Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ, ԹՌԱՎ ՍԼՈՎԱԿԻԱ

Հուլիս 04,2009 00:00

Կրքերը շարունակում են լարված մնալ մշակույթի նախարարի ու նրա ղեկավարած գերատեսչության շուրջ՝ ՎՊ բացահայտումներից հետո, ու Հասմիկ Պողոսյանն էլ գիտակցում է, որ սրանից ավելի վատ չի լինում: Բայց դա նրան չի խանգարում շարունակել զբաղվել նախարարական տուրիզմով, ինչը հրաշալի յուրացրել է պաշտոնավարման օրվանից սկսած: Օրերս էլ նախարարը մեկնել է Սլովակիա՝ «Շողակն» համույթի հետ, փոխանակ իր ղեկավարած գերատեսչությունը կարգի բերելու ու բարոյահոգեբանական մթնոլորտը մեղմելու: Մեր տեղեկություններով, տիկին Պողոսյանի նյարդերն արդեն չեն դիմանում, ինչի արդյունքում նա գոռգոռալով է խոսում ենթակաների հետ: Բայց մյուս կողմից էլ նախարարը հանգիստ է, որովհետեւ, ըստ համառ լուրերի, իրեն շուտով փոխարինելու է նախկին մշակույթի նախարար, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Հանգիստ է, որովհետեւ Հ. Պողոսյանը Սմբատյանի թիմից է, եւ վերջինս էլ տեղապահ ունի նախարարությունում՝ ի դեմս իր հորաքրոջ տղայի՝ նախարարության իրավաբանական վարչության պետ Արեգ Հայրապետյանի: Ավելին, Հասմիկ Պողոսյանին վերապահված է Ա. Սմբատյանի ճանապարհը «անցանկալի տարրերից» մաքրելու ու նրանց «յուրայիններով» փոխարինելու վեհ առաքելությունը, ինչ մասին բազմիցս գրվել է մեր թերթում: Օրինակ, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը հեռացվեց, սեւ ամպեր էին կուտակվել նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխին. հավանաբար նախարարը կարծում է, որ այդ տեղը շատ կհարմարեր Ա. Սմբատյանի որդու՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար: Բայց, ՀՊՖՆ-ի կոլեկտիվի հետ հանդիպումից հետո, Հ. Պողոսյանը համոզվեց, որ ձեռնարկն անհույս է: Մնում է այլ «յուղոտ» պաշտոններ ազատել, եթե, իհարկե, դեռ մնացել են «չազատագրված» աթոռներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել