ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հաճախ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ քրեակատարողական ծառայողներին զենքի կիրառման հմտություններին ծանոթացնելու եւ նրանց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները բարձրացնելու նպատակով:
Երեկ ԱՆ-ից տեղեկացրին, որ «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կազմակերպել եւ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է հատուկ ուսուցում, որն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում քրեակատարողական ծառայողներն ընդգրկվեցին տեսական դասընթացում, որտեղ նրանք ստացան գիտելիքներ զենքի տարբեր տեսակների, դրանց կառուցվածքների, առավելությունների ու թերությունների վերաբերյալ: Երկրորդ փուլում քրեակատարողական ծառայողներն անցել են կրակային պատրաստություն՝ հմտանալով դիպուկ եւ արագ կրակելու մեջ: ՔԿՀ աշխատակիցները հանձնել են ստուգարք: