Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԿՆԱՊԱՇԱՐՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Հուլիս 04,2009 00:00

\"\"Ըստ մասնագետների, պատճառն այն չէ, որ Սեւանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում, որ մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի:

Եթե Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման համար ընդամենը անհրաժեշտ էր, որ 2003-ից սկսած երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշի արգելել «լեւի» էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից արվող գիշերային գաղտնի ջրթողները, ապա լճի ձկնապաշարների վերականգնման խնդիրը շատ ավելի բարդ է: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գնահատմամբ, 80-ականների սկզբի ձկնապաշարների վերականգնման համար անհրաժեշտ կլինի 30-40 տարի: Ընդ որում, խոսքը ոչ թե լճում եղած սիգի առավելագույն պաշարների, այլ 83-ին գրանցված 11 հազար տոննա ցուցանիշի մասին է: Իսկ 1988-89թթ. Սեւանում երբեւէ եղած առավելագույն 30 հազար տոննա սիգի պաշարների վերականգնումը, ըստ մասնագետի, գրեթե անհնար է:

80 տարի շարունակ Սեւանա լճի ձկնապաշարների ուսումնասիրությունն իրականացրած կենտրոնի ղեկավարի խոսքերով. «Ճգնաժամային իրավիճակ է, փաստորեն մենք լճում այլեւս ձկան արդյունագործական պաշար չունենք: 89-ին լճում եղած 30 հազար տոննա ձուկը, որը 90-ականների ծանր տարիներին, ըստ էության, կերակրեց ողջ ազգը՝ հանդիսանալով շրջափակման մեջ գտնվող մեր երկրի պարենային անվտանգության հիմնական երաշխավորը, արդեն 2000-ին պակասեց մինչեւ 600 տոննա: Իսկ անցյալ տարվա տվյալներով, լճում սիգի պաշարները կազմում են ընդամենը 170 տոննա»:

Եթե էնդեմիկ (տեղածին) ձկնատեսակների վերացումը պայմանավորված էր լճի մակարդակի կտրուկ նվազմամբ ու ջրի որակի փոփոխությամբ, ապա սիգի վերացման հիմնական պատճառը ձկնագողությունն է: Չնայած դեռեւս 2005-ից գործող սիգի որսի արգելանքի ռեժիմին, այսօր էլ այդ ձկնատեսակը վաճառվում է շուկաներում: Բ. Գաբրիելյանի գնահատմամբ. «Լճի արդյունագործական պաշարները վերականգնելու միակ ձեւը որսի արգելումն է, բայց ոչ թե թղթի վրա, այլ՝ ռեալ: Հիմա էլ թղթի վրա որսն արգելված է, բայց, միեւնույն է, ինչքան կարողանում են՝ քամում են լիճը, վերացնելով վերջին պաշարները: Եթե սիգի որսն իրապես արգելվի, ապա 4-5 տարի անց կսկսվի պոպուլյացիայի վերականգնումը: Այսօր գոնե պետք է ձգտենք նրան, որ լճում սիգի պաշարները հասնեն առնվազն 2-3 հազար տոննայի»:

Մասնագետի խոսքերով, առայժմ գոյություն չունի սիգ ձկնատեսակի արհեստական վերարտադրության եղանակ: Եվ պնդումներն այն մասին, թե շուկաներում վաճառվող սիգն աճեցված է արհեստական ջրամբարներում, չի համապատասխանում իրականությանը: Առայժմ փորձարկումներ են արվում, տարբեր եղանակներ մշակվում, սակայն գոհացուցիչ արդյունք դեռեւս չկա. «Անգամ եթե հնարավոր լիներ սիգի մանրաձուկ աճեցնել եւ լցնել լիճը, միեւնույն է, դրանով հարցը չէր լուծվի, քանի որ հիմնական խնդիրն այն չէ, որ լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի»:

Սեւանի ձկնապաշարների մակարդակը ճգնաժամային է համարում նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նրա գնահատմամբ, այսօր Սեւանում կա ընդամենը մեկ արհեստական ձկնաբուծական ջրավազանի կարողություններին համապատասխան քանակի ձուկ: Իսկ դա նշանակում է, որ լիճը կանգնած է ճահճացման վտանգի առջեւ, քանի որ, եթե ջրում կերի քանակն ավելի շատ լինի, քան ձուկը, ապա կերային միկրոօրգանիզմների ավելցուկից՝ լճում կսկսվի նեխման-ճահճացման պրոցես: Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող մանրաձկների բացթողնման ամենամյա ծրագրին, ապա, բնապահպանի կարծիքով. «Բնապահպանության նախարարությունն իրեն գովազդում է, թե՝ տեսեք, լավ գործ ենք անում, եւ իրոք անում են, սակայն այդ գործը շատ հեռու է բավարար լինելուց: Միանշանակ, մանրաձկներ Սեւան բաց թողնելն անհրաժեշտ եւ օգտակար գործընթաց է, սակայն ասել, որ դրանով Սեւանի ձկնային պաշարները վերականգնվում են, դա, կներեք, ոնց որ մարդու ձեռք առնեն: Նախ բաց թողնվող մանրաձկան քանակությունը՝ 2 կամ 3 հարյուր հազար հատ, շատ քիչ է, լճի համար նման քանակությունն ուղղակի աննշան է: Բացի այդ, մի բան է մանրաձուկ լցնելը լիճը, մեկ այլ բան, թե այդ մանրաձկան ո՞ր մասը կդառնա լիարժեք սեռահասուն ձուկ»:

Բնապահպանության նախարարությունում ներկայումս քննարկվում է նաեւ Սեւանի ձկնապաշարները նոր ձկնատեսակներով համալրելու ծրագիրը, որը, ըստ Բ. Գաբրիելյանի, անիմաստ է. «Մեր ունեցած ձկնատեսակները՝ եւ իշխանը, եւ սիգը, եւ կողակը, շատ թանկարժեք տեսակներ են: Արդեն իսկ լճի էկոհամակարգի մեջ լիարժեք իրենց տեղը գտած տեսակները թողնենք ոչնչանան՝ բերենք նո՞րը, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես կհարմարվի լճին: Մեզ մոտ խնդիրն այն չէ, որ մեր ձուկը չի կարողանում աճել, խնդիրն այն է՝ որ չեն թողնում աճի: Ուզո՞ւմ եք հիմա Բայկալից թառափ բերենք, միեւնույն է՝ չեն թողելու, որ աճի-բազմանա»: Հ. Համբարձումյանն էլ հատուկ նշեց, որ Սեւանի ձկնապաշարների խնդիրը բոլորինն է, եւ նախեւառաջ՝ տեղի բնակչության. «Մեր բնակչությունը եւս պետք է շահագրգռված լինի լճի ձկնապաշարների վերականգնման գործում, չպետք է որսա այդ մանրաձուկը, պետք է թույլ տա, որ այն դառնա սեռահասուն, ձվադրի, աճի նոր փոխարինող սերունդը, նոր հետո որսա արդեն հասուն ձկներին: Այլապես, այսօր անխնա ոչնչացնելով պաշարները, ինքն իրեն զրկում է վաղվա հացից»:

Բնապահպանական պետական տեսչության ձեռնարկած միջոցառումներին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել