Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԵՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հուլիս 04,2009 00:00

Այստեղ էլ են քաղաքացիները տուժում գործարարների՝ զվարճանքի կենտրոններ ունենալու ցանկությունից

\"\" \"\"
\"\"

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը հայտնի է ոչ միայն իր բարձրահասակ եւ հատկապես կովկասցի տղամարդկանց խելքահան անող ուկրաինուհիներով, Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Սոֆյայի եկեղեցիներով կամ հաճախ մայրաքաղաք Կիեւի խորհրդանիշը համարվող Ոսկե դարպասներով, Ուկրաինայի խորհրդարանի՝ Ռադայի, գեղեցիկ շենքով, Դնեպր գետի հրաշալի տեսարանով, այլ նաեւ հեղափոխությունների փորձ ունեցող քաղաքացիներով: «Առավոտի» աչքից Կիեւում էլ չվրիպեցին քաղաքացիներին հուզող դժգոհությունները: Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել այն երեւույթին, որ այս կամ այն օլիգարխը կամ ինչ-որ գործարար, ԱԺ պատգամավոր ցանկանում է այս կամ այն վայրում որեւէ սրճարան, բենզալցակայան կամ այլ «օբյեկտ» կառուցել: Եվ արդյունքում տուժում են քաղաքացիները: Այդ պատճառով նրանք կամ ստիպված վտարվում են իրենց բնակության վայրից, կամ էլ պարզապես զբոսնելու տեղ չեն գտնում սրճարանաառատ զբոսայգիներում: Կիեւում առաջին հայացքից քաղաքի բնակիչներն ուրախ եւ անհոգ են թվում: Ու հայերը, Կիեւի փողոցներով քայլելով այդ անհոգությունը տեսնելիս, առաջինն արտաբերում են հետեւյալ նախադասությունը. «Ախր հայերը չեն կարողանում այսպես անհոգ ապրել, կամ ամեն առիթ օգտագործել ուրախանալու համար»:

Քայլելով այս քաղաքի փողոցներով՝ կարելի է ամենուր հանդիպել չափից ավելի ջերմ ողջագուրված սիրահար զույգերի, երիտասարդ տղաների եւ աղջիկների խմբերի, որոնց մի ձեռքին գարեջրի շիշ է, մյուսին՝ ծխախոտ. նրանք անվերջ խմում ու ծխում են, անկաշկանդ ուրախանում, Կիեւի կենտրոնական հատված համարվող Կրեշչատիկ փողոցում գտնվող Ազատության հրապարակի շատրվաններն էլ ոչ թե ծառայում են միայն գեղեցկության համար, այլ ունեն նաեւ ֆունկցիոնալ նշանակություն: Կիեւի քաղաքացիները, որոնք հոգնել են կամ պարզապես շոգում են, հանգիստ կարող են հանել իրենց կոշիկները եւ մտնել շատրվանների տակ, հաճախ կարելի է հանդիպել քաղաքացիների, որոնք ոտքերը դրել են շատրվանների ջրի մեջ եւ գիրք են կարդում: Ինչ վերաբերում է շատրվաններին, ապա Կիեւի ջրի թանգարանի տնօրենի խոսքով, Կիեւի առաջին խմելու ջրի շատրվանները (նկատի ունի ցայտաղբյուրները) կառուցել են երեւանցիներ:

Մեր նկարագրած անհոգ միջավայրը չի նշանակում, որ Կիեւում կյանքը հարթ ու միագիծ է ընթանում: Այստեղ քաղաքացիները հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված ունեն իրարամերժ դիրքորոշումներ, սոցիալական բազում խնդիրներ:

Երեկ Կրեշչատիկ փողոցում գտնվող Կիեւի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին շուրջ 30 քաղաքացիներ եւ բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին: Երբ մոտեցանք նրանց՝ պարզելու, թե ո՞րն է քաղաքացիների դժգոհությունը, նրանք միանգամից հավաքվեցին մեր շուրջը: Երբ իմացան, որ ազգությամբ հայ եմ, խնդրեցին, որ հարզացրույց վերցնելուց հետո մի քանի րոպե սպասեմ, որպեսզի շփվեմ նաեւ իրենց բողոքական ընկերներից մեկի հետ, որը եւս հայ է եւ նույն դժգոհությամբ գտնվում է այլ պաշտոնական օղակում: «Առավոտը» լսեց ուկրաինացի քաղաքացիներին: Դժգոհությամբ քաղաքապետարանին դիմած քաղաքացիների անունից «Առավոտի» հետ զրուցեց Վալենտինա Իվանովան: Նա վրդովված ներկայացրեց իրենց դժգոհությունը. «Մեր ձեռքից ցանկանում են վերցնել մեր հողերը: Իշխանամետ դիրքորոշում ունեցող մի օլիգարխի՝ Վիկտոր Պետրովիչի մոտ հանկարծ ցանկություն է առաջացել զվարճանքի վայր կառուցել Ստիցինկո 39 հասցեում, որտեղ գտնվում է մեր ողջ տնտեսությունը: Մենք այնտեղ հող ենք մշակում, բանջարեղեն, մրգեր աճեցնում ու վաճառում: Այդպես ենք մեր հացը վաստակում, ինչն այժմ ուզում են վերցնել մեր ձեռքից: Բացի այդ, հողի մասին օրենքն ասում է, որ եթե տվյալ հողի վրա տվյալ անձն աշխատում է 25 տարի, ապա ոչ ոք իրավունք չունի դա վերցնել նրա ձեռքից: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել