Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աչքներդ լույս, իրաքահայեր

Հուլիս 04,2009 00:00

\"\"Արարատի Դարբնիկ գյուղում բացվեց սոցիալական տուն

Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչների 90%-ը փախստականներ են: Մոտ 20 տարի առաջ բռնագաղթել են Ադրբեջանից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից: Հենց իրաքցի հայերի համար էլ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղում սոցիալական տուն բացեցին, որտեղ 46 ընտանիք է բնակվելու: Եռահարկ շենքը գյուղի նախկին գյուղատնտեսության քոլեջինն է եղել: ՀՀ կառավարությունը 2008-ին շենքը տրամադրել է ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատարի գրասենյակին:

Տունը սարքելու համար գործի են անցել բոլոր շահագրգիռ կողմերը. կառավարությունը հոգացել է, որ շենքը գազ ու էլեկտրականություն ունենա, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2007-2008 թվականներին 69 մլն 500 հազար դրամ է տրամադրել սոցիալական տան շենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացման համար: Մինչ իրաքցի հայերին բնակարաններով ապահովելը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը լուծել է նաեւ նրանց կենցաղային խնդիրները եւ գումարի մի մասն էլ ծախսել է այդ նպատակով: Արարատի մարզի տեղական կառույցները զբաղվել են շենքի արտաքին ենթակառուցվածքներով:

Բնակարանները 1, 2 սենյականոց են, բազմանդամ ընտանիքների համար նախատեսել են մեկից ավելի բնակարան: Հինգ երեխա ունեցող Մունա Բարսեղյանը, օրինակ, ով 2 տարի վարձակալությամբ է ապրել, հիմա գոհ է, որ վերջապես հայրենիքում իրենց օջախն ունեցան: Իրաքից եկած հայ ընտանիքները սոցիալական տանը ապրելու են ինչքան կամենան, իսկ ՀՀ կառավարությունը խոստանում է 2010-ից հոգալ շենքի պահպանման ծախսերի մի մասը:

Հիմա տիկին Մունայի խնդիրը միայն ընտանիքը կերակրելն է. միակ կերակրողը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում աշխատող ամուսինն է: Սակայն բազմազավակ ընտանիքի բոլոր խնդիրները չեն կարող լուծվել մեկ աշխատողով:

Իրաքցի փախստականների համար սոցիալական տան բացման ժամանակ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզմունք հայտնեց, որ մինչեւ մարդը սեփական ապահով անկյուն չունենա՝ չի ինտեգրվի հասարակական կյանքին: Ու հիմա իրենք՝ ՎիվաՍելցիները, ամեն ինչ անում են, որպեսզի հայրենիք ներգաղթածներն իրենց տեր զգան ու իրենց երեխաների ապագան կապեն հենց Հայաստանի հետ: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օրինակն այդպես էլ վարակիչ չի դառնում, Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ դրա համար ժամանակ է պետք եւ համբերություն: Այդ դեպքում վկան կլինենք այն օրերի, երբ ոչ միայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, այլեւ այլ հայ գործարարներ եւս կորպորատիվ մտածելակերպ կունենան եւ անշահախնդրորեն ձեռք կմեկնեն նեղության մեջ գտնվող հայրենակցին: Ըստ Ռալֆ Յիրիկյանի, հասարակությանը ծառայություններ մատուցող ընկերության հաջողությունը պայմանավորված է հենց հասարակության վերաբերմունքով, ընկերությունների գրպանը մտնող գումարը գալիս է հասարակության գրպանից: Հարկ է չմոռանալ հասարակությանը, հեռվից չնայել, չափսոսալ՝ «այլ նետվել աշխատանքի հասարակության հետ, ունենալ կորպորատիվ պատասխանատվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել