Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԻՐԱՆՈՒՄ

Հուլիս 08,2009 00:00

«Իրանի վերջին դեպքերը Ռուսաստանում լուրջ մտահոգություն են առաջացրել»,- հայտարարել է ՌԴ խորհրդի ահաբեկչության եւ հակամարտության սպառնալիքների գնահատման եւ միջազգային գործերի գծով կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Ռամիլ Լատիպովը, հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով MIGnews.com։ «Իրանը սահմանակից է մեր դաշնակիցներին՝ Հայաստանին եւ ԱՊՀ այլ երկրներին, այդ իսկ պատճառով բնական է, որ Իսլամական Հանրապետությունում քաղաքական իրավիճակի սրումն անմիջականորեն ազդում է նախկին Խորհրդային Միության երկրներում իրավիճակի վրա»,- հայտարարել է փորձագետը։ «Այն բանում, որ իրանական ղեկավարությանը կհաջողվի պահպանել վերահսկողությունը երկրում, Ռուսաստանում ոչ ոք չի կասկածել։ Իրանը Վրաստանի ու Ուկրաինայի նման չէ։ Սակայն ոչ միայն իրանական ղեկավարությունը, այլեւ երկրի բնակչությունը թույլ չտվեցին Միացյալ Նահանգներին ավարտին հասցնել Իրանի «ժողովրդավարացման» գործընթացը, ինչպես դա հաջողվեց անել Վրաստանում կամ Իրաքում»,- շարունակել է ռուս քաղաքական գործիչը։ Լատիպովը նաեւ պնդում է, որ «Իրանի ժողովուրդը ճիշտ դասեր է քաղել Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքերից, ինչպես նաեւ հաշվի է առել այն փորձը, որը Հայաստանը ձեռք բերեց 2008թ. մարտին, երբ Հայաստանում տեղի էին ունենում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ցույցերը»։ Ըստ Լատիպովի՝ այդ ժամանակ մարդիկ ուղղակի չէին հասկանում, որ «ընդամենը խաղալիքներ էին արեւմտյան երկրների պայքարում՝ հանուն Արեւելքի եւ Ասիայի միջեւ ռեսուրսների եւ ֆինանսական ներհոսքների ձեռքբերման»։ Միեւնույն ժամանակ, Լատիպովը համոզվածությամբ նշել է, որ Իրանի վերջին դեպքերը չեն կարողանա բացասական ներգործություն թողնել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների վրա։ «Նրանք ավելի շուտ վկայում են այն մասին, որ երեք երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը, պետք է մշակեն փոխադարձ աջակցության միասնական համակարգ, որն այն ժամանակ իրեն ցույց կտա, երբ արտաքին ուժերը փորձեն ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը երկրներում»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել