Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մի սեկվեստր»

Հուլիս 08,2009 00:00

«Մենք հակված չենք սեկվեստր կիրառել: ԱԺ-ն հաստատել է կառավարության ներկայացրած 940 մլրդ դրամանոց բյուջեն, եւ, նույնիսկ ճգնաժամի պայմաններում, բյուջեի կատարման համար կառավարությունը հակված չէ գնալ դրա կրճատմանը»,- երեկ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ: Վարչապետի ներկայացմամբ, սեկվեստրը բացասական ազդեցություն կթողնի տնտեսության վրա եւ ճիշտ կլինի, որ պետությունը չկրճատի իր ծախսերը. «ՀՆԱ-ի շուրջ 16%-անոց անկման պարագայում՝ ծախսերը չկրճատելու միակ ճանապարհը դեֆիցիտի ավելացումն է»։

Տ. Սարգսյանը նաեւ նշել է, որ կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով թույլտվություն է խնդրել ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ մինչեւ 7,5% ավելացնել բյուջետային դեֆիցիտը: Ըստ վարչապետի, դա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար, որովհետեւ վերջին տարիների ընթացքում դեֆիցիտը երբեւիցե չի գերազանցել 3%-ը եւ միշտ ծրագրվածից եղել է շատ ավելի ցածր մակարդակի վրա։ Տ. Սարգսյանի խոսքերով. «Այսօրվանից սկսած՝ մենք պետք է աչքի տակ ունենանք զարգացումների առնվազն 3 սցենար։ Մեկն այն է, որ մենք 9,5%-անոց անկում կունենանք, 2-րդը՝ 16%-անոց, եւ 3-րդը, որ մենք կունենանք 20%-անոց անկում»։

Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ մեր երկրի բանկային համակարգի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունն այնքան էլ մեծ չէր, ճգնաժամի ազդեցությունը հատկապես զգացվեց մասնավոր ներդրումների եւ տրանսֆերտների կրճատման արդյունքում: Վարչապետի խոսքերով՝ շինարարության ոլորտում այս տարվա 5 ամիսների ընթացքում 16% անկում է եղել. «Մոտակա ամիսներին կանխատեսում ենք, որ այդ ցուցանիշներն է՛լ ավելի կվատթարանան: Ցուցանիշների բարելավում ակնկալում ենք միայն տարվա վերջում»: Տ. Սարգսյանը նշեց նաեւ, որ դրամի լողացող փոխարժեքին անցնելու արդյունքում ՀՀ բանկային համակարգը որոշակի շոկ է վերապրել, քանի որ վերջին 5-6 տարիներին ազգային արժույթն ամրապնդվում էր, եւ բանկերն արձանագրում էին դրամով արտահայտված ավանդների աճի բարձր ցուցանիշ:

Նշենք, որ երկօրյա համաժողովին մասնակցում են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել