Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ

Հուլիս 04,2009 00:00

Տնօրենն առաջարկում է թանգարանի նոր շենք կառուցել եւ ոչ թե նորոգել հինը

Պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերն ունեն բացառիկ գիտամշակութային արժեք, կենտրոնացված են Շիրակի երկրագիտական թանգարանում: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության, փաստավավերագրական նյութերի, hնատիպ գրականության հավաքածուներում: Թանգարանը 1987-ից տեղավորված է մի փոքրիկ շենքում, ուր չկան նվազագույն պայմաններ նորմալ աշխատանքային գործընթաց կազմակերպելու համար, նույնիսկ ջուր եւ կոմունալ հարմարություններ, իսկ 1988-ի երկրաշարժից հետո՝ վթարային է, մասնակիորեն է ամրացվել եւ հիմնականում ծառայում է որպես զետեղարան: Առկա պայմաններում անհնարին է նյութերի պահպանման ջերմախոնավային ռեժիմի ապահովումը: Տարեցտարի ավելանում են Շիրակի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերը, բայց թանգարանի շենքային պայմանները խոչընդոտում են նոր նյութերի ընդունման գործընթացը:

Համապատասխան պայմանների բացակայության պատճառով թանգարանն այսօր չունի ցուցադրություն, եւ տասնյակ հազարավոր ցուցանմուշներն անմատչելի են լայն հասարակությանը, դուրս են մնում մշակութային եւ գիտական շրջանառությունից: Թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանն այս առիթով նշում է, որ չնայած դժվարին պայմաններին, թանգարանը նյութերին ծանոթանալու եւ նյութերի հետ աշխատելու պայմաններ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներից ժամանող մասնագետների՝ հնագիտություն, ազգագրություն, արվեստ, թանգարանագիտություն ուսումնասիրող ուսանողների եւ զբոսաշրջիկների փոքր խմբերի համար: Բացի այդ, թանգարանը կարողանում է իր ցուցանմուշները ներկայացնել աշխարհին՝ տարբեր ցուցահանդեսների ընթացքում: Թանգարանի տնօրենը պատմում է, որ 2007 թ. այս թանգարանը միակն է եղել հանրապետության մարզային թանգարաններից, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում երկու քաղաքներում՝ Սան Ռաֆայել եւ Ռուան, ինքնուրույն կազմակերպել է «Հայաստանի լեռներում՝ 500 000 տարվա պատմություն» մեծ ցուցահանդեսը, ուր ներկայացված է եղել ստորին քարի դարից մինչեւ քրիստոնեություն ժամանակաշրջանների Շիրակի նյութական հոգեւոր մշակույթը:

Այն հարցին, թե նորմալ գործունեության համար ինչպիսի՞ պայմաններ պետք է ունենա այսպիսի հարուստ պատմամշակութային արժեքներ պարունակող թանգարանը, տնօրեն Համազասպ Խաչատրյանը պատասխանում է. «Ըստ իմ հաշվարկների՝ թանգարանի շենքը պետք է ունենա շուրջ 2000 քմ ցուցադրական տարածք, ժամանակավոր ցուցադրությունների ցուցասրահ, հիմնական, նախնական եւ գիտաօժանդակ ֆոնդերի համար ընդարձակ զետեղարաններ, ռեստավրացիոն լաբորատորիա, աշխատասենյակներ եւ օժանդակ տարածքներ: Նկատի ունենալով, որ թանգարանի ֆոնդերն անընդհատ աճում են (ներկայումս մշակման փուլում է գտնվում մոտ 6000 նյութ), զետեղարաններին անհրաժեշտ է նվազագույնը 1000 քմ տարածք»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ելքը, ըստ պարոն Խաչատրյանի, հետեւյալն է. «Որպես թանգարան նախագծված շենք կառուցել, որը շատ ավելի հեռանկարային է եւ էժան, քան որեւէ վթարային շենքի ամրացումը եւ հարմարեցումը: Գյումրիի կենտրոնական մասում կան քանդված շենքերի տեղում առաջացած հրապարակներ, որոնք շատ հարմար են թանգարանի շենքի կառուցման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել