Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՐՑ Է

Հուլիս 08,2009 00:00

\"\"Այսպես է կարծում ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ հայտարարեց, որ Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ. խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունների չվերսկսման երաշխավորումը: Նաեւ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում նոր զարգացումներ չկան, հայկական կողմն էլ իր մոտեցումները չի փոխել. «Խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքները: ԼՂ խնդրով շատերն են արտահայտում իրենց կարծիքները, մոտեցումները, եւ տարօրինակ կլիներ, եթե միակարծություն լիներ։ Եթե միակարծություն լիներ, վաղուց արդեն բանակցային գործընթացը դադարած կլիներ, խնդիրն էլ՝ լուծված»։ Հետաքրքիր է, որ նախորդ շաբաթվա վերջում տեղի ունեցած հայ-ադրբեջանական շփման գծերը առավել տեսանելի դարձան, երբ մի խումբ մտավորականներ եւ դեսպաններ մեկ օրում այցելեցին Ստեփանակերտ-Երեւան-Բաքու:

«Առավոտի» զրուցակիցները երեկ քննարկեցին այս իրադարձությունը: Վարդան Բոստանջյանի կարծիքով. «Միգուցե եւ ուղեղները, որոշում կայացնողները խթանել էին այդպիսի «վուայաժ», ամեն դեպքում ես ուզում եմ մտածել, որ լավ են արել, որովհետեւ դա հարցի լուծման արագացման թեկուզ փոքր, բայց՝ նպատակ էր հետապնդում: Իհարկե, հասկանում եմ, որ հարցի լուծման արագացումը, ըստ էության, իմ կարծիքով՝ դարձել է գրեթե տիեզերական պրոցես, այդպես արհեստականորեն դժվար թե կարողանան արագացնել, այն ինկուբացիոն երեւույթ է դարձել, եւ մինչեւ դա կողմերի մոտ լավ առումով նստվածք չտա, սրա լուծումը չի լինելու: Դեռեւս ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ լուծմանը մենք հասնենք: Իսկ ինչ վերաբերում է մշակութային գործիչների այդ շրջագայությանը, սա մի մեղմ մոտեցում էր, որով կդադարի առճակատումների ինստիտուտը, եթե ամբողջովին չդադարի, գոնե կմեղմվի, եւ, աստիճանաբար մեղմելով, կհասնենք ավելի քաղաքակիրթ հարաբերությունների»:

«Առավոտը» նկատեց, որ մենք վերջին քսանամյակների ընթացքում արդեն սովորել ենք ասել, որ ինչ էլ ուզում է լինի՝ Ղարաբաղի հարցը այն հարցն է, որի շուրջ, թեկուզեւ հասարակության չհասկացվածության ամենադժվարին պայմաններում, կարող ենք համախմբվել եւ դառնալ մեկ մարմին։ Սակայն արդյոք այդպես է նաեւ ա՞յժմ, եւ արդյոք Ղարաբաղը շարունակո՞ւմ է մնալ այն փորձաքարը, որի շուրջ մեր հասարակության թեւերը կմիավորվեն: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս դեպքում անգամ Ղարաբաղի հարցը մեզ չմիավորի, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ես ուզում եմ բացառել այդ բանը, մինչեւ անգամ ես հասկանում եմ նաեւ, որ բոլոր այն մարդիկ, որոնք Ղարաբաղի խնդրում իբր ուզենան հոգնածություն արտահայտել կամ մինչեւ անգամ Ղարաբաղի հիմնախնդիրը իրենց համար դադարած լինի գոյություն ունենալուց, անհրաժեշտ պահին, ինչը դուք անվանեցիք՝ համախմբում, այո, ամբողջ ազգը կհամախմբվի նորից: Սա ոչ թե սկզբունքի հարց է, այլ իմ կարծիքով՝ մեկ այլ, տիեզերական հարց է, այսինքն՝ ոչ թե իմ մի կտոր հողը չեմ տալու, այլ, պարզապես, սա հենց այն հիպնոսացնող, այն կախարդող բանն է, որ հայ ազգին ոչ միայն այս տարածքում է համախմբում, այլեւ՝ դրսում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այն նվազագույնը, որը մենք պահանջում ենք, դա ԼՂՀ անկախության ճանաչումն է: Ադրբեջանի իշխանությունները որեւէ կերպ պատրաստ չեն դրան, որովհետեւ Ադրբեջանում դեռեւս կան իրենց կողմից բռնազավթված հայկական տարածքներ, այդ թվում նաեւ՝ ՀՀ տարածք»:

Մեր դիտարկմանը, թե օրերս Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար առանցքայինը ԼՂՀ կարգավիճակի հարցն է եւ մեզ համար ընդունելի չի լինելու որեւէ առաջարկ, եթե դա չի ընդունվի արցախահայության կողմից, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ խնդիրն այն է, թե իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ո՞ր տարածքով են տեսնում. «Ա՞յն տարածքով, որը իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով այդ քարտեզը անընդհատ նկարում եւ տիրաժավորում են, թե՞ այն տարածքով, որն արձանագրված է ԼՂՀ սահմանադրության մեջ, իսկ ըստ այդմ՝ բոլոր ազատագրված տարածքները ԼՂՀ-ին են պատկանում եւ անբաժանելի տարածքներ են: Սա, կարծում եմ, կարեւոր դրվագ է, եւ եթե աս հարցում եւս իշխանությունները նման մոտեցման գան, արդեն կարելի է ողջունել: Միայն ինքնորոշման խնդիրն արծարծելը, առանց անկախության ճանաչման եւ ազատագրված տարածքների ճիշտ մեկնաբանման,՝ այդքան էլ բավարար չէ»: Ըստ պատգամավորի, այսօր ակնհայտ հակասություն կա նախագահների ասածների մեջ. «Երեկ Իլհամ Ալիեւը ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որը նաեւ տպագրվել է, նշել էր, որ ԼՂ ինքնորոշման կարգավիճակը լինելու է մի փոքր ավելի բարձր, քան նախկին ինքնավար մարզի կարգավիճակն էր: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը անկախության մասին էր, ես այդպես հասկացա»: Մտավորականների հանդիպման մասին պարոն Մարտիրոսյանը հետեւյալ կարծիքն ունի. «Իսկ այդ ժողովրդական ջան-ջիգյարները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ իշխանություններն իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով փորձում են սեւացնել ցանկացած ընդդիմադիր գործչի: Իսկ իրենց ջան-ջիգյարը ցույց է տալիս, որ փաստորեն իրենք շատ ավելի ջերմ հարաբերությունների մեջ են ադրբեջանցիների հետ, եւ իրենց գործողությունները շատ ավելի ադրբեջանահաճո են, քան այն, ինչ կատարում են ընդդիմության ներկայացուցիչները, նկատի ունեմ նաեւ Զարուհի Փոստանջյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել