Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների, աշխարհում խոզի գրիպի սրընթաց արագությամբ տարածումը չի հաջողվում կասեցնել: Այս մասին խոզագրիպի վերաբերյալ ԱՀԿ-ի կազմակերպած միջազգային գիտաժողովում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ ՉԷնը: «Panorama.am»-ի տեղեկացմամբ, գիտաժողովին մասնակից մասնագետները նշել են, որ բավականին անհանգիստ է վիճակը հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում, առաջին հերթին՝ Արգենտինայում եւ Չիլիում: Նրանք կանխատեսել են նաեւ, որ վարակի տարածման առումով Եվրոպան մեծագույն խնդրի առջեւ կկանգնի ամռան վերջերին: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բըրնհեմի կարծիքով էլ, օգոստոսի վերջերին ամեն օր խոզագրիպով կվարակվի մինչեւ 100 հազար բրիտանացի: Եվրոպայում վիրուսով վարակվածների առումով՝ Մեծ Բրիտանիան առաջին տեղում է. այստեղ վարակվել է 7 հազար 500 մարդ: Երեկ Հնդկաստանում մահացել է նաեւ մի մարդ, ով հոսպիտալացվել էր վիրուսով վարակված լինելու կասկածանքով: 53-ամյա մարդը երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում եւ հունիսին վերադարձել հայրենիք:
Հիշեցնենք, որ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, փսխում:
ԱՀԿ-ն մարդկանց խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով եւ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության:
Հայաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մեր երկրում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: