Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրոպական տարազով եւ քյավառցու սրտով»

Հուլիս 04,2009 00:00

Լեւոն Բլբուլյանը 60 տարեկան է

«Լեւոն Բլբուլյանը բանաստեղծ է՝ եվրոպական տարազով եւ քյավառցու ջերմ սրտով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ գործընկերոջ հոբելյանի առիթով: Լ. Անանյանի խոսքով, հոբելյարը, սերելով հայ գրականության դասական ակունքներից, զարմանալիորեն հավատարիմ մնաց իր ոճին ու գեղագիտությանը՝ երբեք տուրք չտալով փորձարարական պոեզիային. «Նա հասարակական ժամանակի շունչը պարփակեց իր ստեղծագործութունների մեջ եւ բերեց առանձնահատուկ բլբուլյանական որակներ»: Գործընկեր լինելուց զատ, նա նաեւ վստահելի ու մտերիմ մարդ է, հավաստիացրեց ՀԳՄ նախագահը. «Գրական միջավայրում նա լավ ընկեր է ու ներդաշնակություն տարածող մարդ, ինչը ոչ բոլորին է բնորոշ»:

Օրերս Կամերային երաժշտության տանը հայ մտավորականներին համախմբել էր գրող, թարգմանիչ, ռադիոլրագրող Լեւոն Բլբուլյանի 60-ամյակին նվիրված միջոցառումը: Հոբելյարը հոբելյանի առիթով նվեր ստանալու հատուկ ակնկալիքներ չուներ, բայց հատուկ նվեր իր ընթերցողներին պատրաստել էր: «Ծրագրել էի քառյակներիս նոր ժողովածուի տպագրությունը՝ մինչեւ 60- ամյակս, մտածեցի՝ դա լավ նվեր կլինի ընթերցողներիս համար, նվիրեցի ու նվեր ստացա Ավ. Իսահակյանի անվան մրցանակը»,- ասաց Լ. Բլբուլյանը: Իսկ հաջորդ նվերը կլինի տարբեր տարիների գրված բանաստեղծությունների, թարգմանական աշխատանքների ու երգերի տեքստերի ամփոփումը մեկ ժողովածուի մեջ, որը նախատեսվում է մինչեւ տարվա վերջ: Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունների առաջին հայ թարգմանիչը առաջիկայում եւս կշարունակի նրա բանաստեղծությունները թարգմանել: «Ինձ հոգեհարազատ են հատկապես Ախմատովայի ու Վիսոցկու ստեղծագործությունները, եթե առաջինը ինձ մտերիմ է ստեղծագործական թեմաների առումով, Վիսոցկին՝ ճիշտ հակառակը, շատ տարբեր է ու հենց դրանով էլ գրավիչ»,- պատմեց բանաստեղծը:

Գրողների միջազգային ընկերակցության վերջին համագումարին նրա ուշադրությանն է արժանացել երիտասարդ ժամանակակից գրող Իվան Պերեվերզին: Լ. Բլբուլյանը նախատեսել է առաջիկայում հայ ընթերցողի դատին հանձնել Պերեվերզու ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը:

Վաստակի համար եւ 60-ամյակի առիթով ՀԳՄ նախագահը Լ. Բլբուլյանին հանձնեց պատվո մեդալ: Ոսկե մեդալն էլ մշակույթի նախարարի հրամանով բանաստեղծին հանձնեց նախարարության արվեստի բաժնի պետի տեղակալ Կարո Վարդանյանը: «Նրա պոեզիան երաժշտական հատկանիշներով է օժտված եւ ամեն բանաստեղծություն մի գողտրիկ երգ է. իր խառնվածքով խիստ արդիական ու գրականության մեջ՝ իսկապես բլբուլ»,- նշեց պարոն Վարդանյանը: Այս տարին բլբուլյանական է լինելու. առաջիկայում նախատեսվում է նաեւ համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել