Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հինգ էական կետեր

Հուլիս 08,2009 00:00

Ըստ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի:

Երեկ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Մոսկվայում տեղի ունեցած երկօրյա գագաթաժողով-հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ներկայացնում ենք այդ հայտարարությունը՝ որոշ կրճատումներով.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավարտին հասցրեցին զինամթերքի վերահսկման նոր եւ կարեւոր համաձայնագիրը, ըստ որի եւ որպես 1991 թվականին ստորագրված Ռազմավարական զենքերի կրճատման պայմանագրի լրացման մաս՝ մինչեւ 1/3-ով կկրճատվեն երկու երկրների միջուկային զինանոցները: Երկու ղեկավարները ստորագրեցին նաեւ երկկողմ ռազմական համագործակցության, միջուկային զենքերի տարածման դեմ պայքարին ուղղված ջանքերի վերսկսման եւ Ռուսաստանի կողմից ԱՄՆ զինված ուժերի՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու նպատակով ՌԴ տարածքը եւ օդային սահմանը տարանցիկ օգտագործման արտոնություն ստանալու մասին համաձայնագրեր:

Թեպետ մոսկովյան գագաթաժողովի արդյունքում ձեռք բերվեց կարեւոր նոր բարելավում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, երկու ղեկավարներին հարկավոր է հիշեցնել մի քանի հավելյալ հրամայականների վերաբերյալ:

Ավելի կոնկրետ՝ ԱՄՆ եւ ՌԴ ղեկավարները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Հարավային Կովկասում անվտանգություն եւ կայունություն դարձնելուն ուղղված համագործակցությանը: Այս համատեքստում գոյություն ունեն նրանց ուշադրությանն արժանի հինգ էական կետեր.

1. Զինամթերքի վերահսկողությունը Հարավային Կովկասում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հարավային Կովկասում տեղի է ունենում վտանգավոր «զինամթերքի մրցակցություն», քանզի Ադրբեջանը շարունակաբար ավելացրել է պաշտպանությանն ուղղված ծախսերը: Հատկանշական է այն, որ Ադրբեջանը ավելացրել է պաշտպանությանն ուղղված բյուջեն՝ $175 մլն-ից (2004թ.) մինչեւ գրեթե $2,5 մլրդ (2009թ.): Առավել մտահոգիչ է, որ Ադրբեջանի պաշտոնյաներն ագրեսիվ եւ ռազմատենչ հռետորությամբ սպառնում են նոր պատերազմ սկսել ՀՀ եւ ԼՂՀ դեմ: Տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ ուղղված Ադրբեջանի այս սպառնալիքին պատասխանելու համար հարկավոր է Հարավային Կովկասում «զինամթերքի վերահսկողության» մասին նոր համաձայնագիր, ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն համագործակցեն՝ Ադրբեջանին կանխելու եւ համոզելու իր պատերազմական սպառնալիքները ի կատար չածելու ուղղությամբ:

2. Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի ռազմավարական արժեքը: ՌԴ-ին հարկավոր է ճանաչել ՀՀ-ի՝ տարածաշրջանում իր ամենավստահելի դաշնակիցը լինելու փաստը եւ հարգանք ցուցաբերել ՀՀ նկատմամբ: Ռուսական քաղաքականությունն այլեւս չպետք է վերաբերվի Հայաստանին որպես «վասալ» պետության, այլ՝ որպես ռազմավարական դաշնակցի, չպետք է խոչընդոտի Հայաստանին իր ինքնիշխանությունն ու անկախությունը գործի դնելու հարցում, ներառյալ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը:

3. Չկան կարճ ճանապարհներ դեպի ժողովրդավարություն: Ե՛վ ԱՄՆ-ը ե՛ւ ՌԴ-ն փնտրում են կայունություն Հարավային Կովկասում: Սակայն նրանցից եւ ոչ մեկը բավականաչափ պահանջ չի ներկայացրել ՀՀ իշխանություններին: Թե՛ պաշտոնական Մոսկվան եւ թե՛ Վաշինգտոնը պետք է խիստ ուղերձ հղեն Երեւանին՝ կոչ անելով ՀՀ՝ անկեղծորեն եւ լրջորեն լուծել երկրի շարունակվող քաղաքական ճգնաժամը՝ հրավիրելով միջազգային նոր հետաքննություն 2008-ի մարտի ողբերգական իրադարձությունները (որոնց արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ եւ շատերը վիրավորվեցին) ուսումնասիրելու համար, քայլեր ձեռնարկել հայ հասարակության բեւեռացումը հաղթահարելու ուղղությամբ: ՀՀ իշխանություններին պետք է նաեւ հիշեցնել, որ նրանք այժմ պետք է սովորեն երկիրը կառավարել եւ ոչ թե միայն իշխել:

4. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կա նոր մոտեցման կարիք: Եթե ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն անկեղծորեն ցանկանում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա նրանք պետք է որդեգրեն նոր մոտեցում, որն է՝ ԼՂ ճանաչումը որպես հակամարտության հավասար կողմ եւ Ղարաբաղի ժողովրդավար ընտրությունների արդյունքում ընտրված առաջնորդների լիիրավ ներգրավվածությունը խաղաղության բանակցություններում: Միայն ԼՂ մասնակցությամբ է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կարող են հույսեր փայփայել, որ տարածաշրջանում գոյություն ունեցող վերջին «սառեցված» հակամարտության հանգուցալուծմանն ուղղված բանակցություններում ձեռք կբերվի որեւէ իմաստալից առաջընթաց:

5. Ժամանակն է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ: Թեպետ թուրք-հայկական հարաբերությունների նշանակալից բարելավման համար կա իրական հնարավորություն, ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Մոսկվան պետք է ճանաչեն այն հանգամանքը, որ այսպիսի բեկում մտցնելու բեռն այժմ միայն Թուրքիայի ուսերին է, եւ պետք է վերահաստատեն այն իրականությունը, որ այս հարցը ոչ մի անմիջական կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Նաեւ ակնհայտ է, որ Թուրքիան պետք է կատարի հաջորդ քայլը, այն է՝ բացել Հայաստանի հետ փակ սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եւ այնպես՝ ինչպես Հայաստանը, չպետք է որեւէ նախապայման առաջադրի այսպիսի քայլի համար: ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն չպետք է գովաբանեն Թուրքիային սահմանը բացելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, քանի որ այդ քայլը չի հանդիսանում որպես զիջում Հայաստանին, այլ քաղաքակիրթ երկրների տարրական վարքագիծ եւ հարեւանների միջեւ բնականոն հարաբերությունների նվազագույն ակնկալիք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել