանամերձ գյուղի հողերի կեսից ավելին չի մշակվում, խոտհարքները չեն հնձվում, գյուղը խմելու ջուր չունի, բայց ծրագրեր եւ հույս՝ ունի:

Սեւքարը Իջեւանի տարածաշրջանի մեծ գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 25 կմ հեռու: 2350 բնակիչ ունեցող շենը խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի: «Ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր ունենք: Խմելու ջուրը ամաններով կրում ենք գյուղամեջի աղբյուրներից»,- այսպես սկսեց մեր զրույցը գյուղի «Խռատանց Ղոբին» թաղամասի բնակչուհի Ամալյա Տարախչյանը:

\"\"Համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանն ասաց, որ այդ թաղամասում, այնուամենայնիվ, խմելու ջրի մի ծորակ կա: Բայց մեկ է՝ բնակիչներից ոմանք ստիպված են 100 մ հեռավորությունից դույլերով ջուր կրել: Սեւքարի բնակիչների կեսը երեք օրը մեկ, միջինը մեկ ժամ, տան ծորակներից ջուր է ստանում: Մնացած մասն էլ ստիպված է լինում ջուր կրել գյուղի աղբյուրներից: Կրում են դույլերով, մեքենաներով: Ընթացիկ տարում 85 ընտանիքի ջրով ապահովելու նպատակով 2,3 կմ խմելու ջրագիծ կկառուցվի՝ մարդասիրական մի կազմակերպության ֆինանսավորմամբ: Գյուղից 35 կմ հեռու՝ «Յոթ աղբյուր» տարածքում խմելու ջրի մեծ քանակություն կա: Խորհրդային շրջանում ջրագիծ է կառուցվել, որն անավարտ է մնացել, այն Սեւքար հասցնելու համար եւս 16 կմ խողովակաշար պիտի կառուցվի: Գյուղապետ Վլադիմիր Մարգարյանի խոսքերով՝ կառուցվելիք գիծը ջուր կմատակարարի ոչ միայն Սեւքարի, այլեւ հարեւան Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի բնակիչներին: Գյուղապետարանը այս ջրատարի նախագծի համար 1 միլիոն դրամ է հատկացրել: Սակայն համայնքի ղեկավարը վստահ չէ՝ այս տարի ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ջրագիծը կկառուցվի՞, թե՝ ոչ: Ասում են, մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ անցանկալիին՝ հայտնի է, որ «Հազարամյակի մարտահրավերների» գումարները Հայաստանը չի ստանալու՝ ժողովրդավարական չլինելու պատճառով: Սեւքարի գյուղապետարանի շենքի առաջ հետաքրքիր ցուցակ էր փակցված՝ «Յոթ աղբյուր» ջրագծի կառուցման նպատակով իրենց հողի հարկը վճարած սեւքարեցիների անունները: Այս կերպ գյուղապետարանը փորձում է խթանել հողի հարկի հավաքագրումը: Համայնքը ոռոգման ջուր չունի, ուստի հողերի մի մասը չի մշակվում: «943 հեկտար վարելահողից 400-ն է մշակվում, սահմանամերձ, վտանգավոր տարածքում գտնվելու պատճառով չի մշակվում 540 հեկտարը, որից 360 հա-ն նախկին խաղողի, դեղձի, նշի, տանձ ու խնձորի այգիներ են: Անմշակ մնացած հողերի պատճառով ամեն տարի հողի հարկը շուրջ 1,5 միլիոն դրամով պակաս է հավաքագրվում»,- պատմեց գյուղապետը:

Դեռեւս 90-ական թվականներից այստեղ գույքահարկի շուրջ 14 միլիոն, հողի հարկի 41 միլիոն դրամ պարտք կա: Համայնքի 2009 թվականի բյուջեն 28,715 միլիոն դրամ է, որից 16,836 միլիոնը՝ պետական լրավճարն է: Գյուղապետարանի հաշվապահ Ալմարա Աղասարյանը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին պետք է հավաքվեր 6 միլիոն 473 հազար դրամ, սակայն հավաքագրվել է 2 միլիոն 156 հազար դրամ: Սարերում, գյուղից 25-35 կմ հեռավորությամբ գտնվող խոտհարքների փոքր մասն է հնձվում, որովհետեւ տրանսպորտի եւ վառելիքի մեծ ծախսերի պատճառով գործը ձեռնտու չէ:

Սեւքարը դեռ 19-րդ դարում մեծ բնակավայր էր, սակայն արտագաղթի պատճառով գյուղը քիչ է աճել: Հիմա էլ է արտագաղթը շարունակվում: Գյուղապետը ցույց է տալիս գյուղի կենտրոնում գտնվող, ջարդված պատուհաններով մեծ առանձնատների շարքը եւ ասում, որ դրանց տերերը բացակայում են: Քանի որ տները ցածր գին ունեն, գյուղի սահմանին՝ Սարիգյուղի հարեւանությամբ մի քանի տնատերեր տները քանդել եւ որպես շինանյութ վաճառել են:

Համայնքի բյուջեի գրեթե կեսը՝ ավելի քան 13.5 միլիոն դրամ նախատեսված է գյուղապետարանի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, գրադարանի՝ ընդհանուր առմամբ 13 աշխատողների աշխատավարձի եւ սոցվճարի համար: Համայնքապետն ամսական 130 հազար, գյուղապետարանի քարտուղարը՝ 78 հազար, իսկ հաշվապահը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում:

Գյուղի մանկապարտեզը չի գործում: Դրան ինչ-որ տեղ փոխարինում է «Հույսի կամուրջ» կազմակերպության «Ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոնը», ուր նախադպրոցական տարիքի 53 երեխա է հաճախում: Պետական բյուջեով 36 միլիոն դրամ էր նախատեսված մանկապարտեզի շենքի հիմնանորոգման համար, համայնքն էլ 3,5 միլիոն դրամ պիտի ներդներ: Սակայն այս դեպքում էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը իր սեւ գործն արել է՝ Սեւքարի մանկապարտեզի նորոգման ծրագիրը սառեցվել է: Գյուղի հեռախոսակապի թվայնացման արդյունքում ազատվել է «ԱրմենՏելի» շենքը: Համայնքապետը մտադիր է այն, մասնակի նորոգելով՝ մանկապարտեզ դարձնել: Սեւքարի վերանորոգված մշակույթի տանը սամբոյի խումբ է գործում, վերջերս էլ պատանեկան մրցաշար է կայացել: Սակայն գյուղի միակ ֆուտբոլի մարզադաշտը անասունների արոտատեղի է: Գյուղապետի խոսքերով՝ ֆուտբոլի մարզիչ չունեն, խաղադաշտի ցանկապատն էլ գողացվել է: Սեւքարի հիմնախնդիրները շատ են: Գյուղում հույսեր են կապում դրսում ապրող հայրենակիցների, Երեւանում գործող «Սեւքար» հայրենակցական միության հետ: Սեւքարը հպարտանում է իր նշանավոր հայրենակցով՝ հայդուկ Սարգիս Ծովանյանով: Սեւքարեցի Սաքոյի եւ գեներալ Հովհաննես Վարշամյանի կիսանդրիները զարդարում են գյուղի կենտրոնական հրապարակը, գյուղապետարանն էլ ներկայումս վերականգնում է հայդուկի ժառանգների տան մոտ գտնվող հին աղբյուրը, ուր նշանավոր ֆիդայուն նվիրված՝ Ավետիք Իսահակյանի, Ջիվանու ասույթներով սալատախտակներ կան:

Գյուղը հպարտանում է իր անցյալով, սակայն Սեւքարի ապագան անորոշ է թվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել