Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ՞

Հուլիս 04,2009 00:00

Արմավիրի մարզպետը վստահ է, որ պետք է պարզեցվի համայնքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը:

ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք բացեր՝ գլուխ պահող համայնքապետերին փրկում են պատասխանատվությունից: Խոսքն այս դեպքում նրանց անվստահություն հայտնելու մասին է: Համայնքապետին անվստահություն կարող է հայտնել համայնքի ավագանին, այդ որոշումը պետք է անցնի ՀՀ կառավարության մի շարք «սենյակներով»: Մի խոսքով՝ գործընթացն այնքան բարդ է, որ անգամ պետական կառույցները, որ դժգոհ են լինում այս կամ այն համայնքային իշխանությունից, ավելի շուտ կհամաձայնեն մի քանի տարի յոլա տանել չաշխատող համայնքապետին, քան երկար ու ձանձրալի ճանապարհ անցնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար:

Տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի 20 համայնքներ սեփական եկամուտների հավաքագրման 10%-ից ցածր եկամուտ էին ապահովել, ու մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին մինչեւ հունիս վերջնաժամկետ էր տվել հավաքագրումների նշաձողը բարձրացնելու համար: Հակառակ դեպքում՝ խոստացել- «սպառնացել» էր՝ անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն ասաց, որ շուտով կամփոփեն եռամսյակի արդյունքները. «Եթե համայնքի ղեկավարը պարբերաբար շրջանցում է պարտադիր լիազորությունները, օրենքը թույլ է տալիս նրա նկատմամբ կիրառել անվստահության մեխանիզմը»: Սակայն իր պարտականությունները չկատարող համայնքապետին անվստահություն հայտնելով պաշտոնանկ անելու նախադեպ՝ Արմավիրի մարզում դեռ չի գրանցվել, իսկ մարզպետ Ղահրամանյանը, որ մեխանիզմը գործի դնելու վճռականություն է ցուցաբերել, միեւնույն ժամանակ խոստովանում է, որ գործընթացն այդքան էլ հեշտ չէ: «Դա այնքան երկար պրոցես է, որ մինչեւ գործը հասնում է դատարան, համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Այստեղ, կարծում եմ՝ կա օրենքի բաց, որը պետք է լրացվի»,- ասաց Արմավիրի մարզպետը:

Վերջինս դրական է գնահատում մարզպետների գործունեության վերաբերյալ անցկացվող մոնիտորինգը, որի նպատակն է խոշորացույցի տակ առնել մարզերի ղեկավարների կատարած աշխատանքները՝ իշխանությունը կկարողանա որոշակի գնահատական տալ պաշտոնյայի գործունեությանը: «Իսկ մենք մինչեւ այսօր համայնքապետերի աշխատանքների գնահատման չափորոշիչներ չունենք: Մարդն ընտրվում է, եթե անգամ չի էլ աշխատում՝ երեք տարի ղեկավարում է: Սա ինչի՞ Է նման»,- հարցնում է մարզպետը: Ըստ նրա՝ վաղուց արդեն ժամանակն է համայնքապետերի աշխատանքների գնահատման չափանիշներ կիրառել, որոնց թվում կարող են լինել, օրինակ՝ «Համայնքի ղեկավարն առաջին հերթին պետք է կարողանա 100 տոկոսով հավաքագրել սեփական եկամուտները: Երկրորդ՝ հարգանք վայելի համայնքի բնակիչների շրջանում: Նա պետք է ղեկավար լինի ոչ թե այն զանգվածին, որն իրեն ձայն է տվել, այլ՝ բոլորին»:

Մարզպետի փոխանցմամբ՝ ինքը բողոքներ է ստանում, թե մի շարք գյուղապետեր խտրական վերաբերմունք են դրսեւորում՝ դիտավորյալ ձգձգում են տեղեկանքների տրամադրումը այն քաղաքացիներին, ովքեր, ըստ գյուղապետերի, իրենց օգտին չեն քվեարկել: Համայնքապետեր էլ կան, որոնք իրենց «առաքելությունն» են համարում սոսկ դոտացիա ստանալն ու աշխատավարձ բաժանելը: Նրանց ղեկավարած համայնքներում, որպես կանոն, առավել արտահայտված է սոցիալական լարվածությունը, մշտառկա են ոռոգման ու խմելու ջրի խնդիրները, իսկ աղբահանության հարցը երբեք օրակարգից դուրս չի գալիս:

Մարզի ղեկավարը կարծում է, որ եթե ՏԻՄ օրենքում համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հոդվածը չվերանայվի, չաշխատող ղեկավարների թիվը չի նվազի:

Հ. Գ. Համայնքապետերի խնդիրներից մեկն էլ սեփական եկամուտները՝ հողի հարկը եւ գույքահարկը, հավաքելն է: Աշոտ Ղահրամանյանի հետ զրույցը կայացել է մինչ հունիսի 30-ը: Իսկ ինչպես տեղեկացրել ենք «Առավոտի» հուլիսի 3-ի համարում, հունիսի 30-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը «անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների աշխատանքը՝ հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար եւ խիստ անբավարար է գնահատել 2009 թվականին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը Արմավիրի մարզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել