Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոռացվածները

Հուլիս 04,2009 00:00

Վանաձորի արվեստի քոլեջի շենքում սնկեր են աճում

\"\"Լուսանկարում պատկերված այս պատը Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ներսի պատերից մեկն է: Խոնավությունից պատերի վրա սնկեր են աճում, իսկ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ՝ խարխլում հիմքը: Վանաձորի արվեստի պետական քոլեջի շենքը (նախկինում՝ Երաժշտական ուսումնարան) 51 տարի չի վերանորոգվել: Ձմռանը շենքը չի ջեռուցվում: Դրա հետ մեկտեղ՝ շենքում նորմալ վիճակում չեն լուսամուտները: «Երեխաների մատները ցրտից ուռչում են, դաշնամուր նվագում են ձեռնոցներով, լարային գործիքների լարերը սառչում են, իսկ նման պայմաններում երգելը վնաս է ձայնին: Ստիպված ենք ձմռան ամիսներին դադարեցնել պարապմունքները, ինչը խանգարում է ուսումնական գործընթացին»,- պատմում է քոլեջի տնօրեն Արմինե Ասլանյանը:

Արվեստի պետական քոլեջը ֆինանսավորվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջոցներով: Բացի աշխատավարձերից, քոլեջը նախարարությունից այլ ֆինանսավորում չի ստանում: Աշխատավարձն էլ այստեղ շատ ցածր է: «Ես միշտ ամաչում եմ ասել իմ աշխատավարձի չափը: Ես ստանում եմ 30 000 դրամ: Երիտասարդները, տեսնելով երաժիշտների դրությունը, չեն ցանկանում ստանալ այդ մասնագիտությունը: Ես խոսում եմ դասական երաժշտության մասին, քանի որ այսօր շատ երգիչներ կան, ովքեր միայն երգում են, երաժշտական կրթություն չունեն»,- նշեց տիկին Ասլանյանը: Քոլեջի տնօրինությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել առկա խնդիրները, դիմել տարբեր կազմակերպությունների, սակայն արդյունքը հուսադրող չէ: «Այս տարի բացեցինք նաեւ երաժշտական դպրոց: Սա էլ մի միջոց է այս հաստատությունը պահպանելու համար: Ես չեմ ցանկանում, որ այն դատարկվի: Վանաձորի արվեստի քոլեջը Լոռու մարզի երաժշտական մայր կրթօջախն է եւ կարեւոր մշակութային դեր ունի: Շենքի կեսն արդեն պայմանագրով տրվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղին»,- նկատեց Արմինե Ասլանյանը: Նորաբաց երաժշտական դպրոցի սաների թիվը փոքր է, ինչպես քաղաքի մյուս երաժշտական դպրոցներինը: Վանաձորի թիվ 6 երաժշտական դպրոցում շենքային պայմանները նորմալ են, սակայն աշակերտների պակաս այստեղ էլ կա: Դպրոցում պարապում են միայն դաշնամուր, կա նաեւ ժողգործիքների խմբակ: Այլ երաժշտական գործիքների պահանջարկ չկա:

Երաժշտական դպրոցները տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ են: Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանի հետ զրուցել չկարողացանք՝ անընդհատ խորհրդակցությունների էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել