Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անծրագիր արտաքին քաղաքականություն

Հուլիս 08,2009 00:00

«Ժառանգության» պատգամավորները՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական զարգացումների մասին

«Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները եւ կառուցել առանց նախապայմանների՝ բնականոն հարաբերություններ,- Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ հուլիսի 6-ի համատեղ ասուլիսում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:- Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը՝ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»: Երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց. «Լավ է ուշ, քան երբեք: Ես մտածում եմ, որ վերջապես փաստերը եկան ապացուցելու, որ գործընթացում հավասարակշռությունը խախտված է՝ ի վնաս Հայաստանի»:

Ըստ նրա՝ «թուրքական կողմը գնացել է բավական խորամանկ քայլերի», մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանը վերաբացելու պահանջին հակադրելով Թուրքիայի հետ մեր սահմանները ճանաչելը, իսկ միջկառավարական հանձնաժողովի կապակցությամբ առաջարկելով, որ հանձնաժողովներից մեկը լինի պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի Ցեղասպանության խնդիրը: «Հայկական կողմը հայտնվել է ծուղակում,- արձանագրեց Ստեփան Սաֆարյանը: Եվ ըստ նրա՝ Հայաստանի ձախողումը բանակցություններում կարող է մեզ համար բացասական հետեւանքներ ունենալ նաեւ ղարաբաղյան հարցում, քանի որ այդ երկու գործընթացները փոխկապակցված են. «Մի դաշտում ձախողումը, որը շատ իրատեսական է դառնում՝ էապես ազդելու է մյուս դաշտի վրա: Եվ այս պարագայում ես վստահ չեմ, որ մեր իշխանություններն ունեն ձախողվելու դեպքում հաջորդելիք գործողությունների կամ այլընտրանքային ծրագրերի ինչ-որ նախագիծ»:

Համահունչ մտահոգություններ հայտնեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, որն էլ երեկ «Արմատ» ակումբի հյուրն էր: Ըստ նրա՝ Հայաստանը շրջանառության մեջ չի դրել ԼՂ խնդրի ոչ միայն լուծման, այլեւ թեկուզ ԼՂՀ զարգացման հայեցակարգ: Լարիսա Ալավերդյանը պատմեց, որ շուրջ մեկ ամիս առաջ գրավոր հարցապնդում է ուղղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե արդյոք Հայաստանի կողմից եղե՞լ է որեւէ նախաձեռնություն Մինսկի խմբում. «Ստացել եմ պատասխանը: Պատասխանում գրված էր, որ վերջին տարիներին այդպիսի նախաձեռնություն չի եղել: Իսկ դա նշանակում է, որ մեր պատվիրակությունները, ինչպես եւ դիվանագիտական մեր միտքը, աշխատում են իրավիճակային առումով»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարն ընդգծեց. «Մինչեւ մենք չհստակեցնենք՝ Հայաստանն ի վերջո հավակնո՞ւմ է ԼՂՀ կա՛մ միացմանը, կա՛մ ճանաչմանը, մնալու ենք այս ճողված վիճակում»: Մի նոր մանրամասն էլ պատմեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ օրերս Վիլնյուսում կայացած նստաշրջանի շրջանակներում Գորան Լենմարկերը դարձյալ է հանդիպման հրավիրել հայկական, ադրբեջանական ու վրացական պատվիրակություններին: Եվ ի պատասխան իր ելույթի, որտեղ տիկին Ալավերդյանն առաջարկել է բանակցություններում ներգրավել նաեւ ԼՂՀ-ում պաշտոնապես ընտրված անձանց՝ «Ադրբեջանական կողմի մի ներկայացուցիչ առարկեց, թե իսկ ինչո՞ւ մենք պետք է նրանց հրավիրենք, չէ՞ որ ոչ մեկը չի ճանաչել ԼՂՀ-ն, անգամ Հայաստանն է մերժել ճանաչումը»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ նշեց. «Երբ Ստեփանակերտում Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլ-օղլին հայտարարում է, թե իր համար Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմաններ չկան՝ նրան ցանկացած ընդունելի ձեւով պետք էր հիշեցնել, որ նա եկել է ուրիշ երկիր, այլ ոչ թե քաղաքավարի լռել ու ժպտալ: Հակառակ պարագայում, մենք այսօր էլ պարում ենք ադրբեջանական մուղամի ներքո»: Նաեւ հավելեց. «Մենք, կամա թե ակամա, դառնում ենք ադրբեջանական դիվանագիտության խաղի մասնակիցը՝ պասիվ հետեւելով ընթացքին: Ավելի՛ն՝ մենք նույնիսկ խոսում ենք ադրբեջանական դիվանագիտական լեզվով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել