Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ

Հուլիս 08,2009 00:00

ԵԽ մարմինների ուշադրության ներքո են մնում անհետ կորածներին ու փախստականներին վերաբերող հարցերը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչներն իրենց մայիսի 6-ի հանդիպման ժամանակ հաստատել են պաշտոնական պատասխանը «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» ԵԽԽՎ հանձնարարականին: Փաստաթուղթը ԵԽ կայքէջում հրապարակվեց շատ ավելի ուշ:

Ըստ այդմ՝ «ԵԽ նախարարների կոմիտեն լիովին համաձայն է Խորհրդարանական Վեհաժողովի հետ, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածների խնդիրը չլուծելը տառապանք է պատճառում շահագրգիռ ընտանիքներին եւ ընդհանրապես՝ այդ երկրների բնակչությանը: Դա իրոք կարող է նպաստել լարվածությանը եւ խոչընդոտել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը»: ԵԽ գործադիր մարմինը նաեւ ընդունում է խնդրի լուծման հրատապությունը՝ համաձայնելով ԵԽԽՎ դիտարկմանը, թե որքան ձգձգվում է արդյունավետ լուծումների կիրառումը՝ «այնքան ավելի պակաս է հնարավոր, որ անհետ կորածները նույնականացվեն ու վերադարձվեն իրենց ընտանիքներին»:

Նախարարների կոմիտեն դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանություններին՝ շարունակել այս ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ մասնավորապես՝ լիովին համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: ԵԽ նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին նաեւ հիշեցնում է իրենց պարտավորությունը՝ հարգել միջազգային մարդասիրական կանոններն այնպես, ինչպես դրանք շարադրված են Ժնեւի համաձայնագրում:

Փաստաթղթում հիշեցված է նաեւ, որ ԵԽ նախարարների ներկայացուցիչների փետրվարի 11-12-ի հանդիպման ժամանակ կոմիտեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին խնդրել է հնարավորինս շուտ ապահովել այն զեկույցի նորացումը, որը վերաբերում է վերոնշյալ հակամարտությունների առնչությամբ ԵԽ նախաձեռնությունների իրականացմանը:

Նկատենք, որ որպես ԵԽ գլխավոր քարտուղար՝ Թերի Դեւիսի լիազորությունների ժամկետն արդեն ավարտվել է: Եվ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պետք է ընտրվեր նոր քարտուղար: Սակայն առաջադրված 4 թեկնածուներից 2-ին ԵԽ նախարարների կոմիտեն ավելի վաղ մերժել էր՝ նախընտրելի համարելով նույն՝ սոցիալիստական ուղղվածության երկու թեկնածուների, որոնցից մեկը լեհ է, մյուսը՝ նորվեգացի: ԵԽԽՎ պատվիրակներն անցած նստաշրջանում այս հարցի քննարկման վերաբերյալ իրենց ելույթներում մյուս թեկնածուներին մերժելը համարում էին վիրավորական եւ իրենց կառույցի հանդեպ ոչ բավարար հարգանքի մասին վկայություն: Որպես բողոքի յուրօրինակ նշան՝ ԵԽԽՎ բյուրոն ընդհանրապես Գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հանեց օրակարգից՝ հետաձգելով այն մինչեւ սեպտեմբեր: Իսկ ԵԽԽՎ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը հունիսի 22-ին ներկայացնելով Վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի ընթացիկ զեկույցը (առաջին անգամ էր, որ այն ներկայացրեց Հայաստանի պատվիրակության անդամը)՝ ելույթում ասաց, թե համագործակցության անբավարար լինելը բերեց այս իրավիճակին՝ չկա երկխոսություն Վեհաժողովի եւ ԵԽ նախարարների կոմիտեի միջեւ: Սակայն պատրաստակամություն հայտնեց ամռան ամիսներն օգտագործել նման երկխոսության համար: Ըստ նրա, այս վիճահարույց խնդրում լուծում գտնելու համար դիմելու են նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի աջակցությանը:

Նշենք նաեւ, որ հուլիսի 6-ին ԵԽԽՎ 20 պատվիրակներ՝ Գյուլթաքին Հաջիբեյլին, Մայքլ Հանքոքը եւ այլք, իրենց ստորագրությամբ միացել են շրջանառության մեջ դրված մի փաստաթղթի, որն առաջարկում են դարձնել բանաձեւի նախագիծ: «Փախստականներին ու միգրանտներին արտաքսելու եւ հանձնելու դեպքում նրանց վնասի կանխումը» նախաձեռնության մեջ հիշեցվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 39-րդ կանոնը, ըստ որի՝ ԵԽ անդամ պետությունները պիտի կանխեն այն անձանց արտաքսումը կամ հանձնումը, որոնք ապաստան են փնտրում իրենց հայրենիքում սպառնացող լուրջ վտանգների պատճառով: Ըստ ԵԽԽՎ պատվիրակների՝ վեհաժողովը պետք է ԵԽ նախարարների կոմիտեին հանձնարարական տա՝ մասնավորապես դիտարկել անդամ պետություններում փախստականներին արտաքսելու դեպքերը՝ 39-րդ կանոնին համապատասխանության առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել