Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինությունը վերացվել է «Առավոտի» օգնությամբ

Հուլիս 04,2009 00:00

\"\"«Առավոտի» այս տարվա հունիսի 4-ի համարի 8-րդ էջում տպագրված «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակման մեջ տողերիս հեղինակը ներկայացրել էր Տավուշ մարզի Ակնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Իրինա Մխիթարյանի բողոքը: Դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանը Իրինա Մխիթարյանին պարտադրել էր մայիսի 20-ին՝ մայիսի 31-ի ամսաթվով աշխատանքից ազատվելու դիմում գրել: Մինչ այդ՝ մարտին տնօրենի պահանջով ետին թվով փոխվել էր Մխիթարյանի հետ 2008 թվականի սեպտեմբերին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ այն մեկ տարուց դարձնելով 9 ամսվա: Հիշեցնենք նաեւ, որ դպրոցի տնօրենը տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ տալու մեր առաջարկին ի պատասխան՝ բառի բուն իմաստով հարձակվեց տողերիս հեղինակի վրա ու պատռեց լրագրողիս բլոկնոտը:

Դեպքից անցել է մեկ ամիս: Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանից, «Առավոտի» հրապարակումից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը իր մոտ է կանչել Էդիկ Թիրաբյանին եւ լսել նրա բացատրությունները: Մեր տեղեկություններով՝ տուժածներ չկան, բլոկնոտ կամ գրասենյակային որեւէ այլ գույք չի վնասվել: Մարզպետը դպրոցի տնօրենին հանձնարարել է վերականգնել Իրինա Մխիթարյանի հետ ուսումնական տարվա սկզբին կնքված՝ մեկ տարի ժամկետով պայմանագիրը: Իրինա Մխիթարյանը շարունակում է դպրոցում իր աշխատանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել