«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց սահմանո՞վ կգնա Թուրքիա ֆուտբոլ նայելու, թե՞ ոչ՝ կանխատեսեց. «Ես կարծում եմ, որ սահմանակետը կբացվի մինչեւ հոկտեմբեր, եւ Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու։ Բայց այս գործընթացն ինձ թույլ չի տալիս ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մուտք է գործելու հաջորդ փուլ, ու նաեւ թույլ չի տալիս ասել, որ այդ սահմանը բաց է մնալու երկար ժամանակ»: Ըստ նրա՝ սահմանը կբացվի միայն գնալու ժամանակ. «Այստեղ կա դեմք չկորցնելու խնդիր. Սերժ Սարգսյանն իր հայտարարությունից հետո չի կարող գնալ Թուրքիա, եթե այդ սահմանը չբացվի։ Միջազգային հանրության ճնշումները բավական ուժեղ են թուրքական եւ հայկական կողմերի վրա, որ այս խնդիրը տեղից առաջ շարժվի»: Սակայն պրն Սաֆարյանը դարձյալ ընդգծեց. «Ցավոք, բանակցությունների համար ստեղծված միջավայրը, հայտարարությունների ֆոնը ինձ թույլ չեն տալիս մտածել, որ այդ գործընթացը մեծ հաջողություններ կունենա»:
Կարդացեք նաեւ՝