Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թեկուզ ինձանից նեղանան»

Հուլիս 04,2009 00:00

\"\"Գիտության պետական կոմիտեի նախագահը բարձրաձայնում է, որ ԿԳ նախարարությունը գիտական խնդիրներով չի զբաղվում:

Որպեսզի մեր երկրում գիտությունը զարգանա՝ անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ ֆինանսավորում, ինչպես նաեւ մասնավոր՝ գործարար հատվածի շահագրգռում եւ ֆինանսավորում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա ներկայացմամբ՝ շատ կարեւոր է, որ գործարարներն էլ սկսեն ինչ-որ բաներ պատվիրել տեղական գիտնականներին: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչապետն էլ իր կողմից գործարարներին է կոչ անում նորագույն տեխնոլոգիաներ օգտագործել արտադրությունում, որպեսզի մրցունակ ապրանք արտադրեն, «Առավոտը» պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ մինչ օրս որեւէ գործարար դիմե՞լ է գիտնականների օգնությանը, կամ գիտնականներն իրենք ինչ-որ նորարարություն առաջարկե՞լ են գործարարներին, ինչին ի պատասխան՝ կոմիտեի նախագահն ասաց, որ չնայած մի քանի մանր-մունր համաձայնագրեր կամ պայմանագրեր եղել են բիզնեսմենների եւ գիտնականների միջեւ, սակայն մեծ հաշվով մեր բիզնեսմենները չեն վստահում հայաստանյան գիտնականներին. «Ամբողջ խնդիրն այն է, որ ոլորտը համակարգված չէ: Գիտական արդյունքների առեւտրայնացումը մեզ մոտ համակարգված չէ: Պատճառն այն է, որ մեր բիզնեսմենները գիտությանն ուղղակի չեն վստահում՝ վատ մենեջմենտի պատճառով, այս ոլորտի մենեջմենտը կաղում է, եւ գիտական արդյունքները վստահելի չեն, քանի որ սարքավորումները, որով այսօր գիտական հիմնարկներում աշխատում են, շատ հին են, դրանք թարմացման կարիք ունեն: Պետք է միջոցներ գտնենք, որպեսզի ժամանակակից սարքավորումներ ձեռք բերվեն: Բայց ամենակարեւորը, կրկնում եմ՝ ճիշտ մենեջմենտն է, որպեսզի կարողանանք մեր արդյունաբերողին կամ ձեռներեցին ցույց տալ եւ ապացուցել, որ մեր հայ գիտնականը կարող է շատ ավելի որակյալ եւ լավ արտադրանք տալ, քան դրսից ներկրվածն է»:

Պարոն Հարությունյանի վստահեցմամբ՝ այսօր ձեռներեցները հիմնականում դրսից են գնում սարքավորումները, ինչը շատ ավելի թանկ է, քան այն դեպքում, եթե Հայաստանում պատվիրեին:

Կոմիտեի նախագահի պատմելով՝ հայ գործարարները, եթե անգամ որոշում են տեղական գիտնականների մոտ իրենց անհրաժեշտ մի բան պատվիրել, հենց տեսնում են, թե գիտական ինստիտուտներում ինչ հնամաշ սարքավորումներով են աշխատում՝ մտափոխվում են: Պարոն Հարությունյանի խոսքերով՝ լավ կլինի մի ձեւ գտնել, որպեսզի ստեղծվի գիտության համար վենչուրային ֆոնդեր. «Դրանում ներգրավված պետք է լինի եւ պետությունը, եւ բիզնես-հատվածը, անհրաժեշտ է, որ պետութունը ռիսկային մասը իր վրա վերցնի, քանի որ ոչ մի բիզնեսմեն 100%-ով չի ուզում հովանավորել, ասում է՝ 80%-ը՝ ես տամ, 20%-ը՝ պետությունը»: Կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ 1992 թվականից մինչեւ հիմա գիտության ոլորտում ոչ մի լուրջ բան չի արվել. իներցիայով են աշխատել: Ընդամենը 2007-ից հետո որոշակի բարեփոխումներ են կատարվել: Կոմիտեի ստեղծումը բազմաթիվ գիտնականներ դժկամությամբ ընդունեցին, մեր այն հարցին, թե այսօր է՞լ են շարունակվում այդ «հարձակումները», պարոն Հարությունյանն ասաց. «Վերաբերմունքն աստիճանաբար փոխվել է, արդեն հաշտվել ենք եւ հարաբերությունները նորմալացել են: Պարզապես մի բան չէին ըմբռնում, որ գիտության կազմակերպման խնդիր է եղել, գիտությամբ գրեթե չեն զբաղվել: Մի պարզ բան չեն հասկանում, որ տնտեսության ցանկացած ոլորտ պետք է վարչարարություն ունենա: Օրինակ, գյուղատնտեսությունը նախարարություն ունի, առողջապահությունը՝ նույնպես: Գիտությունն էլ տնտեսության ոլորտ է, ուրեմն պետք է ունենա գիտության նախարարություն կամ կոմիտե, եւ տարօրինակ բան չկա, որ ստեղծվել է մի կառույց, որը այդ խնդիրներով է զբաղվում»: Հարցին՝ ի՞նչ է, ԿԳ նախարարությունը չի՞ զբաղվում գիտության խնդիրներով, պարոն Հարությունյանն ասաց. «Չեմ վախենում ասել, թող ինձանից նույնիսկ նեղանան, կրթության եւ գիտության նախարարությունը հիմնականում զբաղվում է դպրոցական խնդիրներով: Եթե զբաղվել էլ են, ոչ այնպես, ինչպես իրականում անհրաժեշտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել