Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

Հուլիս 08,2009 00:00

Պատճառը հարկայինի կազմած ակտն է

\"\"Արդեն մի քանի օր է՝ խոշոր հարկատուների ցուցակում հայտնված Գյումրիի «Սուպերմարկետ» ՍՊԸ-ին պատկանող շինանյութերի խանութների ցանցն ու ցինկապատ թիթեղի արտադրամասը հանվել են վաճառքի: Եվ քանի որ սրանով գործազրկության մեծ թիվ ունեցող Գյումրիում զգալի թվով աշխատատեղեր են փակվում, ուստիեւ գյումրեցիների խոսակցության միակ թեման այն է, թե ո՞վ խփեց բարեխիղճ հարկատուի բիզնեսին: ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ խանութները վաճառքի հանելու պատճառը հարկայինի վերջերս «նկարած» այն ակտն է, համաձայն որի՝ իրենք տուգանվել են մոտ 43 միլիոն 860 հազար դրամով: «Մեր ամբողջ կարողությունը վաճառում ենք, այլեւս չենք ուզում ապրել էս երկրում, պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ, ուզում ենք շնորհակալություն հայտնել եւ երկրի նախագահին, եւ կառավարությանը, եւ հարկայինի պետ պարոն Մաշադյանին, որ մեզ հետ այսպես վարվեցին: Վաճառում ենք, որպեսզի հետադարձ ճանապարհ չունենանք: 10 տարի է՝ շինանյութերի բիզնեսով ենք զբաղվում եւ էս գործազուրկ քաղաքում մեծ չարչարանքներով, մեր արդար քրտինքով աշխատատեղ ստեղծելուց ու մարդկություն անելուց բացի, վատ բան արած չկանք: Միշտ եղել ենք բարեխիղճ հարկատու՝ գնացեք եւ հարցրեք հարկայինի նախկին պետ Լիդա Նանյանին, «տանիք» չենք ունեցել: Ես հարկայինի ստուգումներին ներկա չեմ եղել, նրանց կազմած ակտը ստացել եմ փոստով, լսել եմ, որ առաջին անգամ երկու հոգով են եղել, իսկ երկրորդ անգամ՝ յոթ հոգով: Հարկայինը նաեւ գույքագրում է արել 3 օրվա ընթացքում, երբ մեզանից ահագին ժամանակ է պահանջվում գույքագրում կատարելու համար: Գիտեք, մենք չենք մեղադրում հարկայինին, մեղադրում ենք ինքներս մեզ, որ ժամանակին չենք գնացել Հայաստանից: Արտադրամասն էլ ստեղծել ենք մեծ տանջանքով, այն մարզում միակն է, պատրաստի օբյեկտներ երբեք չենք առել ու նվեր չենք ստացել, երբեք օժանդակություն որեւէ կառույցից չենք ստացել: Ստուգումներն էլ պետք է հաճելի լինեն, թող ժամանակահատված մշակեն, ենթադրենք՝ ամիսը կամ տարվա մեջ մեկ անգամ պետք է լինի, իմանանք, ոչ թե անակնկալ լինի, առավոտ քնից արթնանաս, տեսնես՝ ստուգում է: Վերջին անգամ եկան ապրիլի 7-ին, 1 միլիոն 560 հազար դրամի ակտ կազմեցին, ես երբեւէ չեմ լսել, որ հարկայինը գա ու առանց ակտ կազմելու գնա: Իսկ 28 հոդվածը իսկական մահակ է»,- ասում է Մկրտիչ Հովհաննիսյանը:

ՍՊԸ-ի մատակարար Խաչիկ Հովհաննիսյանի ասելով էլ. «Ըստ հարկայինի, մենք իբրեւ թե 87 միլիոն դրամի շրջանառություն ենք թաքցրել: Սակայն մենք ամեն ամիս գերավճարներով ենք աշխատել: Օրինակ, հունիսի 1-ի դրությամբ, մոտ 60 միլիոն դրամ գերավճար ենք ունեցել, իսկ այս ամսվա դրությամբ՝ 41 միլիոն 800 հազար դրամ: Մենք հաշվետվությունները ներկայացրել ենք, այնտեղ նշված է, որ 87 միլիոն դրամի գործարքը կատարել ենք բանկային փոխանցումներով, թաքցնելն անհնար է: Պարզապես էս պետությանը աշխատող մարդիկ պետք չեն: Բանկին $150 հազար վարկ ունենք պարտք, եթե 43 միլիոն գումար ունենայինք՝ վարկը կմարեինք: 28 հոդվածն էլ էն է, որ ցանկացած պահի կարող են գալ, ստուգել ու էդ մարդուն վերացնել: Եթե պետությանը պետք է, որ ժողովուրդը սովի մատնվի՝ խնդիր չկա, մենք մեր հացը դրսում էլ կգտնենք, կոպիտ ասած՝ էշը լինի, վրան փալան դնող կգտնվի»: Վերջիններս թեեւ ափսոսում են վաճառել իրենց բիզնեսը, բայց հարկայինի ֆիքսած գումարը վճարելու այլ հնար չունեն, չվճարելու դեպքում այն մեկ ամիս հետո դառնում է կրկնակի: Ի դեպ, մատակարարի ասելով, չորս օբյեկտները միասին գույքագրում կատարելու համար իրենից մեկ ամիս քսան օր է պահանջվում, իսկ հարկային տեսուչները դա արել են երկու օրվա ընթացքում: ՍՊԸ-ում աշխատողները եւս խուճապի մեջ էին, նրանք չգիտեին, թե ինչ են անելու, նրանց ասելով՝ Հովհաննիսյաններին պատկանող խանութները մյուսներից տարբերվում էին նրանով, որ այստեղ աշխատանքի են ընդունում առանց տարիքային սահմանափակման: Մենք Շիրակի մարզային հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանից եւս ճշտեցինք, թե ինչ է կատարվել: Վերջինս մեզ ներկայացրեց պաշտոնական, գրավոր պատասխան, որտեղ շարադրված է՝ «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 09.06.09 թ. 1101348 հանձնարարագրի համաձայն, Գյումրու ՏՀՏ-ում հաշվառված «Սուպերմարկետ» ՍՊԸ-ում, 19.06.09թ.-ից մինչեւ 30.06.09թ. կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից 2009-ի հունիս ամսվա ընթացքում ընդհանուր գումարով 87 721,3 դրամի ապրանքներ են առաքվել՝ առանց առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում գրանցում կատարելու: Ընկերության կողմից խախտվել է ՀՀ կառավարության 31.07.97թ. թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջները: Ստուգման արդյունքներով ընկերությանը առաջադրվել է բյուջե վճարման ենթակա տուգանք՝ չգրանցված ապրանքների արժեքի 50%-ի չափով՝ 43 860.6 հազար դրամ, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի»:

Գործարարը պատրաստվում է հարկայինի գործողությունները վիճարկել դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել