Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԽԱԲԵԼՈՒ ԵՆՔ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԵՎ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆ»

Հուլիս 07,2009 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար ճգնաժամը մարտահրավեր է, որն ստիպում է ավելի եռանդով ու ոգեւորությամբ աշխատել

\"\"Իր բաժանորդների հարմարավետության եւ ժամանակի խնայողության համար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պարբերաբար նոր ծրագրեր է մշակում եւ իրականացնում: Շուտով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետերում քաղաքացիները կարող են նաեւ կոմունալ վճարումներ կատարել: Մտնելով սպասարկման կետ՝ ընկերության հետ կապված ինչ-որ հարցերով, բաժանորդը կարող է նաեւ առանց ժամանակի ավելորդ կորստի վճարել գազի, էլեկտրաէներգիայի, ֆիքսված հեռախոսակապի եւ հանրային այլ ծառայությունների համար: Ծրագիրը մեկնարկել է Երեւանում, բայց մինչեւ ամսվա վերջ այն կգործի նաեւ հանրապետության բոլոր մարզերում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով. «Դա կարողացանք իրականացնել նման ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում»: Ռ. Յիրիկյանը հավաստիացրեց նաեւ, որ տվյալների ուշ փոխանցման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Վերջերս էլ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ներդրել էր կանխավճարային քարտերի լիցքավորման «Լիցք» համակարգը, որի շնորհիվ բաժանորդները բոլոր սպասարկման կետերում, թերթի կրպակներում եւ այլ վայրերում կարող են առանց քարտ գնելու՝ մեկ այլ բջջային հեռախոսից լիցքավորել իրենց հեռախոսը՝ սկսած 50 դրամից: Մեր այն հարցին, թե ո՞րն է նման նորամուծության նպատակը, պարոն Յիրիկյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ պլաստիկ քարտերը շրջանառությունից չենք հանելու, երկուսն էլ գործելու են զուգահեռ, բայց հեռանկարում պլաստիկ քարտերի քանակը կամաց-կամաց կնվազի, ինչն էլ մեզ համար բավականին մեծ խնայողության կտանի՝ ծախսերի առումով: Երկրորդ խնդիրն այն է, որ շատ մարդիկ օգտագործում են պլաստիկը եւ այն շպրտում են՝ աղտոտելով շրջակա միջավայրը: Այս կերպ փորձում ենք նաեւ էկոլոգիական խնդիր լուծել»:

Պարոն Յիրիկյանի հետ զրուցեցինք նաեւ 3-րդ սերնդի ցանցի, այլ կերպ ասած՝ 3G-ի ընձեռած հնարավորության մասին: Այս ցանցի շնորհիվ բաժանորդը հնարավորություն ունի օգտվել տվյալների փոխանցման ավելի արագ եղանակից: Բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից՝ իրենց հեռախոսի միջոցով:

3G ցանցի տակ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը շուկա մտցրեց նաեւ հատուկ «ֆլեշ քարտ»՝ «ՄՏՍ Կոննեկտ» կոչվող USB մոդեմը, որի մեջ տեղադրվում է «սիմ» քարտ: «Ֆլեշկան» միացնում ենք համակարգչին եւ այն արդեն ավտոմատ կերպով մուտք ունի ինտերնետ, ընդ որում՝ գերարագ կապի հնարավորությամբ: «ՄՏՍ Կոննեկտը» գործում է նաեւ 3G ցանցից դուրս՝ ընկերության ծածկույթի ցանկացած կետում, բայց արդեն՝ GPRS/EDGE համակարգի տակ:

3G-ի շնորհիվ մարդ նաեւ կարող է կատարել տեսազանգ, այսինքն՝ բաժանորդները զանգելիս կարող են նաեւ տեսնել միմյանց: Հաղորդակցության այս եղանակից օգտվելու համար նախ բջջային հեռախոսը պետք է համապատասխան հնարավորություն ունենա: Հանրապետության այն տարածքներում, որտեղ կա 3-րդ սերնդի ծածկույթ, հեռախոսը անմիջապես կմիանա 3G ցանցին: Նշենք նաեւ, որ այս ցանցը առայժմ գործում է Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Ռ. Յիրիկյանի հավաստմամբ. «Սա այս ծրագրի իրագործման 1-ին փուլն էր, արդեն սկսել ենք նաեւ 2-րդ փուլի աշխատանքները եւ ձգտում ենք ավարտել՝ տարին չավարտած: Մենք կընդլայնենք մեր 3G ցանցը բոլոր մարզկենտրոններում եւ առավել խոշոր բնակավայրերում: Իսկ 3-րդ փուլում արդեն՝ 2010-ին, ծրագիրը կներդրվի ամբողջ Հայաստանի տարածքում՝ մինչեւ ամենահեռավոր գյուղերը»:

Պարոն Յիրիկյանի հավաստմամբ, 3G ցանցում ձայնային եւ ինտերնետ կապի սակագները նույնն են, ինչ GPRS/ EDGE-ի դեպքում՝ 2005-ից ի վեր գործող GSM ցանցում եւ մատչելի են գործարարից մինչեւ ուսանող՝ բոլորի համար:

Ընկերության վրա ճգնաժամի ազդեցության վերաբերյալ «Առավոտի» հարցին էլ պարոն Յիրիկյանը պատասխանեց. «Ճգնաժամը մեզ համար մարտահրավեր է, որը կանգնած է մեր դարպասների մոտ, բայց մենք նրան ներս չենք թողնում: Մենք խաբելու եւ շրջանցելու ենք ճգնաժամին եւ ավելի եռանդով ու ավելի ոգեւորությամբ ենք շարունակելու աշխատել»: Ինչ վերաբերում է աշխատակիցների հնարավոր կրճատումներին, ապա պարոն Յիրիկյանը պատասխանեց. «Երբ մի ընտանիք բաղկացած է ծնողից եւ երեխայից, եւ այդ ընտանիքում ճգնաժամ է սկսվում, հայրիկը հրաժարվո՞ւմ է իր երեխաներից, իհարկե՝ ոչ: Մենք մի ընտանիք ենք, ճգնաժամի պատճառով ոչ մի աշխատակից չի հեռացվելու, կհեռացվի միայն աշխատանքային խնդիրների հետ կապված»: Ռ. Յիրիկյանի կարծիքով, աշխատակից կրճատելով՝ ոչ մի գործարար չի կարող գումար խնայել. «Դա սխալ է, մի քիչ կարելի է գովազդային ծախսերից կրճատել, մի քիչ գործուղումներից, մի քիչ տրանսպորտի եւ այլ ծախսերից, եւ մեծ գումարներ կարելի է խնայել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել